Գոտևորող հերպես (herpes zoster, Zorna): Բնորոշվում է առանձին նյարդերի ուղղությամբ խիստ սահմանափակ, տարբեր մեծության բծերի սուր ցանավորումով, որոնց ֆոնի վրա արագորեն գոյանում են սերտորեն կուտակված բշտիկների խմբեր՝ լցված թափանցիկ պարունակությամբ: Բշտիկների ցանավորումը յուրաքանչյուր առանձին բծի վրա տեղի է ունենում միաժամանակ, սակայն բուն բծերի հանդես գալր կարող է տեղի ունենալ մի քանի օրյա րնդմիջումներով։ Ախտահարման օջախների քանակր տարբեր է։ Առանձին դեպքերում, սերտորեն հպվելով միմյանց, նրանք միաձուլվում են և գոյացնում կարծես ամբողջական ժապավեն:

Ցանավորման տարրերի հանդես գալը ուղեկցվում է (կամ նախորդվում) ծակծկոցի, քորի և հատկապես տարբեր ուժգնության նևրալգիկ ցավերի զգացումով։ Հազվադեպ չեն օրգանիզմի ջերմաստիճանի բարձրացում ջարդվածության ու ընդհանուր տկարության զգացումը։ Մի քանի օր անց բշտիկների պարունակությունը պղտորվում է։ Այդ ժամանակ էրիթեմատոզ ֆոնը սովորաբար դժգունանում է, և բշտիկները կարծես տեղադրված են լինում առողջ մաշկի վրա։ 6-8-րդ օրը բշտիկներն սկսում են չորանալ։ Գոյանում են կեղևիկներ, որոնք 3-րդ շաբաթվա վերջում ընկնոմ են, իրենց տեղում թողնելով թեթև պիգմենտացիա։ Այդ սովորական պատկերից կարող են դիտվել շեղումներ.
1) վարդագույն ֆոնի վրա գոյանում են բշտիկների ոչ մեծ խմբավորումներ, որոնք գրեթե չեն պարունակում էքսուդատ և արտաքնապես խիստ նման են պապուլաներին, հետագայում նրանք ծածկվում են թեփnւկներով և վերանում (վիժվածքային ձև՝ herpes zoster abortivus),
2) սերտորեն խմբավորված բշտիկները միաձուլվում են, գոյացնելով բշտեր՝ երբեմն զգալի չափերի, անհարթ, ժաներիզավոր գծագրությամբ (բշտային ձև՝ herpes zoster bullosus),
3) բշտիկների պարունակությունն րնդունում է արյունային բնույթ նրանց ապաքինումից հետո շատ անգամ մնում են մակերեսային սպիներ (հեմորագիկ ձև՝ herpes zoster haemorrhagicus,)
4) ամենածանր ձևն է herpes Zoster gangrenosus-ը: Նախապես առաջացած բշտիկների տեղում կամ անմիջապես վարդագույն բծերի ֆոնի վրա առաջանում են մանր, խիտ խմբավորված մեռուկներ, կամ ընդհանուր սև կեղ՝ ժաներիզավոր գծագրությամբ։
Կեղի պոկվելուց հետո մնում է մակերեսային խոցոտում, որը լավանում է սպիի գոյացումով:
Գանգրենոզ գոտևորող որքինը սովորաբար ուղեկցվում է ուժեղ ցավերով: Նրա ընթացքը առանձնապես երկարատև է ու ծանր։
5) երբեմն, նյարդերի ուղղությամբ ցանավորվելուց բացի, մաշկային ծածկույթի տարբեր տեղամասերում ցանավորվում են առանձին բշտիկներ, որոնք հիշեցնում են ջրծաղկի տարրերը (գեներալիզացված ձև՝ herpes zoster generalisatus):


Գոտևորող որքինի ցանավորումը ուղեկցվում է շրջանային ավշային հանգույցների մեծացումով ու ցավոտությամբ։ Գոտևորող հերպեսը կարող է տեղակայվել ցանկացած զգայական նյարդի տարածման շրջանում, որպես կանոն՝ միակողմանի, երկկողմանի տեղակայումը դիտվում է հազվադեպ։ Նույնքան էլ հազվադեպ է դիտվում մի քանի նյարդերի ուղղությամբ միակողմանի ցանավորումը։ Ամենից հաճախ գոտևորող որքինը տեղակայվում է միջկողային նյարդերի ուղղությամբ (herpes zoster intercostalis): Երկրորդ տեղը ըստ հաճախության պատկանում է եռորյակ նյարդի ճյուղերի տարածման շրջանին։ Առանձնապես ծանր ընթացք ունի herpes zoster ophthalmicus-ը, որը զարգանում է եռորյակ նյարդի 1-ին ճյուղի տարածման շրջանում (n. supratrochlearis, n. supratrochlearis): Ուժեղ նախանշանային նևրալդիկ ցավերից հետո հանդես են գալիս ճակատի, կոպերի, քթի, քունքային շրջանի մաշկի և շաղկապենու կարմրություն ու այտուց, արցունքահոսություն ու լուսավախություն։

Հետագայում էրիթեմայի ֆոնի վրա գոյանում են բշտիկների խմբեր՝ շատ անգամ արյունային պարունակությամբ։ Առանձին դեպքերում կարող է զարգանալ herpes zoster gangrenosus: Հաճախ պրոցեսի մեջ է ընդգրկվում ակնագունդը։ Կարող է զարգանալ իրիտ, խոցային կերատիտ, ցանցենու շերտազատում, արյունային թորվածք աչքի առաջային խցիկի մեջ։ Ավելի պակաս է դիտվում գոտևորող որքինի ցանավորում վերին ու ստորին վերջույթների մաշկի վրա։ Հնարավոր է համարվում հերպետիկ նևրիտի զարգացում առանց մաշկի ախտահարման։ Գոտևորող հերպեսը կարող է դիտվել ցանկացած տարիքում, սակայն մինչև 10 տարեկան երեխաների մոտ հանդիպում է հազվադեպ։ Կանխագուշակումը մեծամասամբ բարենպաստ է։ Մեկ անգամ տարած հիվանդությունը սովորաբար չի կրկնվում, և կրկնումները դիտվում են միայն որպես բացառություն (անընկալություն)։ Herpes Zoster ophthalmicus-ի ժամանակ աչքի ախտահարումը կարող է հասցնել տեսողության զգալի թուլացման։ Առանձին դեպքերում, գերազանցապես հասակավոր մարդկանց մոտ, ծանր նևրալգիկ ցավերը կարող են պահպանվել մաշկային ախտահարումից դեռևս երկար ժամանակ հետո։

Հյուսվածաախտաբանական փոփոխությունները մաշկում բնորոշվում են, ինչպես և հասարակ հերպեսի ժամանակ, փշաձև շերտի բջիջների ծփացող կազմափոխությամբ։

Ախտապատճառները և ախտածնությունը։ Գոտևորող հերպեսի հարուցիչը ֆիլտրվող վիրուսն է, որը մոտ է, եթե ոչ նույնը, ջրծաղկի վիրուսին։ Այդ մասին է վկայում երեխաների՝ ջրծաղիկով վարակվելու հնարավորությունը գոտևորող հերպեսով հիվանդացած չափահասներից և հակառակը։ Հայտնի են ջրծաղկի համաճարակային բռնկումներ և հիվանդանալու դեպքեր ընտանիքներում կամ մանկական հիմնարկներում՝ երեխաների հետ ապրող որևէ չափահասից, որը հիվանդացած է եղել գոտևորող հերպեսով՝ 7-8-օրյա գաղտնի շրջանով։ Այդ են հաստատում նաև խաչաձև իմունիզացիայի հնարավորությունն ու խմբային շիճուկաբանական ռեակցիաները։ Գոտևորող հերպեսի վիրուսը կենդանիների համար ախտածին չէ։ Գոտևորող հերպեսը հաճախ առաջանում է որպես ինքնուրույն հիվանդություն, սակայն կարող է զարգանալ և որպես այլ հիվանդությունների բարդություն, օրինակ՝ թոքաբորբի, պլևրիտի, ուղեղա–ողնուղեղային մենինգիտի, լիմֆոլեյկոզի, լիմֆոգրանուլոմատոզի, քաղցկեղի մետաստազների և այլն, ինչպես նաև որպես հետևանք ինտոքսիկացիաների, օրինակ՝ ածխածնի օքսիդով, մորֆինով, բիսմուտով, սնդիկով։

Գոտևորող հերպեսի զարգացման համար առիթ կարող են հանդիսանալ վնասվածքը, գերսառեցումը և այլն։ Բոլոր այդ դեպքերում խոսքը գնում է պրովոկացիայի կամ սպեցիֆիկ վիրուսային ինֆեկցիայի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին։ Հարցը այն մասին՝ թափանցո՞ւմ է արդյոք վիրուսը անմիջապես մաշկի մեջ կամ առաջնայնորեն է ֆիքսվում նյարդային հանգույցներում ու հետին եղջյուրներում, որտեղից մաշկի մեջ է տեղափոխվում շուրջնյարդային ավշային տարածություններով, դեռևս վերջնականորեն որոշվա չէ, սակայն երկրորդ ենթադրությունը համարվում է ավելի հավանական:

Ախտորոշումը գոտևորող հերպեսի տիպիկ ձևի ժամանակ դժվարություններ չի ներկայացնում։ Ախտահարման գծային տեղադրումն ու ոչ սիմետրիկությունը, բշտիկային ցանավորման միատարրությունը յուրաքանչյուր օջախի սահմաններում, սուր սկիզբն ու արտահայտված ցավային զգացումները հնարավորություն են տալիս տարբերելու herpes zoster-ը մաշկի այլ բշտային ախտահարումներից։ Երբեմն դժվարություններ են հանդիպում գանգրենոզ գոտևորող որքինի մեկուսացված օջախի առկայության դեպքում, որն առիթ է տալիս հիվանդի մոտ կասկածելու սիբիրյան խոց։ Մեռուկի մանր ժաներիզավոր գծագրությունները և նրա շուրջը թարմ պուստուլային տարրերի առկայությունն ու շրջակա հյուս֊վածքների խիստ արտահայտված այտուցը հնարավորություն են տալիս ախտորոշելու գոտևորող հերպեսը։ Herpes zoster ophthalmicus-ը նախնական շրջանում հիշեցնում է կարմիր քամի հիվանդությունը, սակայն նախանշանային նևրալգիկ ցավերը, պակաս բարձր (քան կարմիր քամու ժամանակ) սկզբնական ջերմային ռեակցիան և, վերջապես, բշտիկների արագ ցանավորումը` էրիթեմայի ֆոնի վրա, վկայում են herpes zoster-ի մասին։

Բուժումը: Արտաքին գրգռիչներից ու երկրորդային ինֆեկցիայից պաշտպանելու համար խորհուրդ է տրվում նշանակել ինդիֆերենտ փոշի, ցինկի օծանելիք կամ մածուկ, ինչպես նաև մաշկի ախտահարման տեղամասերին քսել անիլինային ներկերի սպիրտային լուծույթներ: Ինչպես և հասարակ հերպեսի ժամանակ, տեղային օգտագործում են ինտերֆերոնային կրեմ։ Լավ արդյունք է տալիս պենիցիլինաթերապիան (50 000 ԱՄ, ամեն 3 ժամը մեկ անգամ մինչև 2 000 000-3 000 000 ԱՄ), ինչպես նաև լայն սպեկտրի ազդեցության հակաբիոտիկներ։ Նևրալգիկ ցավերի ժամանակ նշանակում են ամիդոպիրին, անալգին, վիտամին B1, դիադինամիկ հոսանքներ, տեղային նովոկաինային բլոկադա։ Նպատակահարմար է բուժումն սկսել էմետինի սրսկումներով (20 մգ, օրը 2 անգամ)։

 

 

 

Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am

Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին