Ինչպե՞ս կարելի է ժամանակակից մեթոդներով ախտորոշել ու բուժել էնդոկրին համակարգի հիվանդությունները։

Հունիսի 13-ին Երևանում տեղի ունեցած  «Ստերոիդային պրոֆիլներ» գիտաժողովի ժամանակ 200-ից ավելի բուժաշխատողներ ծանոթանում էին այս թեմային։ Գիտաժողովը կազմակերպել էր ԷկոՍենս ախտորոշման կենտրոնը և Մանկական Էնդոկրինոլոգների Հայկական Ասոցիացիան ։

 

Կենտրոնի հիմնադիր Ինեսա Նազարյանն իր խոսքում նշում է․«Լաբարատոր հետազոտությունները ախտորոշման անբաժանելի մասն են, իսկ ճշգրիտ ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է։ Բժշկության մեջ ամեն օր ախտորոշման նոր մոտեցումներ են ի հայտ գալիս։ Մենք շատ ենք ցանկանում, որ նորարարական մեթոդները հասանելի լինեն նաև Հայաստանում»։

 

Մոսկվայից հայազգի բժիշկ Աշոտ Մկրտումյանը (բ․գ․դ․, պրոֆեսոր Ա․Ի․ Եվդոկիմովի անվան ՄՊԲԱՀ ներզատաբանության և դիաբետոլոգիայի ամբիոնի և Հետդիպլոմային ուսուցման ֆակուլտետի ղեկավար) իր փորձը փոխանցեց ներկաներին՝ խոսելով հորմոնալ դիսբալանսի ախտորոշման մեջ թքի պոտենցիալ կարևորության մասին։

«Հայաստանում իրականացվող այս գիտաժողովը իր կարևորությունը ունի մասնագետներին նոր մեթոդներին առավել իրազեկ դարձնելու ու դրանք գործնականում կիրառելու առումով»,-նշեց նա։

 

Գիտաժողովի ընթացքում անդրադարձ եղավ նաև այլ կարևոր թեմաների, մասնավորապես՝ «Սեռահասունացման շրջանի հորմոնալ առանձնահատկությունները» (զեկուցող՝ Ելենա Աղաջանովա, բ․գ․դ․ , պրոֆեսոր, ՀՀ ԱՆ խորհրդատու մանկական էնդոկրինոլոգիայի գծով, «Մուրացան» ՀՀ էնդոկրինոլոգիայի կլինիկայի ղեկավար, Մ․Հերացու անվան ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ), «Ստերոիդային պրոֆիլը թքի մեջ․ դաշտանային ցիկլի խանգարումների այլընտրանքային ախտորոշում» (զեկուցող՝ Ռուսուդան Վարդանյան, Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ, բ․գ․դ․, դոցենտ), «Մակերիկամների կեղևի բնածին դիսֆունցիան» (զեկուցող Լուսինե Նավասարդյան, բ․գ․թ․, դոցենտ, «Մուրացան» ՀՀ էնդոկրինոլոգիայի կլինիկայի բժիշկ-օրդինատոր, ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի դոցենտ) ։

 

Երևանի գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռուսուդան Վարդանյանը իր խոսքում ասաց․ «Մի բան է իմանալ ախտորոշման այս կամ այն մեթոդի մասին, մեկ այլ բան է, թե որքանով է այն կիրառելի լինելու։ Այս կամ այն կերպ նշանակողը բժիշկն է։ Դրա համար առաջնահերթ պետք է տեղեկացված լինի բժիշկը։ Եթե չեմ սխալվում սա առաջին անգամ է, երբ ամբողջ գիտաժողովը նվիրված է ստերոիդային հորմոնների որոշմանը թքի մեջ»։

 

Առողջապահության նախարարությունը գիտաժողովի մասնակիցներին շարունակական մասնագիտական զարգացման 4 կրեդիտ կհատկացնի։