2-րդ տիպի  շաքարային դիաբետի զարգացումը միայն սննդային սովորույթների հետևանք չէ: Կյանքի շատ այլ գործոններ, ներառյալ սթրեսները, կարող են էապես մեծացնել դիաբետ ունենալու հավանականությունը: 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում արյան մեջ գլյուկոզի քանակությունը շատ է, և դիաբետիկների համար սնունդը էներգիայի վերածելը մեծ խնդիր է: Ուտելուց հետո սնունդը վերածվում է գլյուկոզի, որն արյան միջոցով տարածվում է բջիջներում: Բջիջներն արյան միջից կլանում են գլյուկոզը ինսուլին հորմոնի միջոցով և օգտագործում դրանք որպես էներգիայի աղբյուր:
2-րդ տիպի  շաքարային դիաբետը սովորաբար սկսվում է ինսուլինի դիմադրությունից, որը կապված է ավելորդ քաշի հետ: Այս դեպքում մարմնի բջիջներն ինսուլինը չեն օգտագործում        այնպես ինչպես հարկն է: Դրա հետևանքով օրգանիզմն ավելի շատ ինսուլինի կարիք է զգում, որը կօգնի, որպեսզի գլյուկոզը թափանցի բջիջների մեջ:

Սթրեսի ազդեցությունը

Էնդոկրինոլոգների պնդմամբ սթրեսն  էապես բարձրացնում է 2-րդ տիպի  շաքարային դիաբետ ունենալու հավանականությունը:

Սթրեսն օրգանիզմը դնում է «պայքարի ռեժիմի» վրա: Դրա հետևանքով օրգանիզմում ադրենալին և կորտիզոլ հորմոնների մակարդակը բարձրանում է, որն էլ իր հերթին ազդում է արյան մեջ գլյուկոզի մակարդակի վրա: Սթրեսի հետ կապված մյուս խնդիրն այն է, որ կորտիզոլի բարձրացումը նպաստում է շատ ուտելուն: Սթրեսի ընթացքում շատ ուտելու հետևանքով ավելորդ քաշ է առաջանում, իսկ ճարպակալումը, ինչպես գիտենք, դիաբետի առաջացման առաջնային գործոններից է:

Քունը նույնպես նշանակություն ունի

Քնի խանգարումը նույնպես կարող է բարձրացնել 2-րդ տիպի  շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը: Բացի այդ, քնի պակասը թուլացնում է օրգանիզմը, դրա արդյունքում մարդ ծուլանում է ակտիվ կյանք վարել, ինչն իր հերթին նպաստում է ավելորդ կիլոգրամների առաջացմանը:
 
Առողջ ապրելակերպը  ընտրություն է

Առողջ ապրելակերպին հետևելը և անհատական ռիսկային գործոններին տեղյակ լինելը կարող է նվազեցնել 2-րդ տիպի շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը:
Առողջ սնվելը շատ կարևոր է: Այն ենթադրում է, որ ամենօրյա սննդակարգում պետք է ներառել պրոտեին, սպիտակուցներ, ձավարեղեն և բանջարեղեն, ինչպես նաև՝ խուսափել շաքարի ու քաղցր խմիչքների օգտագործումից: Մարմնամարզությունը նույնպես մեծապես  նպաստում է դիաբետի կանխարգելմանը: Նրանք, ովքեր չեն զբաղվում ակտիվ վարժություններով, պետք է շատ քայլեն, հատկապես ուտելուց հետո: Խորհուրդ է տրվում նաև հաղթահարել սթրեսը մեդիտացիայի կամ յոգայի օգնությամբ: 


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝  Cleveland clinic  

Աղբյուրը՝ Doctors.am