COVID-19. Ուռուցքաբան Դավիթ Զոհրաբյանի կարևոր խորհուրդը քաղցկեղ ունեցող հիվանդներին:

Բոլորս անհանգստացած ենք, և վարակի առաջընթացը կանխելու հիմնական միջոցը մնում է մեկուսանալը, մարդկային շփումների սահմանափակումը, յուրաքանչյուրիս սոցիալական բարձր պատասխանատվության զգացումը։ Խորհուրդ է տրվում տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում։ Իսկ ո՞րն է խիստ անհրաժեշտը։

Ի՞նչ խորհուրդ կարող ենք տալ մեր հիվանդներին, որոնք մինչ այս պահը պետք է իրենց բնականոն ռիթմով հաճախեին բժշկական հաստատություններ։ Գա՞ն, թե՝ ոչ։

Պետք է գնահատել ռիսկերը և՛ գալու, և՛ չգալու պարագայում։ Մենք դեռևս շարունակում ենք ընդունել և բուժել այն հիվանդներին, որոնց բուժման դադարեցումը կարող է ճակատագրական լինել և նվազեցնել ուռուցքային հիվանդությունից առողջանալու հավանականությունը։ Այն հիվանդներին, որոնց բուժման հետաձգումը չի վատթարացնի բուժման արդյունքները, խորհուրդ ենք տալիս մնալ տանը և չգալ հիվանդանոց։ Հորդորում ենք հիվանդներին չգալ պլանային այն հետազոտություններին, որոնք բուժական տակտիկական փոփոխություններ չեն մտցնելու և իրականացվում են երկարամյա հսկողության նպատակով։ Հիվանդանոց գալու դեպքում՝ վարակման վտանգը նվազեցնելու համար, յուրաքանչյուրը պարտավոր է հետևել համընդհանուր հիգիենայի կանոններին, որոնք ամեն օր բարձրաձայնվում են ամենուրեք։