Ամռան ընթացքում շատերիս սիրելի ու սպասված հանգստի տարբերակը արևն ու ծովը վայելելն է։
Ցավոք, այդ ընթացքում հնարավոր են նաև վտանգավոր իրավիճակներ, որոնք պահանջում են գրագետ կերպով առաջին օգնություն ցուցաբերել։
Նմանատիպ իրավիճակներից է ջրահեղձումը։
Ահա, թե ինչ է պետք անել այս դեպքում՝
Խեղդվողին ջրից դուրս բերելուց անմիջապես հետո պետք է շրջել նրան երեսնիվայր՝ հնարավորություն տալով, որ ջուրը և փսխման զանգվածները դուրս թափվեն բերանից, բայց չպետք է փորձել հեռացնել ողջ ջուրը, քանի որ շնչուղիներին անցած ջրի 50-60%-ը շատ արագ ներծծվում է անոթային հունի մեջ։ Թոքերից ջուրը հեռացնելու նպատակով՝
- տուժածին պետք է հենել օգնողի՝ ծունկը ծալած աջ ոտքի ազդրին՝ աշխատելով, որ նրա գլուխը լինի կոնքից ցած,
- տուժածի մեջքին հարվածելով՝ փորձել դուրս մղել ջուրը (մոտ 1 լիտր),
- փսխելու կամ հազ առաջանալու դեպքում պետք է աշխատել ամբողջությամբ մաքրել ստամոքսը և շնչուղիները։
Գիտակցությունը կորցրած տուժածների շրջանում փսխման և հազի բացակայության դեպքում 15 վայրկյանից ավելի չպետք է հատկացնել շնչուղիներից ջուրը դուրս բերելուն, այլ անմիջապես՝
- շրջել տուժածին մեջքի վրա,
- սկսել կատարել սիրտ-թոքային վերակենդանացում,
- կանչել շտապօգնություն: