Այսուհետ Միքայելյան Համալսարանական հիվանդանոցում լյարդի հիվանդությունների ախտորոշումն արվում է նոր մեթոդիկայով:
Դեռ մի քանի ամիս առաջ կենտրոնում ներդրվեց Canon Medical Systems ընկերության Aplio i800 վերջին սերնդի համակարգը, որը փորձագետների գնահատականով համարվում է աշխարհում լավագույն ուլտրաձայնային համակարգերից մեկը, և հնարավորություն է տալիս լյարդի պաթոլոգիաների ախտորոշումը կատարել առավել ճշգրիտ և մանրամասն:
Միքայելյան Համալսարանական հիվանդանոցի բժշկական տնօրեն Արա Ղազարյանի խոսքով՝ սարքի և մասնագետների աշխատանքի համակցումը բերում է լավ արդյունքների.
«Միքայելյան Համալսարանական հիվանդանոցի գաստրոէնտերոլոգիայի և հեպատոլոգիայի բաժանմունքը համալրվելով նոր սարքավորմամբ, հնարավորություն տվեց կատարել ոչ ինվազիվ և բարձր ճշգրտությամբ հետազոտություններ: Մեր մասնագետների և բարձր դասի սարքավորումների առկայությունը բերում է նրան, որ մենք ունենանք լավ արդյունքներ»:
Aplio i800 ուլտրաձայնային սկանավորման համակարգը հագեցած է հատուկ նշանակության մատրիքսային տվիչներով և ապահովում է ամենանուրբ ու դժվար տեսանելի օրգան համակարգերի վիզուալիզացիան: Այն թույլ է տալիս հետազոտել լյարդն ամբողջությամբ հիմնվելով «լյարդի փաթեթ»-ի վրա, որը, ինչպես նշում է ռադիոլոգ Արմինե Պողոսյանը, ունի բազմաթիվ հնարավորություններ. «Սարքի միջոցով միանգամից կարողանում ենք տեսնել լյարդի ֆիբրոզը, ստեատոզը և բորբոքումները և որն ամենակարևորն է, տալ քանակական գնահատական: Մեթոդը համակցվում է գոյություն ունեցող այլ մեթոդիկաների հետ, մասնավորապես դասական B-ռեժիմի և լյարդի դուպլեքս հետազոտության, ինչի հիման վրա ստացված ինֆորմացիան լինում է ամբողջական և հիմնավորված: Համակարգն ունի սխալ կատարված հետազոտությունը բացառելու մի քանի մեխանիզմ, որոնց շնորհիվ սխալի հնարավորությունն ավելի քչանում է»:
Canon Medical Systems ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում հանդիսանում է «Դիավանտ» ՍՊԸ-ն: Վերջինիս տնօրեն Դավիթ Առաքելյանը մեզ հետ զրույցում նշեց.
«Լինելով Canon Medical Systems ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում, ուրախ ենք տեսնել որ հիվանդանոցում կա ամենաժամանակակից և պրեմիում դասի սարքը: Այն ունի բացառիկ հնարավորություններ և ֆունկցիաներ, «լյարդի փաթեթ», որը բուժող բժշկին տալիս է հնարավորություն իր արսենալում ունենալ նոր, գերժամանակակից գործիք, որը տալիս է ճշգրիտ ախտորոշման հնարավորություն»:
Աղբյուրը՝ Doctors.am
Պատրաստեց՝ Մարիամ Սարգսյանը