Եթե Դուք վերջերս եք մայրացել եւ ցանկանում եք կրծքով կերակրել Ձեր երեխային, ապա հավանաբար հարյուրավոր խորհուրդներ եք լսել Ձեր սնվելու վերաբերյալ: Սովորաբար այդ սննդակարգերը անհատական են լինում՝ հիմնված սեփական փորձի վրա, բայց ահա, թե ինչ են խորհուրդ տալիս մասնագետները ԿԿ մայրերին:

Եվ այսպես, ի՞նչ ընդգրկել եւ ի՞նչ բացառել սննդակարգից, եթե Դուք կերակրող մայր եք:

Ձուկ 

Ձուկը սպիտակուցի հրաշալի աղբյուր է, իսկ դրա որոշ տեսակներ օրգանիզմն ապահովում են օմեգա 3-ով, որն այնքան անհրաժեշտ է մեզ: Սակայն պետք է խուսափել այնպիսի ծովամթերքից, որը սնդիկ է պարունակում:

Կծու համեմունքներ

Սիրո՞ւմ եք կծու սոուսներ: Որոշ երեխաներ կարող են նորմալ տանել այդ համեմունքները, սակայն եթե Ձեր երեխան գազեր ունի, կամ նման սնունդ ընդունելուց հետո երեխայի մոտ դիարեա է առաջանում, ապա ժամանակն է հանել դրանք սննդակարգից:  

Կանաչեղեն

Կանաչեղենի որոշ տեսակներ կարող են ազդել կաթի արտադրության վրա: Մաղադանոսն, օրինակ, կարող է նվազեցնել լակտացիան:

Թեյ 

Թեյը կոֆեին է պարունակում, որը կարող է ազդել Ձեր եւ երեխայի քնի վրա: Այն կարող է դժվարացնել նաեւ երկաթի յուրացումն օրգանզիմի կողմից, որն անհրաժեշտ է էներգիայի համար: Թեյ խմելիս աշխատեք երկաթ պարունակող սնունդ չընդունել:

Ջուր և գազավորված ըմպելիքներ

Կրծքով կերակրելու ընթացքում Դուք կարող եք սովորականից ավելի շատ ծարավ զգալ: ԿԿ ընթացքում կարող եք պարբերաբար ջուր խմել, բայց ոչ երբեք գազավորված, քաղցր ըմպելիքներ եւ բնական հյութեր: 

Ալկոհոլ

Երեխայի համար իդեալական է, երբ մայրիկը չի խմում, սակայն եթե, այնուամենայնիվ, ալկոհոլ եք օգտագործել, մինչ երեխային կրծքով կերակրելը գոնե երեք ժամ սպասեք, որպեսզի կաթն ամբողջությամբ մաքրվի ալկոհոլից:

Գազեր առաջացնող սնունդ

Որոշ մթերքներ, ինչպես օրինակ, լոբազգիները, կաղամբը, բրոկոլին, գազեր են առաջացնում, եւ եթե Ձեր երեխան գազեր ունի, ապա պետք է սահմանափակել նման սննդի ընդունումը որոշ ժամանակով:

Շոկոլադ եւ սուրճ

Այս երկուսն էլ կոֆեին են պարունակում, ինչպես թեյը եւ կոլան, սակայն եթե Դուք առանց Ձեր սիրելի լատեի օրը չեք պատկերացնում, ապա սահմանափակվեք օրական 2-3 բաժակ եռացրած սուրճով կամ առանց կոֆեին սուրճով:



Աղբյուրը՝ WebMD.com