Եթե ձեր երեխայի վիրահատության կամ բժշկական հետազոտության համար անեստեզիա է անհրաժեշտ, ապա ենթադրվում է, որ դրա հետ կապված շատ հարցեր կառաջանան: Յուրաքանչյուր ծնողի, առաջին հերթին, անհանգստացնում է՝ ինչպես երեխան կարձագանքի ընդհանուր անզգայացմանը:
Բարեբախտաբար, ընդհանուր անզգայացումը շատ ապահով է: Կարևոր է, որ և՛ դուք, և՛ ձեր երեխան նախապես տեղեկացաված լինեք գործընթացից՝ հոգեբանորեն պատրաստ լինելու համար:
Ինչպե՞ս նախապատրաստվել վիրահատությանը
Ձեր և երեխայի՝ վիրահատության հետ կապված նախապատրաստական աշխատանքները, լավ կլինի սկսել վիրահատությունից մեկ օր առաջ: Ի՞նչ անել.
Կարդացեք փաստաթղթերը: Վերանայեք երեխայի վիրահատող բժիշկների տված տեղեկությունները:
Շրջայց կատարեք հիվանդանոցում: Շատ երեխաներ վախենում են հիվանդանոցային միջավայրից: Շատ կարևոր է, որ վիրահատությունից առաջ երեխան շրջի հիվանդասենյակներով, ծանոթանա բժիշկների հետ՝ վախը կոտրելու համար:
Բացատրեք, թե ինչ է իր հետ պատահել: Պարտադիր չէ, որ երեխային ամենայն մանրամասնությամբ բացատրեք վիրահատության մանրամասները: Երեխայի տարիքը հաշվի առնելով՝ պատմեք նրան, թե ինչ է լինելու վիրահատության արդյունքում: Երեխաները վառ երևակայություն ունեն և կարող են մեծահասակների համար անսպասելի վախեր ունենալ: Այդ պատճառով նրանց բոլոր հարցերին պատասխանեք զգուշությամբ և համբերատարորեն, որպեսզի երեխան հասկանա, թե ինչ ակնկալիք ունենա:
Ի՞նչ սպասել վիրահատության օրը
Վիրահատության օրը բժիշկների թիմը կօգնի երեխային ավելի հարմարավետ զգալ, սակայ կան բաներ, որոնց մասին պետք է հոգան ծնողները.
- Սոված, փոքր-ինչ նյարդային երեխա: Ընդհանուր անզգայացումը պահանջում է ուտելու, խմելու որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, երեխան վիրահատությունից 8 ժամ առաջ մաքուր հեղուկից բացի որևէ այլ բան չպետք է ընդունի: Պատրաստ եղեք, որ երեխան դրա պատճառով կարող է դառնալ առավել նյարդային և պահանջկոտ: Վստահեցրեք նրան, որ վիրահատությունից ոչ շատ ժամանակ անց նա կկարողանա ուտել և խմել:
- Վիրահատությունից առաջ վերջնական ստուգում: Վիրահատության գոտի մտնելուց անմիջապես հետո դուք կհանդիպեք բժիշկների թիմին: Նրանք կհաստատեն երեխայի անձը և կքննեն վիրահատության մանրամասները՝ ներառյալ ընդհանուր անզգայացման տեսակն ու վիրահատությունից հետո վերականգման պլանը: Այս փուլում երեխայի տագնապը կարող է հասնել իր գագաթնակետին, խուճապի մատնվել պետք չէ, քանի որ բժիշկներն ու բուժքույրերը կհանգստացնեն երեխային:
- Դեղամիջոցներ, որոնք կօգնեն երեխային հանգստանալ: Սովորաբար վիրահատության գոտում գտնվելու ժամանակ բժիշկները երեխային տալիս են տագնապը հանող հաբեր, որը ազդում է րոպեների ընթացքում: Սակայն, տագնապը հանող դեղամիջոցները միակ լուծումը չեն. բժիշկները երեխային խաղաղեցնելու համար օգտագործում են նաև պլանշետներ, որի միջոցով կարող են մուլտֆիլմ նայել, երաժշտություն լսել: Թույլատրվում է նաև վիրահատական գոտի տանել երեխայի սիրելի խաղալիքը. դա երեխային կօգնի իրեն պաշտպանված զգալ: Տեղային անզգայացումն արվում է վիրահատարան մտնելուց անմիջապես հետո:
Ի՞նչ է կատարվում վիրահատությունից հետո
Վիրահատությունից հետո բժիշկները երեխային տանում են վերակենդանացման բաժանմունք: Դուք հնարավորություն կունենաք երեխայի մոտ լինել, երբ նա արթնանա: Պատրաստ եղեք տեսնել հետևյալը.
Շփոթված և հուզված երեխա: Որոշ երեխաներ արթնանում են շատ խաղաղ կերպով, բայց կարող է լինել նաև այնպես, որ երեխան լինի չափազանց գրգռված և շփոթված՝ հատկապես մինչև 5 տարեկանները: Հնարավոր է նաև զառանցանք լինի, սակայն պետք չէ վախենալ. այս վիճակը տևում է մի քանի րոպե:
Սոված և ծարավ երեխա: Սա սովորական իրավիճակ է: Երեխան 3 ժամ անց կարող է ուտել և խմել:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Cleveland clinic