Էքսֆոլիատիվ մաշկաբորբ (dermatitis exfoliativa neonatorum Ritter von Ritergeim) հանդիպում է երեխայի կյանքի առաջին շաբաթներում։ Ռիտեր ֆոն Ռիտերգեյմը պիոդերմիայի այս ձևն առանձնացրել է որպես յուրահատուկ տարատեսակ, հաշվի առնելով նրա չարորակ ընթացքը։ Էքսֆոլիատիվ մաշկաբորբը հազվագյուտ է հանդիպում։ Սկսվում է դեմքի, կզակի, բերանի մաշկի կարմրությամբ և շերտավոր թեփոտմամբ։ Հետագայում մաշկը հաստանում է, կեղևիկների տակ կուտակվում է էքսուդատ և առաջանում են բշտիկներ։ Հիվանդության հաջորդ շրջանում սկսվում է վերնամաշկի շերտազատումը։
Մի քանի օրվա ընթացքում ամբողջ մարմնի մակերեսը կարող է զրկվել վերնամաշկից, նմանվելով այրված մաշկի։ Որոշ դեպքերում վերնամաշկի անջատումը մաշկից կարող է տեղի ունենալ առանց բշտիկների առաջացման, և վերնամաշկը բուն մաշկից կարող է անջատվել շատ աննշան մեխանիկական վնասվածքի հետևանքով (Նիկոլսկու ախտանիշ)։ Որոշ հիվանդների մոտ մաշկաբորբը կարող է զուգակցվել ստոմատիտով, համառ քթաբորբով (ռինիտ), աչքի եղջերաբորբով (կերատիտ)։ Հիվանդությունը սովորաբար ընթանում է սուր և հակում ունի բարդանալու չիբաններով (ֆուրունկուլ), թարախակույտերով (աբսցեսներով), սեպտիցեմայով։
Պիոդերմիայի այս ձևը պետք է տարբերակել բնածին էպիդերմոլիզից (epidermolysis congenita)։ Այս արատի դեպքում երեխան կարող է ծնվել վերնամաշկի դեֆեկտով։ Այդ դեֆեկտը, որպես կանոն, տեղակայվում է ծայրանդամների վրա և գրեթե երբեք չի լինում գլխին, վզին, իրանին։ Պետք է ուշադրություն դարձնել նաև այն հանգամանքի վրա, որ մաշկի արատի շուրջը բորբոքային երևույթներ չեն լինում։ Տարբերակման ժամանակ պետք է հիշել նաև Լեյների հիվանդության մասին։ Սա տարածված էքսֆոլիատիվ մաշկաբորբ է, որն ավելի բարորակ ընթացք ունի։ Այս հիվանդությունը տարբերվում է նրանով, որ չեն լինում բշտեր, էպիդերմոլիզ և հպավարակային (կոնտագիոզ) չէ:
Բուժումը կոմպլեքսային է։ Նշանակվում են հակաբիոտիկներ (ցանկալի է մանրէի զգայնության որոշումը), լիարժեք սնուցում, վիտամիններ՝ հատկապես B կոմպլեքս և A, կալցիումի քլորիդ։ Երեխային նշանակում են ախտահանող նյութերով լոգանքներ։ Կարելի է ջրին ավելացնել տանին կամ կաղնու կեղև։ Անց է կացվում նաև ընդհանուր խթանող բուժում։ Որոշ դեպքերում կարելի է նշանակել պրեդնիզոլոն։ Էքսֆոլիատիվ մաշկաբորբով հիվանդ երեխային անհրաժեշտ է մեկուսացնել։
Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին