Հոկտեմբեր ամիսն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Doctors.am-ն արդեն ներկայացրել է կրծքագեղձի քաղցկեղի ժամանակակից ախտորոշման եւ բուժման տարբերակները: Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչպիսին պետք է լինի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կնոջ սննդակարգը:
Քաղցկեղի բուժումը կարող է հյուծիչ լինել. որոշ օրերին դուք կարող եք ձեզ լավ զգալ, որոշ օրերին՝ ոչ այնքան: Ձեր ախորժակը կարող է տատանվել, բացի այդ քիմիաթերապիան կարող է սրտխառնոց առաջացնել, փակել ախորժակը:
Կարեւոր է, որ կրծքագեղձի քաղցկեղ ունեցող մարդիկ ուշադրություն դարձնեն երկու բանի՝ կալորիաներին եւ պրոտեիններին:
Սպիտակուցների ընդունումը կարեւոր է մկանները տոնուսի մեջ պահելու համար, որը ձեզ անհրաժեշտ է բուժման ընթացքում, իսկ ճիշտ չափաբաժնով կալորիաները թույլ են տալիս կայուն պահել քաշը, չկուտակել ավելորդ կիլոգրամներ:
Այն մարդիկ, որոնք քաղցկեղի բուժման ընթացքում լավ ինքնազգացողություն ունեն, կարող են սնվել, այսպես կոչված, Միջերկրածովյան սննդակարգով: Այս սննդակարգն օրգանիզմն ապահովում է անհրաժեշտ կալորիաներով, պրոտեիններով եւ միկրոէլեմենտներով:
Սպիտակուցների հրաշալի աղբյուր են՝
- տավարի, հավի եւ ձկան միսը
- ձուն
- լոբազգիները, ընդեղենը
- պանիրը, կաթը, յոգուրտը
Քաղցկեղի բուժման ընթացքում սրտխառնոց ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ուտել փոքր չափաբաժիններով՝ օրական 5-7 անգամ, կամ փորձել ինչ-որ մի բան ուտել 2-3 ժամը մեկ: Խուսափել յուղոտ, կծու սննդից, վառ բույր ունեցող կերակրատեսակներից: Սրտխառնոցի ժամանակ մի քանի ժամը մեկ սնվել չոր կրեկերներով կամ չորահացերով:
Քաղցկեղ ունեցող անձանց սննդակարգում պետք է գերակշռեն մրգերն ու բանջարեղենը, նախապատվությունը պետք է տալ համեմատաբար քիչ կալորիաներ ունեցողներին, ինչպես նաեւ կանաչ եւ դեղին բանջարեղենին ու ցիտրուսային մրգերին՝ նարինջ, թուրինջ եւ այլ:
Ցանկալի է սննդակարգից բացառել վնասակար ճարպեր պարունակող մթերքը՝ դրանք փոխարինելով առավել օգտակար ճարպերով՝ ընկուզեղեն, արեւածաղկի սերմեր, ավոկադո, ձիթապտղի ձեթ:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland Clinic
Աղբյուրը՝ Doctors.am