Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) Հուզական այրման համախտանիշը (գերհոգնածություն) պաշտոնապես ճանաչել է որպես հիվանդություն, հայտնում է բրիտանական The Sun պարբերականը:
Որոշումը կայացվել է երկուշաբթի՝ մայիսի 27-ին, Ժնեւում կայացած վեհաժողովի ժամանակ:
Ըստ ԱՀԿ-ի՝ հուզական սպառումը տեղի է ունենում աշխատավայրում քրոնիկ սթրեսի հետեւանքով:
Հիմնական ախտանիշներն են՝
- անհանգսիտ քուն
- մարսողության հետ կապված խնդիրներ
- անընդհատ մտքեր՝ աշխատանքի մասին
- միայնության ձգտում
- տրամադրության կտրուկ փոփոխություն
- զարկերակային ճնշման տատանումներ
Հուզական այրման համախտանիշ (անգլ.՝ burnout) հասկացությունը հոգեբանության մեջ ներմուծվել է Հերբերտ Ֆրեյդենբերգերի կողմից՝ 1974 թվականին։
Դրսեւորվում է հետեւյալ կերպ՝
- աճող անտարբերություն սեփական պարտականությունների եւ աշխատավայրում կատարվող իրադարձությունների նկատմամբ,
- նեգատիվիզմ ինչպես այցելուների, այնպես էլ աշխատակիցների հանդեպ, սեփական մասնագիտական չկայացվածության զգացում,
- չբավարարվածություն աշխատանքով, անձի երկատման դրսեւորումներ, ե
- կյանքի որակի կտրուկ վատթարացում։
Այս վիճակի առաջացմանը նպաստում են միատեսակ եւ լարված օրակարգով աշխատանքը, հուզական լարվածությունը դժվար անձնակազմի հետ աշխատելիս։ Դրան նպաստում է նաեւ աշխատանքի դիմաց բավարար վարձատրության (ոչ միայն նյութական, այլեւ հոգեբանական) բացակայությունը, ինչն անձին ստիպում է մտածել, որ իր աշխատանքն արժեք չունի։