Դինիտրոֆենոլը, որը հայտնի է որպես DNP, մարմնի քաշը նվազեցնող հայտնի միջոց է: Սակայն վիճակագրությունը խոսում է դրա վտանգավորության մասին: Մեծ Բրիտանիայում 2007 թվականից ի վեր մահացել է 5 մարդ: Դեղորայքն իրենից ներկայացնում է սինթետիկ միացություն, որը ժամանակին օգտագործվել է ներկերի, քիմիկատների, պայթուցիկների և պեստիցիդների արտադրության մեջ:
Որպես քաշ նվազեցնող միջոց՝ DNP-ն ի հայտ է եկել 30-ական թվականներից: Սակայն 1938-ին դրա կիրառությունն արգելվել է ԱՄՆ-ում՝ իր թունավոր ազդեցության պատճառով, նշում է Reuters-ը: Չնայած դրան, առ այսօր այս միջոցը կարելի է ձեռք բերել համացանցում: Այդ իսկ պատճառով դժվար է ասել, թե քանի մարդ է այն կիրառում: DNP-ն ակտիվորեն օգտագործում են այն մարդիկ, ովքեր զբաղվում են ֆիթնեսով, բոդիբիլդինգով և ցանկանում են արագորեն այրել ճարպային կուտակումները:.
Միացությունը թույլ չի տալիս, որպեսզի էներգիան կուտակվի ճարպի տեսքով: Ըստ բժիշկ Սայմոն Թոմասի՝ այն պարզապես մարմնից դուրս է գալիս ջերմության հետ: Մարմնի ջերմության նման բարձրացումը կարող է վնասել մկանների, երիկամների, գլխուղեղի բջիջները: Կողմնակի ազդեցություններից են փսխումը, մաշկի գույնի կորուստը, ցանը, շնչառության դժվարացումը, որովայնի շրջանի ցավերը, գլխացավերը, անհանգստությունը: Այս ամենը կարող է հանգեցնել շշմածության, էպիլեպտիկ նոպաների, երիկամային անբավարարության և ոսկրածուծի անբավարարության առաջացմանը: Սակայն, այս միջոցի օգտագործման հետևանքներն, ընդհանուր առմամբ, անկանխատեսելի են:
Ինչ վերաբերում է պաշտոնական վիճակագրությանը, ապա, օրինակ՝ Մեծ Բրիտանիայում 2002-2013թթ. գրանցվել է 33 դեպք կապված DNP-ի կիրառման հետ, որից 22- ը՝ 2013 թ: Սա նշանակում է, որ այս միջոցի ժողովրդականությունն ավելի է մեծանում: Հինգ հիվանդի մոտ թունավորումը եղել է ուժեղ (մարդիկ մահացել են), 12-ի մոտ՝ չափավոր, իսկ 10-ի մոտ՝ աննշան: Որքան բարձր է դեղորայքի չափաքանակը, այնքան թունավորման ռիսկը մեծ է: Ի դեպ անվտանգ դեղաչափ գոյություն չունի, ասում են բժիշկները:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Meddaily.ru