Դուք առանձնապես ակտիվ ֆիզիկական աշխատանք չեք անում, բայց Ձեզ սարսափելի հոգնած եք զգում ոչ միայն աշխատանքային օրվա ավարտին, այլեւ ամբողջ օրը եւ նույնիսկ հանգստյան օրերին… Ծանո՞թ վիճակ է: Եթե այո, ուրեմն, ամենայն հավանականությամբ, Ձեզ մոտ քրոնիկ հոգնածություն է:

Քրոնիկ հոգնածությունը շարունակական վիճակ է, որն առաջին հերթին արտահայտվում է վատ ինքնազգացողությամբ՝ պայմանավորված ֆիզիկական գերհոգնածությամբ, իսկ դրա վերականգնումը տեւում է շատ երկար: 

Մինչ օրս քրոնիկ հոգնածության համախտանիշի առաջացման պատճառները դեռեւս լիարժեք բացահայտված չեն, եւ աշխարհի շատ գիտնականներ շարունակում են հիպոթեզներ առաջ քաշել, թե ինչու են մարդիկ գանգատվում գերերկար տեւող հոգնածությունից: 

Լոնդոնի Թագավորական քոլեջի գիտնականներն իրականացրել են հետազոտություն, որի արդյունքներով պարզվել է, որ քրոնիկ հոգնածությունը հաճախ առաջանում է ուժեղ մրսածությունից կամ վիրուսային հիվանդություններից հետո: Հետազոտությանը մասնակցած 55 հոգուց 18-ի մոտ նկատվել է երկարատեւ հոգնածություն, ինչը թույլ է տվել ենթադրել, որ այն պացիենտները, որոնց մոտ քրոնիկ հոգնածություն է առաջացել՝ ի պատասխան վիրուսի, ունեցել են հիպերռեակցիայի հակված իմունային համակարգ:

Իսկ Կոլումբիայի համալսարանի գիտնականները կարծում են, որ քրոնիկ հոգնածությունն առաջանում է աղիների միկրոֆլորայի փոփոխության պատճառով: Նրանք համեմատել են առողջ եւ քրոնիկ հոգնածությունից գանգատվող մարդկանց աղիների միկրոֆլորայի եւ արյան քիմիական բաղադրությունն ու հայտնաբերել, որ քրոնիկ հոգնածություն ունեցող մարդկանց աղիների միկորֆլորայում առկա են մի շարք բակտերիաներ, որոնք ստիպում են օրգանիզմին պայքար մղել իրենց դեմ, ինչն էլ բերում է ֆիզիկական ակտիվության, ինչն էլ, իր հերթին, առաջանում է հոգնածություն:

Գրոնինգենի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետներն էլ կարծում են, որ քրոնիկ հոգնածությունը կարող է պայմանավորված լինել վահանձեւ գեղձի հորմոնների ցածր ակտիվությամբ: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ քրոնիկ հոգնածությամբ տառապող պացիենտների մոտ ցածր են եղել տրիյոդտիրոնին եւ թիրոքսին հորմոնները:

Քրոնիկ հոգնածության բուժման համար նախ պետք է իմանալ, թե ինչից է այն առաջացել: Եթե երկար ժամանակ գերհոգնածությունը չի անցնում, դիմեք բժիշկի:



Աղբյուրը՝ Doctors.am