Սովորաբար հետազոտվելու առիթ է հանդիսանում կրծքագեղձում արտասովոր գոյացության առկայությունը, որը հայտնաբերվում է բժշկի կամ հենց կնոջ կողմից ինքնազննման ժամանակ: Կրծքագեղձի քաղցկեղի կասկած կարող է առաջանալ նաև սկրինինգային մամոգրաման ուսումնասիրելիս, երբ դրա վրա երևում են պաթոլոգիկ միկրոկալցինատներ (կալցիումի շատ մանր կուտակումներ): Նման դեպքերում բժիշկը լրացուցիչ հետազոտություններ և միջամտություններ է նշանակում: Դրանք անհրաժեշտ են՝ պարզելու, արդյո՞ք հայտնաբերված գոյացությունը ուռուցք է, և եթե այո, ապա որքան է այն տարածվել:

Կրծքագեղձի քաղցկեղի վիզուալ ախտորոշման մեթոդներ 

Մամոգրաֆիա

Մամոգրաֆիան կրծքագեղձի ռենտգեն հետազոտություն է, որի ժամանակ ստացված ռենտգենյան նկարները կոչվում են մամաոգրամաներ: Դրանց վրա հնարավոր է տեսնել անգամ փոքր ուռուցքները կամ կրծքագեղձի կառուցվածքի շեղումները: Ախտորոշիչ մամոգրաֆիան հաճախ կատարվում է այն ժամանակ, երբ կինը որևէ փոփոխություն է նկատում իր կրծքագեղձում (օրինակ երբ առկա է պտուկներից արտադրություն): Սկրինինգային մամոգրամայի վրա հայտնաբերված փոփոխությունները նույնպես կարող են առիթ հանդիսանալ ախտորոշիչ մամոգրաֆիա կատարելու:

Ուլտրաձայնային հետազոտություն

Ուլտրաձայնային հետազոտության ժամանակ կրծքագեղձի հյուսվածքի պատկերը ստանում են բարձր հաճախականության ձայնային ալիքների կիրառմամբ: ՈւՁՀ-ն թույլ է տալիս տարբերակել պինդ գոյացությունը (հնարավոր քաղցկեղային ուռուցքը) հեղուկով լի կիստայից (որը սովորաբար քաղցկեղ չէ):

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա

Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) ժամանակ օրգանների մանրամասն պատկերները ստանում են ոչ թե ռենտգենյան ճառագայթների, այլ մագնիսային դաշտերի կիրառմամբ: Հնարավոր քաղցկեղի ավելի հստակ պատկերը ստանալու նպատակով կիրառվում է կոնտրաստային նյութ՝ հատուկ լուծույթ, որը ներմուծվում է երակների կամ բերանի միջոցով (խմելով): Կրծքագեղձի ՄՌՏ կարող է նշանակվել արդեն կրծգագեղձի քաղցկեղի ախտորոշումը իրականացնելուց հետո: Նման դեպքերում հետազոտության նպատակն է որոշել ուռուցքի տարածվածության աստիճանը և գնահատել մյուս կրծքագեղձի վիճակը: Կրծքագեղձի ՄՌՏ-ն ունի նաև այլ հստակ ցուցումներ:


 Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝  American Society of Clinical Oncology