Տրամադրության անկումը կամ առանց պատճառի լաց լինելը խոսում է ինչ-որ խնդրի մասին: Եթե ամեն-ինչ հոգնեցնում է ու ոչ ոք չի հասկանում ձեզ, չեք ուզում շփվել, ուզում եք մնալ անկողնում, ապա այս ախտանիշները խոսում են, որ ձեզ մոտ, հավանաբար, դեպրեսիա է: Սա կարող է ազդել նաև սրտի աշխատանքի վրա:
Սրտային հիվանդությունների ու դեպրեսիայի միջև կապի վերաբերյալ առաջին հրապարակումները եղել են 1980-ականների վերջին: Հետագա հետազոտությունները ցույց են տվել, որ դեպրեսիան կարող է պատճառ հանդիսանալ սրտի հետ կապված խնդիրների առաջացման համար: Կան որոշակի ակնհայտ պատճառներ, թե ինչու են դեպրեսիայից տառապողները ավելի հակված սրտային հիվանդություններին՝
• նման մարդիկ ավելի շատ են ծխում, չարաշահում ալկոհոլային խմիչքներն ու խուսափում ֆիզիկական ակտիվությունից,
• նրանք սովորաբար չեն ընդունում անհրաժեշտ դեղամիջոց, եթե արդեն տառապում են սրտի հիվանդություններից,
• հոգեկան սթրեսը, որն ի հայտ է գալիս դեպրեսիայի հետ մեկտեղ, կարող է նպաստել անոթների պատերին վահանիկների ձևավորոմանը,
• դեպրեսիան կարող է խթանել ազատ ռադիկալների ու ճարպաթթուների արտադրությունը՝ վնասելով արյան անոթների պատերը,
Սրտային հիվանդություն ունեցող տարեցները հիմնականում տառապում են նաև դեպրեսիաներից և ամենաքիչն են դիմում բուժում ստանալու համար: Դեպրեսիայի արտահայտված նշաններ հանդիպում են 65 տարեկանից բարձր անձանց՝ 19-ից 30 տոկոսի մոտ [աղբյուրը`Elderweb]: Հիվանդությունն ավելի շատ տարածված է կանանց շրջանում: Միայնակ ապրող մարդիկ ավելի շատ են հակված դեպրեսիաների: Wake Forest համալսարանի դոկտոր Կուրտ Ֆուրբերգի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նախկինում սրտի հիվանդություն չունեցող 4500 տարեցներից դեպրեսիայի նշաններ ունեցողների մոտ կորոնար հիվանդություների առաջացման հավանականությունը 40 տոկոսով ավելի բարձր է եղել:
Բալթիմորում իրականացված մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տվել, որ ցանկացած տարիքում դեպրեսիա ունեցողների մոտ սրտի կաթվածի հավանականությունը 4 անգամ ավելի մեծ է: Եթե համարենք, որ երեք ամերիկացիներից մեկը մահանում է սրտի հիվանդություններից, և բժիշկները հաճախ հաշվի չեն առնում դեպրեսիայի ախտորոշումը, ապա պարզ է դառնում, որ առկա է իրական խնդիր: Հետազոտությունը դեռ ընթացքի մեջ է, սակայն որոշ մասնագետներ կարծում են, որ դեպրեսիան կարող է լինել սրտի հիվանդությունների առաջացման այնպիսի կարևոր գործոն, ինչպիսիք են բարձր խոլեստերինն ու արյան ճնշումը:
Սրտի կաթվածի և դեպրեսիայի միջև կապը հստակ է. անհասկանալի է միայն, թե որն է նախորդում մյուսին, որ՞ն է առաջինն ի հայտ եկել: Մարդիկ, ովքեր տառապում են դեպրեսիայից, ավելի հակված են սրտի կաթվածի և հակառակը:
Թարգմանված նյութի սկզբաղբյուրը՝ Doctors.am