Կեսարյան հատման առաջացման, ցուցումների և հնարավոր բարդությունների մասին ներկայացնում է գինեկոլոգ Անահիտ Սիրունյանը:
Այսօր «կեսարյան հատում» (“caecarea cectio” – «թագավորական հատում») տերմինը կամ բառակապակցությունը շատերին է հայտնի։ Այդպես էին անվանում ցավազրկմամբ, կնոջ կողմից առանց ջանքերի ծննդաբերությունը, որն իրականացվում էր որովայնահատման ճանապարհով։ Սակայն ծննդալուծման այս եղանակը հայտնի է անհիշելի ժամանակներից։ Ըստ հունական դիցաբանության, Ապոլոնը Ասկլեպիոսին մահացած մոր արգանդից դուրս էր բերել հենց այս եղանակով։ Չինական աղբյուրներն էլ են նշում որովայնահատմամբ երեխային արգանդից դուրս բերման եղանակի մասին։ Հրեական Slomo Jasbi տալմուդում խոսվում է այս եղանակի մասին, ուր ասվում է, որ կնոջ վերքը պետք է փակվի որովայնահատումից հետո (կարելի է ենթադրել, որ կինը ողջ էր մնում)։
Առկա են տեղեկություններ այն մասին, որ Հռոմի կայսեր Հուլիոսը հրամայել էր որովայնահատման եղանակով ծննդալուծել ծննդաբերության ժամանակ մահացող կանանց։
Մեզ հասած տվյալներով, մինչ 16-րդ դար որովայնահատումների արդյունքում բոլոր կանայք մահանում էին։ Հիշարժան է, որ առաջին հաջողված որովայնահատումը իր կնոջ վրա իրականացրել է շվեյցարացի Յակոբ Նուֆերը (զբաղվում էր խոզերի մալումով), որի արդյունքում երեխան և մայրը ողջ են մնացել։ Նրա վիրահատությունից հետո կինը ոչ միայն ողջ էր մնացել, այլև հետագայում ևս հինգ առողջ երեխա էր ունեցել։
Առաջին անգամ «կեսարյան հատում» (ԿՀ) տերմինն իր գրքում օգտագործել է Ժան Գոլլմոն՝ 1598թ-ին։
Պատմական ակնարկից հետո ներկայացնեմ ծննդալուծման այս եղանակի մասին որոշակի ժամանակակից տեղեկատվություն։
Եթե նախկինում ԿՀ կատարվում էր միայն երեխային փրկելու նպատակով, ապա առնվազն վերջին հարյուրամյակում այն իրականացվում է մոր և երեխայի առողջությունը և կյանքը փրկելու նպատակով։
Իմ և այլ մասնագետների պրակտիկայում հաճախ են դեպքերը, երբ երիտասարդ կանայք ամեն կերպ համոզում, խնդրում են ծննդալուծել իրենց ԿՀ եղանակով՝ վախենալով ծննդաբերական ցավերից կամ այլ ցանկություններից ելնելով։
Ուզում եմ հիշեցնել, որ ԿՀ վիրահատություն է, ու եթե նրա բարդություններն անհամեմատ ավելի քիչ են, քան 16-րդ դարում, ապա դա չի ենթադրում, որ բարդություններ չեն լինում ներկայում։
Բարդություններ կարող են լինել թե՛ մոր (արյունահոսություն, էմբոլիա պտղաջրերով, վարակաբորբոքային հետվիրահատական բարդություններ․․․), թե՛ մանկան մոտ (շնչական դիսթրես համախտանիշ․․․)։ Սա հղին պետք է գիտակցի ու տեղեկացված լինի։
Որպես կանոն, ԿՀ իրականացվում է բժշկական ցուցումներով (բացարձակ, հարաբերական)։
ԿՀ տոկոսը ծննդաբերություններում աճում է։ Պատճառներն են․
• 35 տարեկան և բարձր առաջնածինների քանակի ավելացումը
• Վերարտադրողական տեխնոլոգիաների ակտիվ ներդրումը
• ԿՀ տարած կրկնածինների քանակի ավելացումը
• Միոմաների հեռացումից հետո արգանդի խոռոչում սպիական փոփոխությունները
• Պտղի շահերից ելնելով ԿՀ ցուցումների ընդլայնումը։
Հարգելի հղիներ, սերտորեն համագործակցեք ձեր հղիությունը վարող մասնագետի հետ և եղեք առողջ։
Աղբյուրը՝ Doctors.am