Դեմքի մաշկի խնամքը կարեւոր է տարվա յուրաքանչյուր սեզոնին, բայց հատկապես աշնանը կարիք է զգացվում լրացուցիչ խնամքի, որպեսզի մաշկը ձերբազատվի ամռան ընթացքում կրած վնասներից:
City Spa կենտրոնի էսթետիկ բժիշկ Աննա Արզումանյանը Doctors.am-ի հետ զրույցում ներկայացրեց պիլինգի մի քանի տեսակ, որոնք կօգնեն ազատվել վնասված մաշկից:

Ինչո՞ւ է աշնանն այդքան անհրաժեշտ պիլինգը:

Այն, ինչ արեւը, կեղտոտ օդը կամ սխալ սննդակարգը, քրոնիկ բորբոքումները հասցրել են մաշկին, պետք է վերականգնել հիմնականում աշնանը եւ ձմռանը: Գոյություն ունի մեխանիկական պիլինգ, երբ սկրաբով են հանում վնասված մաշկը: Նախընտրելի է, որ այն լինի մանր, որպեսզի չվնասի մաշկը: Ի դեպ, այն ինքնուրույն էլ կարելի է պատրաստել: Օրինակ՝ սուրճը աղալ խոշոր հատիկների, խառնել ձիթապտղի ձեթի հետ եւ մերսելով քսել մաշկին: Նմանատիպ սկրաբ կարելի է պատրաստել նաեւ ծովի աղը խառնելով ձիթապտղի ձեթի հետ: Կա նաեւ ֆերմենտատիվ (էնզիմային) պիլինգ, օրինակ լոռամրգով (клюква) կամ նռան հատիկներով: Նույնպես պետք է մերսելով քսել դեմքին, պահել 20 րոպե եւ լվանալ:

Քիմիկական պիլինգներն ավելի լուրջ են: Պրոցեդուրան արվում է տարբեր տոկոսայնությամբ թթուներով, որոնք քայքայում են մաշկի չորացած եւ վնասված շերտերը, որոնք երեք օրվա ընթացքում շերտազատվում եւ դուրս են գալիս: Մաշկը դառնում է ավելի թարմ, առողջ, առանց պիգմենտների:

Քիմիական պիլինգներից առանձնանում է, այսպես կոչված, դեղին պիլինգը, որն ավելի կանխատեսելի է: Այս պիլինգի ժամանակ արդյունքը հստակ է, իսկ մյուս թթուների դեպքում դու երբեք չես կարող իմանալ, թե այն որքան կխորանա, հետեւաբար՝ պացիենտին միշտ պետք է զգուշացնել, որ հնարավոր է՝ դեմքը մի քիչ կարմրի, տեղ-տեղ վերքեր առաջանան եւ այլն:

Ե՞րբ է պետք նախապատրաստվել քիմիական պիլինգին:

Իրավունք չունես խորը պիլինգ անել, եթե մաշկը նախապես չես պատրաստել: Ցանկացած լուրջ պիլինգից առաջ առնվազն 1-2 ամիս դու պետք է մաշկի բոլոր ֆունկցիաները վերականգնես, պետք է նշանակվի ճիշտ խնամք, որը կարթնացնի մաշկի բոլոր բջիջները, հակառակ դեպքում՝ արդյունքը դրական չի լինի:

Տարվա ընթացքում քանի՞ անգամ կարելի է քիմիական պիլինգ անել:

Քիմիական պիլինգ կարելի է անել տարին երկու անգամ՝ աշնանը եւ ձմռանը, բայց եթե խոսքը գնում է հաստ պիգմենտի, ատրոֆիկ սպիների մասին, մեկ պիլինգը ոչինչ չի տա:

Պիլինգից հետո ինչպե՞ս է պետք խնամել մաշկը:

Պարտաճանաչ կերպով պետք է արեւապաշտպան քսուք օգտագործել եւ հետեւել բժշկի մյուս ցուցումներին: Ես միշտ ասում եմ, որ  Հայաստանը բարձր սարերի գոտում է գտնվում, պետք է ամառ-ձմեռ քսել արեւապաշտպան քսուքներ եւ հետո միայն տանից  դուրս զգալ:

Ի՞նչ հակացուցումներ կան:

Եթե հիվանդը գիտի, որ այս կամ այն թթվից ալերգիա ունի, բնականաբար, քիմիական պիլինգը նրան հակացուցված է: Ցանկալի չէ նաեւ քիմիական պիլինգ անել հղի կանանց եւ կերակրող մայրերին:

Որքա՞ն արժե պիլինգը Հայաստանում:

Դեմքի մաշկի պիլինգի գները տատանվում են 10 հազարից մինչեւ 50 հազար դրամ:


Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը