Աշունն աստիճանաբար իրեն զգացնել է տալիս՝ իր հետ բերելով ոչ միայն սառը օդ, քամի եւ անձրեւներ, այլեւ՝ ինֆեկցիոն հիվանդություններ: Գրիպն ու մրսածությունը սեզոնի ամենաարդիական հիվանդություններն են համարվում: Դրանք հատկապես մտահոգիչ են երեխաների պարագայում: Webmd.com-ը փորձել է պատասխանել մայրիկներին հուզող մի շարք հարցերի:

Ի՞նչ անել, եթե երեխան ջերմություն ունի

Եթե երեխան մինչեւ 6 ամսական է եւ բարձր ջերմություն ունի, ջերմությունը տեւում է երկու օրից ավելի, եւ եթե երեխան պատվաստված չէ, ապա պետք է դիմել բժիշկի: Մնացած բոլոր դեպքերում, որպես կանոն, ճիշտ է օգտագործել մանկական իբուպրոֆեն կամ ացետամինոֆեն: Երբեք պետք չէ երեխային ասպիրին տալ: Այն կարող է առաջացնել Ռեյի սինդրոմ. հազվագյուտ, բայց վտանգավոր հիվանդություն է, որը ախտահարում է լյարդը եւ ուղեղը:

Բարձր ջերմության դեպքում կարող է օգնել տաք ջրով լոգանքը: Երբեք մի ՛ օգտագործեք սառը ջուր, սառույց կամ էլ սպիրտով մերսում: Երեխային թեթեւ հագցրեք եւ վերմակներով մի ծանրաբեռնեք:
Պետք է անմիջապես բժիշկ կանչել, եթե երեխայի բերանը եւ լեզուն չոր են, ինչպես նաեւ՝ երեխան չի կարողանում ուտել: Տարիքով ավելի մեծ երեխայի՝ բարձր ջերմություն ունենալու դեպքում պետք է բժիշկի դիմել այն ժամանակ, երբ երեխան լավ չի միզում, չի կարողանում խմել: 

Ընդհանրապես, երբ է պետք դիմել բժիշկի

Առհասարակ, պետք է միշտ իմանալ, թե երբ է պետք դիմել բժիշկի: Բժիշկ կանչեք, եթե Ձեր երեխան մինչեւ 12 ամսական  է եւ Դուք կարծում եք, որ նա գրիպ ունի կամ բավականաչափ չի խմում կամ միզում, կամ եթե երեխայի քթից կանաչ կամ դեղնավուն հեղուկ է հոսում, եթե երեխան դժվարանում է շնչել, հրաժարվում է ուտել եւ խմել, մաշկին ցան է առաջացել:  

Արդյոք հավով արգանակն օգնո՞ւմ է երեխայի մրսածության ժամանակ

Այո ՛, որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ հավով ապուրը կարող է օգնել մեղմել բորբոքումները: Բացի այդ, այն սննդարար է եւ կարող է օգնել խուսափել օրգանիզմի ջրազրկումից:  Երեխային պետք է շատ հեղուկ տալ՝ ջուր, կաթ:

Ինչպե՞ս մեղմել կոկորդի ցավն ու հազը

Կոկորդի ցավը հիմնականում  առաջանում է մրսածության ժամանակ եւ տեւում է 4-5 օր: Երկու տարեկանից բարձր երեխաներին կարելի է առանց կոֆեինի տաք թեյ տալ կամ ջուր՝ 1/2  թեյի գդալ մեղրով եւ կիտրոնով: Մեկ տարեկանից բարձր երեխաների կոկորդի ցավը մեղմելու համար կարելի է նրանց մեկ թեյի գդալ հնդկաձավարի մեղր տալ: Մեկ տարեկանից ցածր երեխաներին չի կարելի մեղր տալ: Վեց տարեկանից բարձր երեխաներին կարելի է տալ կոնֆետ-հաբեր: Աղով տաք լոգանքը նույնպես կարող է օգնել: Դիմեք բժիշկի, եթե կասկածում եք, որ երեխան ստրեպտակոկ ունի: Կոկորդում ստրեպտակոկի առաջացումը սովորաբար չի ուղեկցվում մրսածության նշաններով:


Կարելի՞ է երեխային հազի եւ մրսածության դեմ դեղահաբեր տալ

Չի ՛ կարելի մինչեւ 4 տարեկան երեխային հազի եւ մրսածության դեմ դեղահաբ տալ առանց բժշկի նշանակման: Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ նման դեղահաբերը կյանքի համար վտանգավոր ազդեցություն կարող են ունենալ: Անգամ եթե մինչեւ 4 տարեկան երեխային հազը չի թողնում քնել, միեւնույն է, որեւէ հաբ տալ չի կարելի: 

Արդյոք պե՞տք է երեխային շարունակել դեղ տալ, եթե նա այն փսխում է

Եթե երեխան դեղը խմելու ընթացքում այն փսխում է, ապա պետք չէ անմիջապես նոր չափաբաժին տալ, քանի որ դուք չեք կարող իմանալ՝ երեխան որքանն է կուլ տվել: Ուստի նոր չափաբաժին տալով՝ ռիսկի կդիմեք: Միշտ պետք է հետեւել դեղի տուփի վրա գրված հրահանգներին, եւ եթե չափաբաժինը պետք է որոշել թեյի գդալով, ապա պետք է օգտագործել թեյի եւ ոչ թե ճաշի գդալ: Եթե երեխան իսկապես տանել չի կարողանում դեղի համը, հարցրեք Ձեր բժիշկին՝ արդյոք հնարավոր է այն խառնել երեխայի սիրելի ուտեստներից որեւէ մեկի հետ:
Ի դեպ, չի կարելի երեխային քնահարամ անել՝ դեղի հերթական չափաբաժինը տալու համար: Հիվանդության ժամանակ քունը խիստ անհրաժեշտ է երեխային: Սպասեք, մինչեւ նա կարթնանա:

Կարելի՞ է երեխաներին մեծերի համար նախատեսված դեղեր տալ

Երբեք չի կարելի երեխաներին տալ հաբեր, որոնք նախատեսված են մեծահասակների համար, անգամ հաբի կեսը, որովհետեւ մանկական դեղերը բոլորովին այլ չափաբաժիններով եւ բաղադրիչներով են: Օգտագործեք միայն դեղեր, որոնց վրա հստակ մակնշված է, որ դրանք երեխաների համար են:
Ի դեպ, երեխաների մոտ դեղը կոնֆետ չի կարելի անվանել: Պետք չէ նաեւ երեխաների ներկայությամբ  հաբ խմել: Հիշեք, որ նրանք սովոր են կրկնել այն, ինչ անում են մեծերը: 


Աղբյուրը՝  Doctors.am