Երբ ասում են՝ քաղցկեղը դատավճիռ չէ, դրանք դատարկ խոսքեր չեն և դրա մասին են վկայում շատ բժիշկներ և ապաքինված հիվանդներ: Մի՛ հանձնվեք, պայքարե՛ք, լցվե՛ք լավատեսությամբ ու ամենակարևորը՝ վստահեք ձեր բժշկին և ամեն բան լավ կլինի:

 

Հույզերի կառավարումը քաղցկեղի ժամանակ

Թեև յուրաքանչյուր ոք, իմանալով իր օրգանիզմում ուռուցքի առկայության մասին, ցնցում է ապրում, սակայն անհատական ռեակցիաները կարող են տարբեր լինել: Ձեր զգացմունքներն ու ռեակցիաները չեն կարող լինել ճիշտ կամ սխալ: Այնուամենայնիվ, գոյություն ունեն բազմաթիվ նմանատիպ հույզեր և ռեակցիաներ, որոնք բնորոշ են մարդկանց, երբ նրանք տեղեկանում են ուռուցքի գոյության մասին, ինչպես նաև բուժման ընթացքում և դրանից հետո: Դրանք են՝

  • վախ,
  • չարություն,
  • դեպրեսիա,
  • շփոթմունք,
  • մենություն,
  • արտասվելու ցանկություն, 
  • ախորժակի փոփոխություն,
  • ուշադրության կենտրոնացման դժվարություններ,
  • բարդություններ որոշումներ կայացնելիս,
  • դյուրագրգռություն,
  • իրականության զգացողության կորուստ,
  • իրադարձության ընթացքի նկատմամբ կորստի զգացում,
  • անտրամաբանական մտքեր,
  • թույլ սեռական ձգողություն կամ դրա բացակայություն:

Հնարավոր է՝ դուք զգաք այս ռեակցիաներից որևէ մեկը կամ բոլորը: Նման զգացմունքները գալիս և գնում են: Ձեր հուզական վերելքներն ու անկումները կախված են բազմաթիվ հանգամանքներից՝ բուժման փուլից, ինքնազգացողությունից, ինչպես նաև ձեզ առաջարկվող օգնության և աջակցության առկայությունից կամ բացակայությունից: Ինչ զգացմունքներ էլ որ ունենաք, կարևոր է հարգել սեփական փոփոխվող հույզերը և գիտակցել, որ դրանք բնական են: Նաև շատ կարևոր է կարողանալ արտահայտել սեփական զգացմույնքները՝ դրանք հոգու խորքում թաքցնելու փոխարեն: 


Որոշ հետազոտություններ վկայում են, որ սեփական զայրույթն ու տխրությունն արտահայտող հիվանդների բուժումն ավելի մեծ հաջողությամբ է ընթանում, քան այն հիվանդներինը, որոնք ճնշում են իրենց հույզերը:

Լուրջ տրավմայի ժամանակ հոգու տոկունությունը պահպանելու ձգտումը կենսական մեծ ուժ է պահանջում, որն ավելի նպաստավոր է ուղղել ապաքինմանն ու վերականգմանը: 

Խոսե՛ք ձեր խնդիրների մասին

Սեփական վիշտը կիսելու ունակությունը կարևոր քայլ է վերահսկողության զգացողության և ակտիվ դիրքորոշման ձեռքբերման ճանապարհին: Եթե դժվարանում եք խոսել, ապա փորձեք  գրել ձեր խնդիրների մասին: Ուռուցքային հիվանդություններից բուժվող բազմաթիվ մարդիկ փաստում են, որ սեփական վիշտն արտահայատելն ու այն հաղթահարելն ավելի դյուրին է այն մարդկանց շրջապատում, որոնք հասկանում են հիվանդի ապրումները: 
Օգնություն հայցեք ընտանիքից, ընկերներից, այն մարդկանցից, որոնք բուժվել և ապաքինվել են ուռուցքից, աջակցության խմբերից և համապատասխան մասնագետներից:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝  American Society of Clinical Oncology