Կրծքագեղձի առավել տարածված հիվանդությունը համարվում է մաստոպաթիան (ֆիբրոզ-կիստոզ հիվանդություն): Այն դիտվում է կանանց 20-60%-ի մոտ, հաճախ 30-50 տարեկան հասակում:
Մաստոպաթիան կրծքագեղձում դիսհորմոնալ հիպերպլաստիկ պրոցես է: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանման, ֆիբրոզ-կիստոզ հիվանդությունը բնութագրվում է կրծքագեղձի հյուսվածքում պրոլիֆերատիվ և ռեգրեսիվ փոփոխությունների լայն սպեկտրով, էպիթելային և շարակցահյուսվածքային բաղադրիչների անկանոն հարաբերությամբ: Մաստոպաթիան համարվում է ֆակուլտատիվ նախաքաղցկեղ, նրա պրոլիֆերատիվ ձևերի առկայության դեպքում կրծքագեղձի քաղցկեղի առաջացման հավանականությունը 3-5 անգամ ավելի բարձր է:
Մաստոպաթիայի առաջացման գործում կարևոր նշանակություն ունեն
- վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) շրջանի անբարենպաստ առանձնահատկությունները,
- ժառանգական նախատրամադրվածությունը,
- ներզատիչ գեղձերի առաջնային կամ միջնորդավորված դիսֆունկցիան,
- լյարդի հիվանդությունները,
- շաքարային դիաբետը և կոլագենոզները,
- սնման բնույթի և ռեժիմի խախտումները:
Մաստոպաթիաների ժամանակ հորմոնային համակարգերի ֆունկցիոնալ վիճակի վերլուծությունը բնութագրվում է սեկրեցիայի դիսբալանսով ինչպես հիպոթալամո-հիպոֆիզար մակարդակում (պրոլակտինի, լյուտեինիզացնող, ֆոլիկուլոխթանիչ, ադրենոկորտիկոտրոպ հորմոնների գերարտազատում, թիրեոտրոպ հորմոնը հարաբերականորեն կայուն է), այնպես էլ պերիֆերիկ մակարդակում (կորտիզոլի և տեստոստերոնի գերարտազատում, պրոգեստերոնի թերարտազատում): Հարկ է ընգծել պրոլակտին/պրոգեստերոնային ցուցիչի (ինդեքսի) նշանակությունը` ինչպես պրոլակտինի անմիջական գերակշռմամբ, այնպես էլ պրոգեստերոնի հարաբերական նվազմամբ: Հայտնի է, որ պրոգեստերոնը նվազեցնում է կրծքագեղձի հյուսվածքում պրոլակտինի ընկալիչների (ռեցեպտորների) քանակը, իսկ գլյուկոկորտիկոիդները և անդրոգենները ավելացնում են այն:
Տարբերում են մաստոպաթիայի տարածուն (դիֆուզ) և հանգուցավոր (օջախային) ձևեր: Դիֆուզ ձևերը լինում են կիստոզ, ֆիբրոզ, գեղձային բաղադրիչների գերակշռմամբ և խառը:
Կլինիկական պատկերը: Հիվանդության սկզբնական շրջանում (մաստալգիա, մաստոդինիա) հիվանդները գանգատվում են կրծքագեղձերում ցավային ցգացումից, որը սկսվում է դաշտանից մի քանի օր առաջ: Ցավերը հաճախ ունեն կաուզալգիկ բնույթ, տեղակայում են մեկ կամ երկու կրծքագեղձերում, ճառագայթում են անութափոսի, թիակի կամ ուսահոդի շրջան: Ցավային զգացումները սովորաբար ուժեղանում են դաշտանային ցիկլի երկրորդ փուլում, նվազում կամ անհետանում են դաշտանի սկսման հետ: Աստիճանաբար ցավային համախտանիշը դառնում է ավելի ինտենսիվ և մշտական: Շոշափելիս առկա է կրծքագեղձերի խիստ ցավոտություն, և դիֆուզ պնդացում: Կարող են շոշափվել պնդացած հատվածներ առանց հստակ սահմանների, ձգանների կամ մանր հատիկավորության (ՙկոտորակների՚) տեսքով: Կարող է դիտվել տարբեր բնույթի արտադրություն պտուկից:
Բաց գույնի, ջրիկ կամ կաթնանման արտադրությունները վկայում են ոչուշ սկսված պրոցեսի մասին, իսկ մուգ, կանաչավուն կամ շագանակագույն արտադրությունները` հիվանդության մեծ վաղեմության մասին:
Մաստոպաթիայի հանգուցավոր ձևի դեպքում կրծքագեղձում պնդացումներն ավելի հստակ են և հիշեցնում են ուռուցքը: Տարբերակիչ-ախտորոշիչ նշանակություն ունի պրոցեսի ցիկլային բնույթը. մաստոպաթիկ հանգույցն ավելի արտահայտված է դաշտանից առաջ և նվազում է դաշտանի սկսման հետ: Բացի այդ, մաստոպաթիկ հանգույցները մարմնի տարբեր դիրքերում փոխում են տեղակայումը, չափսերը և կոնսիստենցիան: Ափով կրծքավանդակի պատին սեղմելիս այն դադարում է որոշվել (Քյոնիգի բացասական ախտանշան):
Մաստոպաթիայի ախտորոշման ժամանակ կարևոր նշանակություն ունեն ուլտրաձայնային և մամոգրաֆիկ հետազոտությունները:
Մաստոպաթիայի դեպքում մամոգրաֆիկ հետազոտության ժամանակ դիտվում է կրծքագեղձի կամ նրա բաժինների տարածուն, ձգանային խավարում և լուսավորումներ (կիստաներ): Խավարման ֆոնի վրա առկա մանր կալցինատները (միկրոկալցիֆիկատներ) կարող են վկայել պրոցեսի չարորակացման մասին: Բուժումը պետք է կրի էթիոպաթոգենետիկ բնույթ, պետք է հայտնաբերել հիվանդության առաջացման պատճառը և վերացնել այն:
Դիֆուզ մաստոպաթիայի արդյունավետ բուժման գրավական կարող է լինել հետևյալ կանոնների պահպանումը.
- անամնեզի մանրազնին հավաքում,
- ուղեկցող հիվանդությունների բուժում,
- լրացուցիչ հետազոտություններ (կրծքագեղձի քաղցկեղի ժխտում),
- համալիր մոտեցում (ազդեցություն ախտաբանական պրոցեսի տարբեր օղակների վրա,
- բուժման փուլային ընթացք,
- պարբերաբար հսկողություն:
Դիֆուզ մաստոպաթիայի բուժումն ունի պահպանողական (կոնսերվատիվ) բնույթ: Այն սկսում են ոչհորմոնային դեղամիջոցների կիրառմամբ: Նշանակում են կալիումի յոդիդի միկրոդեղաչափեր (միկրոյոդոթերապիա), հակաօքսիդանտ վիտամիններ (A,E), հանգստացնող (սեդատիվ) ազդեցությամբ դեղամիջոցներ (բրոմկամֆորա, ֆիտոսեդատիվներ), պրոլակտոստատիկներ (մաստոդինոն, բրոմկրիպտին), հեպատոպրոտեկտորներ (կարսիլ, հոֆիտոլ): Արտահայտված ցավային համախտանիշի դեպքում բավականին արդյունավետ է դիմեքսիդի (դիմեթիլսուլֆօքսիդի) տեղային կիրառումը թրջոցների ձևով: Ոչ հորմոնային բուժման անարդյունավետության դեպքում, կախված հիվանդի էնդոկրին պրոֆիլից նշանակում են համապատասխան հորմոնային դեղամիջոցներ (արական և իգական սեռական հորմոններ, հակաէստրոգեններ, թիրեոիդին, տեղային ազդեցությամբ հեստագեններ):
Հանգուցավոր մաստոպաթիայի դեպքում բուժումը վիրահատական է: Կատարվում է կրծքագեղձի սեկտորալ մասնահատում շտապ հյուսվածաբանական հետազոտմամբ:
Էլեկտրոնային նյութի սկզբնաղբյուրը ՝ Doctors.am
Նյութի էլէկտրոնային տարբերակի իրավունքը պատկանում է Doctors.am կայքին