Ամերիկացի գիտնականները մշակել են համակարգչային ծրագիր, որը հնարավորություն կտա հայտնաբերել կորոնավիրուսային վարակը հազի ձայնի և մարդու ձայնի փոփոխության միջոցով: Ստացվում է, որ լաբորատոր  հետազոտութուն կատարելու փոխարեն բավարար կլինի ընդամենը հազա՞լ սմարթֆոնի մեջ….

Այն որ, սմարթֆոնային ծրագրի միջոցով հնարավոր կլինի հայտնաբերել COVID-19-ը, ֆանտաստիկայի ժանրից է թվում, սակայն գիտնականների պնդմամբ սա լրիվ իրատեսական է և  շուկայում շուտով կհայտնվեն բջջային ծրագրային ապահովումներ, որոնք բարձր ճշգրտությամբ կհաստատեն կամ կհերքեն մարդու մոտ կովիդի առկայությունը:

COVID-19-ի ախտորոշման այս գաղափարը պատկանում է ԱՄՆ-ի Մասաչուսեթսի Տեխնոլոգիական համալսարանի երեք առաջատար ՏՏ մասնագետների: Նրանք 2020 թվականի ապրիլից մայիս ընկած ժամանակահատվածում հավաքել են 5320 մարդու հազի ձայնի և ձայնի նմուշներ: 4256 ձայնագրություն նրանք բեռնել են համակարգչի մեջ, որն արհեստական ինտելեկտի  նորագույն տեխնոլոգիայի՝ նեյրոնային ցանցի միջոցով վերլուծել է ստացված տվյալները:

Գիտնականները շեշտը դրել են այսպես կոչված ակուստիկ բիոմարկերների վրա, որոնք նախկինում արված հետազոտությունների ժամանակ հաջողությամբ հայտնաբերել են Ալցհայմերի հիվանդությամբ տառապող պացիենտներին:
Կորոնավիրուսային վարակը հայտնաբերող հետազոտության արդյունքները բավական հուսադրող էին: Ինչպես հայտնում են ծրագրի հեղինակներն իրենց հրապարակած հոդվածում /IEEE Open Journal of Engineering in Medicine and Biology/, ծրագրային ապահովումը հետազոտվող մարդկանց 83.5 տոկոսի մոտ, որոնք արդեն իսկ հիվանդ են եղել կորոնավիորսուով, հաստատել է վիրուսի առկայությունը:
Սակայն պետք է նշել, որ խնդիր է առաջանում կեղծ-դրական արդյունքների պատճառով, այսինքն, երբ ծրագիրը դրական պատասխան է տալիս այն դեպքում, երբ մարդը վարակված չէ:
Հատկանշական է, որ ծրագրին հաջողվել է կորոնավիրուս հաստատել այն հիվանդների մոտ, որոնց լաբորատոր հետազոտության արդյունքը դրական է եղել, սակայն նրանք որևէ ախտանշան չեն ունեցել: Սակայն պետք է նշել նաև, որ անախտանիշ հիվանդների գրեթե 17 տոկոսի մոտ, որոնց ծրագիրը դրական պատասխան է տվել, լաբորատոր արդյունքներով կորոնավիրուս չեն ունեցել:
Սա նշանակում է, որ ծրագրի ստեղծողները միանշանակ դեռ պետք է կատարելագործեն ծրագիրը, որպեսզի այն վստահելի լինի և լայն կիրառում ունենա: Այդ նպատակով այժմ էլ ծրագրային ապահովումը շարունակ թեստավորվում է լավագույն արդյունքի հասնելու համար: 

Այնուամենայնիվ, առողջապահության ոլորտի՝ օրեցօր տեղի ունեցող ինովացիաները ոգևորում են, քանզի ինչը ժամանակին բժշկության ոլորտում ֆանտաստիկա էր՝ այսօր մեր իրականությունն է:


Աղբյուրը՝ IEEE Open Journal of Engineering in Medicine and Biology