Էպիդեմիկ էնցեֆալիտը առաջին անգամ մանրանասն նկարագրվել է վիեննացի պրոֆեսոր Էկոնոմոյի կողմից 1917թ., որը Վերդենում, 1915թ., հետևել է այդ հիվանդության համաճարակի բռնկմանը: 1915- 1925թթ. համաճարակի ժամանակ, որը ընդգրկել է աշխարհի համարյա բոլոր երկրները, էպիդեմիկ էնցեֆալիտը շատերի կողմից է հետազոտվել: Ն. Յու. Տարասովիչը առաջիններից է եղել, ով մանրամասն նկարագրել է էպիդեմիկ էնցեֆալիտի ընթացքի և կլինիկական առանձնահատկությունները: 1925թ.-ից հետո աստիճանաբար դիտվել է էպիդեմիկ էնցեֆալիտով հիվանդացության նվազում, և ներկայումս եզակի դեպքեր են գրանցվում. նշանակալից համաճարակային բռնկումներ չեն դիտվում:

Համաճարակաբանություն
Էկոնոմոյի վարակի աղբյուր է հանդիսանում մարդը: Վարակումը հնարավոր է կոնտակտային կամ օդա-կաթիլային ճանապարհներով: Վարակի փոխանցման ուղղահայաց ճանապարհը իրականացվում է տրանսպլացենտար կամ պոստնատալ: Ամենից ընկալունակ են վաղ տարիքի երեխաները: Հստակ արտահայտված սեզոնայնություն չկա:

Էթիոպաթոգենեզ
Էպիդեմիկ էնցեֆալիտի հարուցիչը չի անջատվել: Ենթադրում են, որ դա վիրուս է, որը պարունակվում է թքում կամ քիթ-ըմպանի լորձաթաղանթում. անկայուն է և արագ մահանում է արտաքին միջավայրում: Վարակի մուտքի դուռ է հանդիսանում վերին շնչուղիների լորձաթաղանթը: Ենթադրում են, որ վիրուսը թափանցում է ԿՆՀ, հատկապես սիլվյան ջրածորանը և երրորդ փորոքը շրջապատող գորշ նյութ: Նյարդային բջիջներում տեղի է ունենում հարուցչի կուտակում, ինչից հետո ի հայտ է գալիս կրկնակի վիրուսեմիան. համապատասխանում է կլինիկական նշանների դրսևորմանը:

Պաթոմորֆոլոգիա
Էպիդեմիկ էնցեֆալիտի համար բնորոշ է հիմային կորիզների և ուղեղաբնի ախտահարումը: Առավելապես վնասվում են բջջային տարրերը: Միկրոսկոպիորեն հայտնաբերվում են արտահայտված բորբոքային փոփոխություններ. պերիվասկուլյար ինֆիլտրացիա մոնոնուկլեարներով և պլազմատիկ բջիջներով` մուֆթաների տեսքով, միկրոգլիայի զգալի պրոլիֆերացիա` երբեմն գլիոզ հանգուցիկների առաջացումով: Խրոնիկական փուլում ամենից արտահայտված փոփոխությունները տեղակայվում են բազալ կորիզներում: Այդ գոյացություններում դիտվում են հանգուցային բջիջների անվերադարձ դիստրոֆիկ փոփոխություններ:

Կանխարգելում
Աղբյուրը մեկուսացնում են մինչ հիվանդության սուր կլինիկական դրսևորումների վերացումը: Ախտորոշելուց հետո ուղարկում են արտակարգ ծանուցագիր հանրապետական սանիտարա-համաճարակաբանական հսկողության քաղաքային կենտրոն: Օջախում դեզինֆեկցիա չեն անցկացնում: Օջախը վերահսկվում է 3-4 շաբաթվա ընթացքում:

Կանխատեսում
Ընթացքը երկարատև է: Պարկինսոնիզմի ախտանիշները հարաճում են, սակայն երբեմն որոշ ժամանակով կարող են կայունանալ: Լավացման առումով պրոգնոզը վատ է: Սովորաբար մահը վրա է հասնում ինտերկուրենտ հիվանդությունների կամ հյուծման հետևանքով:

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին