Ամեն տարի աշխարհում ծնված 1000 երեխաներից 1-ից 4-ի մոտ ախտորոշվում է ՄՈՒԿ (մանկական ուղեղային կաթված)։ Խնդրի կարգավորման վիրահատական տարբերակի մասին զրուցել ենք «Ուիգմոր Քլինիք»-ի վնասվածքաբան-օրթոպեդ Դավիթ Սեկոյանի հետ։
-Բժի՛շկ Սեկոյան, նախքան մեր քննարկման բուն թեմային անցնելը, եկեք սահմանենք, թե ի՞նչ է մանկական ուղեղային կաթվածը։
-ՄՈՒԿ-ը մանկական հասակում գլխուղեղի վնասման հետևանքով առաջացող հիվանդությունների խումբ է։ Ընդ որում, այդ վնասումը պրոգրեսիվող չէ, այսինքն չի խորանում կյանքի ընթացքում։ ՄՈՒԿ-ն ուղեկցվում է հենաշարժիչ համակարգի բազմաթիվ խնդիրներով։ Ռիսկի գործոններն ավելանում են հատկապես վաղաժամ ծննդաբերության դեպքում (հղիության 22-37-րդ շաբաթների միջև ընկած ժամանակահատվածը)։ Այդ պարագայում 100-ից 10-ը երեխայի մոտ կարող է լինել այս ախտորոշումը։ Իհարկե, այլ պատճառներ ևս կան՝ պտղի ներարգանդային փուլում ունեցած ինֆեկցիաներ, տրավմաներ, թթվածնաքաղց, հղիության ընթացում առաջացած բարդություններ և այլն։
-Սովորաբար ինչպիսի՞ դրսևորումներ է ունենում ՄՈՒԿ-ը։
-Դրսևորումները շատ տարբեր են։ Սա կախված է գլխուղեղի ախտահարման աստիճանից։ Ըստ վերջույթների վնասման՝ հիմնականում տարբերակում ենք մոնոպլեգիկ (մեկ վերջույթի ախտահարում), դիպլեգիկ (առավելապես ախտահարված են երկու ստորին վերջույթները) և պաթեպլեգիկ (բոլոր վերջույթների ախտահարում) ձևերը։ ՄՈՒԿ-ի ամենատարածված դրսևորումներից են սպաստիկ և ատաքսիկ (ի հայտ է գալիս հավասարակշռության հետ կապված խնդիրներով), ինչպես նաև դիսկինետիկ ձևերը (բնորոշվում է անկանոն շարժումներով)։
-Բուժման ո՞ր մեթոդներն են կիրառվում առավել հաճախ։
-Հիմնականում կիրառվում է վերականգնողական բուժումը, որն օգնում է երեխաներին նոր հմտություններ սովորեցնել, զարգացնել մեծ և մանր մոտորիկան։ Օրթոպեդի դերը ժամանակ առ ժամանակ հսկելը և ուղղումներ մտցնելն է հենաշարժիչ համակարգի խնդիրների բուժման գործընթացում։ Իսկ երբ պահը հասունանում է, կարելի է քննարկել վիրահատության տարբերակը։
-Ասացիք՝ պահը հասունանում է, ո՞րն է այդ պահը, և արդյոք բոլորին է ցուցված վիրահատական միջամտության տարբերակը։
-Հիմնականում դրա կարիքը լինում է ՄՈՒԿ-ի սպաստիկ դրսևորումն ունեցող երեխաների պարագայում։ Սակայն մենք միշտ փորձում ենք սպառել բոլոր ոչ վիրահատական բուժման մեթոդները, իսկ եթե այդպես էլ չի ստացվում ստանալ տվյալ դիրքը անհրաժեշտ հոդում, սկսում ենք մտածել վիրահատության մասին։ Սա վերաբերում է քայլող երեխաներին, իսկ եթե երեխան քայլող չէ, ապա հետևում ենք ողնաշարին, որը հաճախ թեքվում է, և կոնքազդրային հոդի խնդիրներին, քանի որ չքայլող երեխաների մոտ մեծ է հոդախախտի զարգացման վտանգը, ինչն էլ հանգեցնում է կյանքի որակի կտրուկ վատացմանը։
-Իսկ ի՞նչ վիրահատության մասին է խոսքը։
-Վիրահատությունները շատ տարբեր են, պայմանականորեն կարող ենք հետևյալ բաժանումը կատարել՝ վիրահատություն ոտնաթաթի կամ ծնկի վրա, կոնքազդրային հոդի, ողնաշարի, ձեռքի հատվածում իրականացվող վիրահատություններ։ Տարբերակում ենք նաև փափուկ հյուսվածքի (ջլի երկարացում, տեղափոխում), ոսկրային, հոդերի անշարժացման վիրահատություններ։ Ընդ որում, փափուկ հյուսվածքի դեպքում հետվիրահատական ընթացքն առավել թեթև է, իսկ ոսկրայինի պարագայում գործ ունենք առավել բարդ վիրահատական միջամտության հետ։
-Ցանկացած վիրահատություն որոշակի ռիսկեր է ենթադրում։ Այս դեպքում ի՞նչ ռիսկային գործոններ կան։
-Հիմնական ռիսկը ռեցիդիվի՝ խնդրի կրկնության հավանականությունն է։ Սա պայմանավորված է նրանով, որ ավելի փոքր տարիքում կատարվող վիրահատության դեպքում (6-7 տ․), երեխայի զարգացման հետ մեկտեղ ոսկորները շարունակում են աճել, իսկ մկանները կարճ մնալ, հետևապես կարող ենք նույն խնդրի հետ կրկին բախվել։ Մյուս ռիսկն այն է, որ վիրահատության ընթացքում մենք չունենք հստակ չափումներ իրականացնելու հնարավորություն, ուստի հավանական է, որ շտկումը ստացվի չափից ավելի շատ։ Այս ամենին, իհարկե, կարող ենք գումարել նաև ցանկացած վիրահատության ընթացքում հնարավոր բարդությունները՝ ինֆեկցիաներ, արյան կորուստ և այլն։
-Նշեցիք, որ առավել վաղ տարիքում կատարված վիրահատությունը կարող է կրկնության վտանգ առաջացնել։ Իսկ ո՞ր տարիքն է առավել նպատակահարմար վիրահատության համար։
-ՄՈՒԿ-ի դեպքում վիրահատությունը ցանկալի է անել հնարավորինս ուշ, որպեսզի կատարվի մեկ անգամ։ Ոսկրային վիրահատությունների դեպքում ցանկալի է, որ երեխան հասունացման տարիքին մոտ լինի։ Տղաների դեպքում դա կարող է լինել 13-14 տարեկանը, իսկ աղջիկների դեպքում մեկ-երկու տարի շուտ։
-Ենթադրենք ունենք հիվանդ, որն արդեն վիրահատվել է։ Սովորաբար ի՞նչ ընթացք է ունենալու նրա համար հետվիրահատական շրջանը։
-Վիրահատությունից հետո առաջին հերթին փորձում ենք երեխային հնարավորինս քիչ պահել հիվանդանոցում, երկրորդը՝ ապահովել բավարար չափով ցավազրկում, որ երեխան հանգիստ լինի։ Անհրաժեշտության դեպքում անշարժացնում ենք վիրահատված վերջույթը, ինչը նպաստում է հետագա բարդություններից խուսափելուն։ Այնուհետ փորձում ենք երեխային հնարավորինս շուտ ակտիվացնել։ Եթե կատարված վիրահատությունը ոսկրային չի եղել, ապա մոտակա շաբաթների ընթացքում երեխան սկսում է քայլել։ Կցանկանայի նշել նաև, որ ՄՈՒԿ-ի դեպքում աշխատում է մի ամբողջ թիմ, որի մեջ մտնում է նաև երեխայի ընտանիքը, և մեր նպատակն է առավելագույնս հեշտացնել երեխայի կյանքը։
-Բժշկությունը շարունակ նոր աճ է գրանցում։ Հետաքրքիր է՝ ի՞նչ նորամուծություններ կան կապված ՄՈՒԿ-ի բուժման և վիրահատության հետ, որոնք կիրառվում են նաև Հայաստանում։
-Մենք փորձում ենք համահունչ լինել ընդհանուր զարգացման միտումներին։ Վերջին մի քանի տարիներին քայլող երեխաների համար սկսեցինք կիրառել աշխարհում արդեն ընդունված քայլվածքի լաբորատորիան, որտեղ կարող ենք գնահատել տվյալ պացիենտի քայլքի յուրաքանչյուր պարամետր և օբյեկտիվ ինֆորմացիա ստանալ։ Այլ կերպ ասած՝ հնարավոր է դառնում հստակ հայտնաբերել հենց տվյալ պացիենտի խնդիրները։ Իսկ նախապես լաբորատորիայի տվյալներն ունենալով՝ կարող ենք գնահատել վիրահատության արդյունքները։