Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում աշխարհի շատ երկրներ բժշկական մեթոդներից, պատվաստանյութերի մշակումից բացի նաև ներդրել են նորագույն տեխնոլոգիաները։ Վիրուսի տարածումը կանխելու նպատակով Հայաստանում ևս ստեղծվել են նոր հավելվածներ ու թարմացվել հին հարթակները։ «Հանրային իրազեկում և իրավագիտակցության բարձրացում» ՀԿ-ն թեման ուսումնասիրել է ու դիմել մասնագետների՝ հասկանալու համար «նորագույններից» ինչ, ինչպես, ինչու և որքան արդյունավետ է ներդրվել համավարակի դեմ պայքարում։
Covid-19 հավելվածը` ընդդեմ վիրուսի
Կորոնավիրուսի դեմ պայքարում ներդրված առաջին գործիքներից մեկը հայական հավելվածն էր։ Covid-19-ը ստեղծվել են հայ ծրագրավորողները։ Հավելվածն Android-ով 50,000-ից ավելի բեռնում ունի։ Covid-19-ում կցված են նաև պարետի որոշումները, նորություններ՝ կապված իրավիճակի հետ, կա նաև հանրային վերահսկողություն իրականացնելու հորդոր ու զեկույց գրելու հնարավորություն։ Կարելի է հակահամաճարակային վիճակի թեմայով մտահոգությունը գրել, կցել լուսանկար և ուղարկել պարետատուն։
Սակայն հավելվածի գլխավոր «առաքելությունն» այլ է․ այստեղ կարելի է համապատասխան տվյալներ լրացնելուց ու առողջական վիճակին վերաբերող մի քանի հարցի պատասխանելուց հետո հասկանալ՝ կա թեստավորվելու անհրաժեշտություն, թե՝ ոչ։
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Արթուր Պապյանի խոսքով՝ հավելվածն արդյունավետ գործիք կարող էր դառնալ համավարակի առաջին փուլում։
«Այն ժամանակին ստեղծվեց, մեր պոտենցիալը, այո՛, օգտագործվեց, բայց արդյունավետ լուծում կլիներ, եթե հավելվածը, տելեկոմների տվյալների մշակումը, այնպիսի արագությամբ և այնպես արվեր որպեսզի վարակն այսպիսի անկառավարելի տարածում չստանար։ Որոշակի արդյունավետություն կա, բայց, երբ թվերին նայենք, սա դառնում է արդեն խիստ կասկածելի»,-նշում է նա։
Մասնագետն ասում է՝ աշխարհում որպես համավարակի դեմ պայքարի միջոց ներդրված հավելվածները տարբեր մոդելների են՝ ավտորիտարից՝ մինչև ավելի լիբերալ․ հայկականը միջին մոդել է, սակայն հաջող աշխատելու համար անհրաժեշտ կլիներ, որ այն բոլորը ներբեռնեին։
Ինքնամեկուսացածների քարտեզով ու հավելվածը՝ էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» հարթակից
Հունիսի 18-ից ներդրվել է ինքնամեկուսացածների քարտեզը, յն ստեղծվել է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» ազգային օպերատորի կողմից։ Քարտեզը քաղաքացուն զգուշացնում է իր բնակավայրից մինչև 100 մետր շառավղով վարակակիրների ներկայության մասին։ Անձնական տվյալների պաշտպանության վարակակրի բնակավայրի ստույգ տեղը քարտեզի վրա չի նշվում։ Հուլիսի 24-ից արդեն երկրում ներդրվել է նույն քարտեզի ArMed eHealth բջջային հավելվածը։ Հավելվածում վարակակիրների դիրքը ժամը մեկ փոխվում է՝ մնալով նույն 100 մետր շառավղի շրջանակում։ Քարտեզի տվյալներն անընդհատ են թարմացվում՝ ներառվում են նոր վարարակիրները, դուրս գալիս արդեն առողջացածները։ Նոր հավելվածն արդեն նաև AppStore-ում է ու GooglePlay-ում։