Բնական է, որ կնոջ առաջին սեռական հարաբերությունն ուղեկցվում է արյան որոշակի արտազատումներով (որոշ դեպքերում կարող է չլինել), սակայն եթե Դուք շարունակում եք արյունահոսել հաջորդ սեռական հարաբերություններից հետո, դա նորմալ չէ եւ կարող է խոսել առողջական որոշ խնդիրների մասին:

Գինեկոլոգ Լին Սիմփսոնը նշում է, որ սեքսից հետո արյունահոսությունը կարող է մի քանի պատճառ ունենալ:

Դաշտան

Դաշտանին նախորդող եւ հաջորդող օրերին կարող է մի փոքր արյուն գալ, եւ դա նորմալ է, պետք չէ խուճապի մատնվել: Պարզապես պետք է չշփոթել ցիկլի օրերը:

Հեշտոցի չորություն

Սա նույնպես կարող է սեռական ակտից հետո արյունահոսության պատճառ լինել: Հեշտոցի չորությունը կարող է պայմանավորված լինել էստրոգենի քանակի նվազմամբ, որը սովորաբար  լինում է մենոպաուզայից (դաշտանադադար) հետո:

Եթե կինն էստրոգենի պակաս ունի, ապա բժիշկը կարող է բուժում նշանակել:

Ցերվիցիտ

Ցերվիցիտը արգանդի վզիկի ինֆեկցիոն ախտահարում է, որի ժամանակ նույնպես կինը կարող է արյունահոսել սեքսից հետո: Այս դեպքում եւս կարիք կա դիմելու բժիշկի:

Ցերվիկալ պոլիպ

Պոլիպը նորագոյացություն է, որն առաջանում է արգանդի պարանոցի վրա կամ ցերվիկալ խողովակում: Գրեթե բոլոր պոլիպները բարորակ են լինում: Սակայն երբեմն կարիք է լինում դրանք հեռացնելու՝ անկանոն արյունահոսությամբ պայմանավորված չարորակ բջիջների ռիսկայնության պատճառով:

Ցերվիկալ քաղցկեղ

Ցերվիկալ քաղցկեղ ունեցող կանանց 11 տոկոսը մինչ հիվանդության հայտնաբերումն ունեցել է արյունահոսություն: 

Ընդհանրապես, ցանկացած ոչ սովորական արյունահոսություն՝ լինի մեկ կաթիլ, թե ավելի շատ, պետք է անհանգստացնի կնոջը եւ ստիպի այցելել գինեկոլոգի:
 


Աղբյուրը՝ ClevelandClinic.org