Հոկտեմբերի 22-ին եւ 23-ին Երեւանում արդեն երկրորդ անգամ անցկացվեց Մաշկավեներաբանական միջազգային գիտագործնական կոնֆերանսը, որին ներկա էին պրոֆեսորներ Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից եւ, իհարկե, Հայաստանից:

Միջոցառման կազմակերպիչը Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան է: Ասոցիացիայի փոխնախագահ, մաշկաբան Հովհաննես Հովհաննիսյանը Doctors.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց համար մեծ պատիվ էր հյուրընկալել նման մասնագետների.

«Միջոցառմանը ներկա էր ՌԴ սեռավարակների դեմ պայքարի միության նախագահը, Սեռավարակների դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության գիտական ղեկավարն Էստոնիայից, Վրաստանի գլխավոր մաշկաբանը եւ այլք»,- ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ երեկվա կոնֆերանսի ժամանակ Մոսկվայից մաշկաբան Եկատերինա Պրիվալովան ներկայացրել է մաշկի սոնոգրաֆիայի նորագույն մեթոդը, որը Հայաստանում նոր է սկսում զարգանալ.
«Այդ պրեզենտացիայից հետո մենք հասկացանք, որ ոչ թե լավ կլիներ, որ այդ մեթոդը մեզանում կիրառվեր, այլ խիստ անհրաժեշտ է, որ կիրառվի»,-նշեց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա միջոցառումն ավելի շատ դասախոսության էր նման, որի ընթացքում ՌԴ-ից պրոֆեսոր Ալեքսեյ Գետմանը հայ բժիշկներին ներկայացրեց դերմատոսկոպիայի առավելությունները: Հովհաննիսյանը նշեց, որ այդ մեթոդը թեեւ Հայաստանում ներդրված է, սակայն այդքան էլ կիրառելի չէ.

«Դերմատոսկոպիան մաշկի՝ ոչ թափանցող ախտորոշման մեթոդ է, այսինքն՝ մենք չենք վնասում մաշկը, պարզապես հատուկ սարքով տեսնում ենք մաշկի ավելի խորը շերտերը: Դա հատկապես մեծ նշանակություն ունի նորագոյացությունների ախտորոշման դեպքում: Հատկանշական է, որ այս սարքից շատերն ունեն, բայց գիտեք՝ ինչպես է, ասես լավ ավտոմեքենա ունենաս, բայց դանդաղ կամ շատ զգույշ վարես»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս մեթոդը 100 տոկոսանոց արդյունք է ցույց տալիս առողջ մարդկանց դեպքում.

«Եթե անգամ մահացու հիվանդության մի փոքր կասկած կա, կարելի է հիվանդին ուղարկել նոր հետազոտության: Այսինքն՝ այս մեթոդը կօգնի տարանջատել իրապես առողջ եւ հիվանդ պացիենտներին»:  

Մաշկավեներաբանների հայկական ասոցիացիան տարվա ընթացքում նմանատիպ միջոցառումներ հաճախ է կազմակերպում: Հովհաննես Հովհաննիսյանը ցավով նշում է, որ պրակտիկ բժիշկների հետաքրքրությունը  գիտաժողովների նկատմամբ մեծ չէ.

«Ընդհանուր առմամբ, անտարբերություն կա նրանց կողմից, որովհետեւ մտածում են՝ գալու են գիտական բաներ լսեն, որոնք իրենց այնքան էլ հետաքրքիր չեն, սակայն պետք է հասկանալ, որ այդ միջոցառումները չեն արվում գիտնականների համար, դրանք արվում են պրակտիկ բժիշկների համար, չէ՞ որ ոչ բոլորն ունեն արտասահմանում կոնֆերանսների մասնակցելու հնարավորություն, իսկ մենք շատ հաճախ անվճար, երբեմն էլ չնչին գումարով ենք անում»,- եզրափակեց նա:


Աղբյուրը՝  Doctors.am
Պատրաստեց Շուշան Շատիկյանը