Էքսուդատիվ-կատառային դիաթեզը պատկանում է կոնստիտուցիոնալ (կազմվածքային) անկանոնությունների շարքին։ Դիաթեզներին են վերագրում արտաքին միջավայրի մի շարք գրգռիչների նկատմամբ երեխայի օրգանիզմի անհամապատասխան ռեակցիաներ տալու հակումը, որոնք առողջ երեխաների մեծ մասի մոտ սովորաբար շեղումներ չեն առաջացնում։ Էքսուդատիվ դիաթեզի անվան տակ հասկանում են երեխայի կոնստիտուցիոնալ այնպիսի առանձնահատկությունը, որի դեպքում արտաքին ազդակների ազդեցությունից հեշտությամբ էքսուդատիվ-կատառային փոփոխություններ են առաջանում մաշկում և լորձաթաղանթներում։ Էքսուդատիվ դիաթեզի երևույթները առավել հաճախ հանդիպում են երեխաների կյանքի առաջին 3 տարիներին։
Էթիոլոգիան և պաթոգենեզը։ Վերջին տարիներին դիաթեզի ծագման պատճառների վերաբերյալ տեսակետները վերանայվել են։ Հեղինակների մեծ մասն իրավացիորեն գտնում է, որ դա օրգանիզմի իմունակենսաբանական յուրահատուկ վիճակն է, պայմանավորված կոնստիտուցիոնալ առանձնահատկություններով, տարբեր գրգռիչներին տալու գերզգայուն ռեակցիա` ոչ դանդաղ տիպի։ Վերջինս արտահայտվում է մաշկի և լորձաթաղանթների կրկնվող ինֆիլտրատիվ-դեսկվամատիվ ախտահարումով, ալերգիկ ռեակցիաների հակումով, լիմֆոիդ հյուսվածքի հիպերպլազիայով (գերաճումով), ջրաաղային փոխանակության խանգարումով և բորբոքային երևույթների ձգձգվող ընթացքով։ Վաղ մանկական հասակում ստամոքս-աղիքային ուղիների թերի ֆերմենտատիվ ունակության պատճառով կրծքի և առավելապես կովի կաթի սպիտակուցները մինչև վերջ չեն ճեղքվում, անցնում են արյան մեջ` աղիքներում նյութազատական և, շիճուկային 1gA-ի քանակի պակասի (10-15 անգամ) և լորձաթաղանթի բարձր թափանցելիության հետևանքով։ Կյանքի առաջին տարում այս երեխաների արյան մեջ բարձր է նաև 1gEի մակարդակը, որը նպաստում է օրգանիզմում ոչ դանդաղ տիպի ալերգիկ ռեակցիայի առաջացմանը։ Այսպիսով, էքսուդատիվ-կատառային դիաթեզի պաթոգենեզում առաջնակարգ տեղը պատկանում է իմունաբանական ակտիվության խանգարմանը։ Այս դիաթեզին բնորոշ է նաև լիմֆոիդ հյուսվածքի և ուրցագեղձի հիպերպլազիան, որոնք էլ մասնակցում են օրգանիզմի իմուն պատասխանին։ Որոշ խումբ երեխաների մոտ էքսուդատիվ-կատառային դիաթեզը կարող է ունենալ ոչ իմուն ծագում, այսինքն՝ նրանց մոտ զարգանում են ոչ դանդաղ տիպի ալերգիկ ռեակցիայի պաթոքիմիական և պաթոմորֆոլոգիական փուլերը, առանց առաջին՝ իմունաբանական փուլի։
Էքսուդատիվ դիաթեզի զարգացման համար կարևոր նշանակություն ունի նաև ժառանգական նախատրամադրությունը։ Այդ մասին են վկայում ծնողների, հատկապես՝ մոր ալերգիկ հիվանդությունները (բրոնխային ասթմա, էկզեմա, եղնջացան և այլն)։ Ալերգիկ դիաթեզով երեխաների ավելի քան կեսի մոտ ընտանեկան անամնեզում նշվում են ալերգիկ հիվանդություններ։ Սենսիբիլիզացնող հատկությամբ կարող են օժտված լինել ջերմային մշակման չենթարկված սննդամթերքը (հում կաթ, հատապտուղներ, ցիտրուսային մրգեր, ձվի սպիտակուց), ինչպես նաև այն մթերքը, որոնք ջերմային մշակման դեպքում ևս չեն կորցնում հակածինները (ձուկ, ընկույզ և այլն)։ Ալերգացում կարող է առաջանալ և սովորական սննդամթերքից։ Ալերգենները կարող են անցնել ոչ միայն սննդամթերքով, այլև մաշկի, լորձաթաղանթների միջոցով, ինչպես նաև սրսկումների և կանխարգելիչ պատվաստումների ժամանակ։
Կլինիկան. էքսուդատիվ դիաթեզի ամենահաճախակի և վաղ արտահայտություններից են շփաբորբերը, որոնք նույնիսկ երեխայի ճիշտ խնամքի դեպքում շատ համառ են և դժվար բուժելի։ Գլխի մազածածկ մասերում և հոնքերի շրջանում ճարպային կեղևիկներ են առաջանում (գնեյս), որոնք հատկապես արտահայտված են լինում մեծ գաղտունի շրջանում։ Դրանց հեռացնելուց հետո բացվող մաշկը թաց ու կարմրած է լինում։ Այտի մաշկի վրա առաջանում է կաթնային կեղ (ստրուպ), որը կարմրում է և թեփոտվում (crusta lactea)։ Էքսուդատիվ դիաթեզի դեպքում մաշկային փոփոխություններն ուղեկցվում են քորով։ Մաշկային քորը հանգեցնում է էքսուդատի և արյունային կեղևիկների առաջացման, որոնք իրենց հերթին նպաստում են երկրորդային թարախային վարակի զարգացմանը։ Մաշկի փոփոխություններին զուգընթաց հանդիպում են նաև լորձաթաղանթային փոփոխություններ։ Նկատվում է այսպես կոչվող «աշխարհագրական լեզու», հաճախ նաև շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ), քթաբորբ, բրոնխիտ և այլն։ Խանգարումներ են առաջանում նաև ստամոքս-աղիքային տրակտում՝ անկանոն կղում, դիսպեպսիայի հակում։ Դիաթեզի այսպես կոչվող «չոր» ձևերի ժամանակ ուժեղ արտահայտված քոր է առաջանում, որը բնորոշվում է շատ ուժեղ քոր եկող մանր հանգույցների առաջացումով։ Ցավային տարրերը լինում են բավականին պինդ, կարմրած եզրերով (prurigo)։ Էքսուդատիվ դիաթեզով տառապող երեխաները արտաքնապես լինում են պաստոզ, դյուրագրգիռ։ Ավշային հանգույցները մեծանում են, ծայրամասային արյան մեջ ավելանում է էոզինոֆիլների քանակը, իսկ երկրորդային թարախային վարակի դեպքում՝ նեյտրոֆիլային լեյկոցիտոզ է զարգանում։
Էքսուդատիվ դիաթեզը մեծ դեր է խաղում վաղ մանկական տարիքի ախտաբանության մեջ։ Նման կոնստիտուցիոնալ անկանոնությամբ տառապող երեխաները հաճախ են հիվանդանում թոքաբորբով, որը սովորաբար ընթանում է ասթմայի ախտանիշներով և ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններով (ընթացքը լինում է ծանր և ձգձգվող, քրոնիկական ընթացքի հակում է ունենում)։
Բուժումը։ Ամենից առաջ պետք է ստեղծվեն բարենպաստ սանիտարահիգիենիկ պայմաններ։ Երեխային շարունակում են կերակրել կրծքի կաթով։ Մոր սնունդն անհրաժեշտ է կարգավորել այնպես, որ քիչ լինեն աղը և ալերգացնող մթերքը (ցիտրուսային մրգեր, ելակ, մորի և այլն)։ Հաստատուն դիետա գոյություն չունի։ Երեխային պետք է տալ վիտամինների բավարար քանակով լիարժեք սնունդ։ Պետք է խուսափել գերսնումից։ Եթե դիաթեզն արտահայտվում է մինչև հավելյալ սնուցումը, որը վկայում է մայրական կաթի նկատմամբ երեխայի օրգանիզմի գերզգայնության մասին, ապա կրծքի կաթի մի մասը կարելի է փոխարինել թթու կաթնախառնուրդներով։ Հավելյալ սնունդը տվյալ դեպքում նպատակահարմար է սկսել վաղ` տալով բանջարեղենային եփուկով պատրաստված մրգաբանջարեղենային խյուսեր, շիլաներ։ Օրաբաժնից անհրաժեշտ է հանել այն սննդամթերքը, որոնք սրացնում են հիվանդությունը (ցիտրուսային մրգեր, ձու, շոկոլադ և այլն)։ Սննդային ալերգենը հայտնաբերելու նպատակով օգտագործում են զանազան լրացուցիչ հետազոտման մեթոդներ՝ մաշկային տարբեր ալերգեններով կատարվող մաշկային փորձանմուշներ, շճաբանական քննություններ, արյան մեջ համապատասխան հակամարմինների հայտնաբերում և այլն։ Ավելի մեծ տարիքի երեխաների համար խորհուրդ է տրվում օրվա դիետայում չօգտագործել կիսել, խոզի միս, սահմանափակել արգանակը։ Ձկնեղենը, ձուն և այլ սպիտակուցները պետք է գործածվեն չափավոր քանակներով։ Սակայն, միաժամանակ, հիվանդ երեխայի սնունդը պետք է լինի տարատեսակ և սպիտակուցների, ճարպերի ու ածխաջրերի հարաբերության տեսակետից` ռացիոնալ։
Ապագերզգայնացման (դեսենսիբիլացիայի), օրգանիզմի զգայնությունն իջեցնելու նպատակով դեղորայքներից նշանակում են նատրիումի բրոմիդի 2-3%-անոց, նատրիումի սալիցիլատի 3-5%-անոց լուծույթներ, պիպոլֆեն, սուպրաստին, տավեգիլ։ Շփաբորբերի դեպքում տեղային բուժման նպատակով կիրառում են ստերիլ բուսական ճարպեր, ձկնայուղ, պրեդնիզոլոնի, օքսիկորտի, սինալարի քսուքներ։ Պետք է խուսափել երեխային շատ փաթաթելուց։ Նշանակում են լոգանքներ, տանինի (20 գ 1 լոգարանին), կաղնու կեղևի եփուկի (200 գ 2 լ ջրին), մարգանցաթթվական կալիումի (0,3 գ 1 դույլ ջրին)։ Թացացող էկզեմայի (ջրջրուկի) դեպքում դրվում են բուրովյան հեղուկի (1 անուշեղենի գդալ հեղուկը 1 բաժակ ջրին), 1%-անոց ռեզորցինի կամ 0,25%-անոց ազոտաթթվական արծաթի լուծույթների թրջոցներ։
Էքսուդատիվ դիաթեզի ծանր արտահայտությունների դեպքում օգտագործում են պրեդնիզոլոն։ Պաստոզ երեխաներին 3 օր տրվում է թիրեոիդին։ Արդյունքի առկայության դեպքում բուժումը շարունակում են մինչև 10 օր։
Սկզբնաղբյուրը՝ Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
Հոդվածի էլեկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին