Դաշտանային ցիկլը յուրաքանչյուր կնոջ մոտ կարող է ընթանալ յուրովի՝ պայմանավորված նրա ֆիզիոլոգիական վիճակով: Սակայն ուժեղ ցավը, առատ արյունահոսությունը կամ արյան մակարդուկների արտազատումը ոչ միշտ է նորմալ:

Clevelandclinic.org-ը գրում է, որ դաշտանի ժամանակ արյան մակարդուկների (ժելեանման թանձրուկ/լերդացած արյուն) արտազատությունը նորմալ է: Մակարդուկները կարող են լինել տարբեր չափերի, գույնի եւ ձեւի: Դրանց գույնը, որը կարող է տատանվել բաց կարմիրից մինչեւ շատ մուգ կարմիր, էական նշանակություն չունի, ինչպես չափերը: Բայց եթե դուք նկատում եք, որ արյան մակարդուկները չափից դուրս շատ են արտազատվում, հատկապես, եթե յուրաքանչյուր ժամը մեկ փոխում եք միջադիրը, ապա անհրաժեշտություն կա դիմելու բժիշկի:

Մեծ հաշվով, դաշտանի ժամանակ արյան մակարդուկները նորմալ են, բայց եթե դրանք ուղեկցվում են ուժեղ ցավով, սակավ արյունահոսությամբ, իսկ մակարդուկների չափերն էլ գնալով մեծանում են, ապա դա կարող է խոսել կնոջ մոտ առկա այլ հիվանդությունների մասին:

Երբեմն դաշտանի ժամանակ առատ արտադրությունը կարող է պայմանավորված լինել որոշ հիվանդություններով: Օրինակ՝ կնոջ օրգանիզմում ֆիբրոիդների, պոիլպների առկայությամբ, ձվազատման խանգարմամբ, վահանաձեւ գեղձի հետ կապված խնդիրներով, եւ շատ հազվադեպ՝ արգանդի վզիկի քաղցկեղով: Այս պարագայում նույնպես անհրաժեշտություն կա դիմել մասնագետի օգնությանը:

Դաշտանային ցիկլի խանգարումները կարգավորելու համար խորհուրդ է տրվում փոխել ապրելակերպը: Առաջին հերթին, մեծացնել ֆիզիկական ակտիվությունը եւ սնվել առողջ:


Աղբյուրը՝ Clevelandclinic.org