COVID-19. Սրտաբան Հմայակ Սիսակյանի կարևոր խորհուրդները սրտանոթային հիվանդություններ ունեցողներին:
 
Սրտանոթային հիվանդություններ, մասնավորապես` սրտային անբավարարություն, հիպերտենզիա ունեցող, և հատկապես տարեց հիվանդները գտնվում են COVID-19-ի խոցելի խմբում: Շատ կարևոր է, որ այս ռիսկային խմբում գտնվողները հետևեն մի շարք կարևոր կանոնների.

  • խուսափել մարդաշատ վայրերից
  • խստորեն պահպանել հիգիենայի կանոնները (ձեռքերը լվանալ հաճախակի, առնվազն 20 վրկ, սնունդ կամ դեղամիջոց ընդունելուց առաջ, դրսից տուն վերադառնալուն պես, ձեռքերը չհպել դեմքին, պարբերաբար ախտահանել հաճախ օգտագործվող մակերեսները ):

Կորոնավիրուսը 10-15% տոկոս դեպքերում կարող է ախտահարել նաև սիրտ-անոթային համակարգը: Առաջացած բարդությունները կարող են արտահայտվել որպես ռիթմի խանգարումներ, սրտային անբավարության սրացում, սրտամկանի բորբոքային վնասում, կրծոսկրի շրջանում ցավերի դրսևորումով` համակարգային բորբոքման հետևանքով: Սրտային անբավարարություն ունեցողների մոտ կարող են սրանալ հիվանդության ախտանշանները` հևոց, այտուցներ, կարող են առաջանալ կրծքավանդակի ցավեր, որոնց դեպքում հարկավոր է դիմել բժշկի, սակայն ներկա պայմանները հաշվի առնելով, նախընտրելի է նախևառաջ օգտագործել կապի հեռահար միջոցներ` հիվանդանոցի կամ անձնական բժշկի հետ կապի դուրս գալու համար: Եթե լրացուցիչ հետազոտությունների կամ հոսպիտալիզացման անհրաժեշտություն լինի, ապա բժիշկն անպայման կասի ձեզ այդ մասին:
 

Սրտանոթային հիվանդություններ ունեցողների համար խիստ կարևոր է չդադարեցնել դեղամիջոցների ընդունումը, իսկ դեղամիջոցների ընդունման հետ կապված ցանկացած փոփոխություն պետք է կատարել միայն բժշկի հետ խորհրդակցելուց հետո:

Հիվանդները, որոնք ունեն կորոնավիրուսի նախանշաններ, բարդություններ վերին շնչուղիներում, գրիպանման հիվանդություն կամ արդեն կորոնավիրուսով դրական թեստավորված վարակակիր են, չպետք է ընդունեն ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ (օր. իբուպրոֆեն, պարացետամոլ) ջերմությունն իջեցնելու նպատակով: 
Եղած վիճակագրական տվյալները (Չինաստանի և Իտալիայի հետազոտական աղբյուրներից) ցույց են տվել, որ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոցներ ընդունած վարակակիրների մոտ վարակն ավելի բարդ դրսևորումներ է ունենում: 

Առկա դժվարին պայմաններում շատ կարևոր է խուճապի չմատնվել` ստեղծելով ավելորդ սթրեսային գործոն: Հարկավոր է խուսափել հատկապես տեղեկատվական սթրեսից և պարզապես հետևել վերը նշված խորհուրդներին ու կանոններին, ինչպես նաև մշտապես կապի մեջ լինել անձնական բժշկի կամ հիվանդանոցի հետ` հետագա բարդացումները վերահսկելու նպատակով:

 

Պատրաստեց Արմինե Սարգսյանը