«Երազի մի տարրը հարուստի, ամուսնացածի, առևտրականի համար կարող է ունենալ մի իմաստ, իսկ աղքատի, չամուսնացածի և հռետորի համար՝ բոլորովին այլ», - այս մասին գրել է Զ. Ֆրոյդը՝ նշելով, որ երազը կարող է ճիշտ մեկնաբանվել միայն այն դեպքում, երբ հաշվի է առնվում մարդու անձը, նրա կյանքի պայմանները և այլն:

Ըստ հոգեբանների՝ երազատեսությունը լիարժեք հոգեկան երևույթ է և կապվում է  ցանկության իրականացման հետ։ Հաճախ լավ երազից արթնանալով՝ փորձում ենք վերականգնել դրա կտրված ընթացքը: Այդ ժամանակ ինքներս ենք փորձում տրամադրել մեզ, թելադրել սյուժե:
Երազներին հավատալ կամ չհավատալ որոշում են մարդիկ, քանի որ դա սույբեկտիվ հարց է, բայց հաշվի առնել է պետք, որ չարժե չափից ավելի տարվել երազներով:

«Եթե մարդը չափից շատ է ֆիքսվում երազների վրա, հնարավոր է՝ հոգեկան շեղումներ լինեն: Այդ վիճակից դուրս գալու լավագույն միջոցը հարազատների աջակցությունն է: Եթե ընկերական զրույցը չի օգնում, անհրաժեշտ է դիմել մասնագետի»,-ավելացնում է հոգեբանը:

Գաղտնիք  չէ, որ փոքրերն ավելի շատ են  մղձավանջային երազներ տեսնում:

Պատճառը, ըստ հոգեբանի, կարող է լինել այն, որ ծնողները հաճախ բարկանում են նրանց վրա, անկյուն կանգնեցնում, պատժում և զրկում երեխայի համար արժեքավոր իրերից: Երեխային արգելում են ինչ-որ բան, բայց նա այդպես էլ չի հասկանում՝ որն է պատճառը:
Եթե երեխայի վրա նման վերաբերմունքը կոպիտ ազդեցություն է ունենում, ապա դա կարող է արտացոլվել մղձավանջային երազների տեսքով:

 


Աղբյուրը՝ Doctors.am
Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան