Եթե կրծքագեղձում ցավեր ունեք, մի շտապեք դա կապել նորագոյացությունների հետ, հնարավոր է՝ Դուք պարզապես սխալ կրծկալ եք ընտրել: 

«Պացիենտների մեծ մասը, որոնք գալիս են ստուգման, անհանգստանում են, որ իրենց մոտ կարող է քաղցկեղ լինել, սակայն իրականում հազվադեպ է այդպես պատահում: Կրծքագեղձի քաղցկեղների միայն 5 տոկոսի դեպքում է, որ կարող է ցավ առաջանալ»,- ասում է գինեկոլոգ Ջենիֆեր Գրաբենստեթերը:

Կրծքագեղձում ցավերի այլ պատճառներ կան, որոնք կնոջ մոտ կարող են դիսկոմֆորտ առաջացնել: 

Կրծքի շրջանում ցավերը, ծանրության զգացողությունը հիմնականում նախորդում է դաշտանային ցիկլին: Դուք կարող եք նկատել նաեւ, որ այդ ընթացքում կուրծքն ուռում է: 

«Եթե ցավը զգացվում է միաժամանակ երկու կրծքում, սովորաբար անհանգստանալու կարիք չկա: Ցավն անցնում է դաշտանի ավարտից հետո», -ասում է բժիշկը: Սակայն կրծքագեղձում լինում են նաեւ ցավեր, որոնք կապ չունեն դաշտանային ցիկլի հետ, այլ կրծքի կառուցվածքի:

Խոշոր կրծքեր ունեցող կանայք առավել հակված են ցավեր ունենալ, քանի որ մեծ կուրծքը ձգում է դրա  ձեւն ապահովող թելերը, ինչն էլ կարող է ցավերի պատճառ լինել:

Մաստիտները, որոնք սովորաբար առաջանում են կրծքով կերակրման ընթացքում (ոչ միշտ), նույնպես կարող են ցավեր առաջացնել: 

Երբեմն կրծքագեղձում ցավերը բնավ կապ չունեն բուն կրծքի հետ, այլ կարող են կապված լինել կրծքավանդակի կամ ողնաշարի շրջանում ցավերի հետ:

Այնուամենայնիվ, ինչպե՞ս մեղմել կրծքագեղձի հատվածում ցավերը.

Փոխե՛ք Ձեր կրծկալը: Անհարմարավետ կամ ոչ Ձեր կրծքի չափերի կրծկալը նույնպես կարող է ցավեր առաջացնել: Պետք է հիշել, որ կրծքերը ժամանակի ընթացքում փոխում են իրենց ձեւը, հետեւաբար՝ հին կրծկալը կարող է այլեւս հարմար չլինել:

  • Եթե ցավը շատ ուժեղ է, կարող եք ցավազրկողներ խմել:
  • Տաք եւ սառը կոմպրեսները եւս կօգնեն մեղմել ցավը:
  • Սահմանափակեք ալկոհոլը եւ կոֆեինը, հետեւեք քիչ ճարպեր պարունակող սննդակարգի:


Աղբյուրը՝ WebMd.com