«Դոյչ Մեդ» ընկերության, Գերմանիայի լավագույն կլինիկաներում բուժում ստանալու, բժշկական և փաստաթղթային հարցերի համակարգման մասին Doctors.am-ը զրուցեց «Դոյչ Մեդ» ընկերության տնօրեն Թեհմինա Վարդանյանի հետ:

Ներկայացրեք, խնդրեմ, ի՞նչ գործունեություն է ծավալում «Դոյչ Մեդ» ընկերությունը:

Մոտ երեք տարի Հայաստանում գործում է «Դոյչ Մեդ»  ընկերությունը, որը, հանդիսանում է գերմանական մի շարք կլինիկաների պաշտոնական գործընկերը Հայաստանում: Գործելուց ի վեր արդեն բազմաթիվ հիվանդներ ստացել են որակյալ ախտորոշում և բուժում Գերմանիայի լավագույն կլինիկաներում, ինչպիսին են, օրինակ, Ֆրայբուրգի համալսարանական կլինիկան /Գերմանիայի 3 լավագույն կլինիկաներից մեկը/, Ամբուլատոր ախտորոշման և վիրաբուժության կենտրոնը, Բադ Քրոցինգեն սրտաբանական կենտրոնը և այլն: Մեզ դիմելու պահից սկսած աջակցում ենք քաղաքացիներին ոչ միայն կլինիկայի հետ կապված հարցերում, այլ ընդհուպ մինչև այց Գերմանիայի դեսպանություն, փաստաթղթային թարգմանություններ, հյուրանոցի ամրագրում, Ֆրայբուրգ հասնելուն պես դիմավորում, ամենօրյա ուղեկցում կլինիկա, բանավոր թարգմանություն գերմարերեն-հայերեն, հայերեն-գերմաներեն լեզուներով: Եվ, որ ամենակարևորն է, հիվանդի Հայաստան վերադառնալուց հետո ամիսների ընթացքում շարունակում ենք կապ պահպանել կլինիկայի և բուժող բժշկի հետ:

Ձեր համագործակցության շրջանակում արդյո՞ք նախատեսվում է գերմանացի բժիշկների այց Հայաստան:

Բազմիցս Հայաստան ենք հրավիրել տարբեր ոլորտների մասնագետների՝ ֆիզիոթերապևտ, ուռուցքաբան, էնդոկրինոլոգ, պլաստիկ և միկրովիրաբույժ: Ապագայում ունենք այս ուղղությունը զարգացնելու ծրագրեր: Ունենք նաև հեռակա դիագնոստիկայի փաթեթ, այսպես կոչված, երկրորդ բժշկի կարծիք: Իրենից ներկայացնում է հետևյալը. Կազմակերպությունը ընդունում է հիվանդի  այստեղ արդեն անցկացված հետազոտությունների փաթեթը, եթե կից կա նաև սկավառակ՝ նույնպես, ուղարկում ենք վերը նշված Համալսարանական կլինիկայի տվյալ խնդրին համապատասխան բաժանմունք, համապատասխան պրոֆեսորներին: Այնտեղ անց է կացվում կոնսիլիում, որի արդյունքում տրամադրում են եզրակացություն և հետագա բուժման պլան:

Ասացեք խնդրեմ, առավելապես ի՞նչ խնդիրներով են դիմում:

Խնդիրները տարբեր են, սկսած էպիլեպսիայի վիրահատական միջամտությունից և ողնաշարի ճողվածքից, ընդհուպ պլաստիկ վիրաբուժություն: Շատ են դիմում օնկոլոգիական խնդիրներով: Ցավոք, դա ամենատարածված հիվանդությունն է: Ունեցել ենք բազմաթիվ հիվանդներ, որոնք Գերմանիայում վիրահատվել են, իսկ հաջորդիվ նշանակված  բուժումը, օրինակ քիմիոթերապիա, ճառագայթային թերապիա, շարունակել են ստանալ Հայաստանում, իսկ մենք ընթացքում կապ ենք ապահովել բուժող բժշկի հետ: Դրանով հնարավոր է խնայել զգալի ժամանակ, ինչպես նաև գումարներ` ստանալով որակյալ բուժում:

Եվ վերջում, ինչու՞ մեկնել Գերմանիա բուժման հենց  Ձեր կազմակերպության միջոցով: Ո՞րն է ձեր առավելությունը:

Ունենալով համագործակցության պայմանագրեր կլինիկաների հետ, նախ և առաջ, մենք գրեթե 1.5-2 անգամ ավելի մատչելի ենք սպասարկվում, քան եթե հիվանդն ինքնուրույն դիմի: Եվ,վերջապես, մեզ մոտ գործում է «մեկ պատուհանի» սկզբունքը: Կազմակերպչական հարցերի, այսպես ասած, բեռը ամբողջովին վերցնում ենք մեզ վրա, մասնավորապես ապահովելով գերարագություն բազմաթիվ հրատապ դեպքերի համար` հաշվի առնելով մեր գործընկերային հարաբերությունները ինչպես կլինիկաների, այնպես էլ Հայաստանում Գերմանիայի դեսպանատան հետ:


Աղբյուրը՝ Doctors.am
17 Հուլիսի, 2015