Արյունատար համակարգում տարբերում են զարկերակներ, մազանոթներ, երակներ: Արյունը զարկերակներով սրտից հոսում է դեպի օրգաններ: Այն հագեցված է թթվածնով՝ բացառությամբ թոքային զարկերակի, որը տեղափոխում է երակային արյուն: Երակներով արյունը հոսում է դեպի սիրտ և ի տարբերություն թոքային երակների՝ պարունակում է քիչ թթվածին: Զարկերակները ճյուղավորվելով անցնում են մազանոթների, որոնց հիմնական ֆունկցիան նյութափոխանակությունն է արյան ու  հյուսվածքների միջև: Կատարված նյութափոխանակությունից հետո՝ մազանոթները միանալով, հավաքվելով, առաջացնում են երակներ, որոնցով արյունը հոսում է դեպի սիրտ: «Ճառագայթաբանական» շաբաթ հանրային իրազեկման ծրագրի շրջանակում ինչպես Doctors.am-ին տեղեկացրեց նեկայացնում է ԵՊԲՀ Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցային համալիր «Լևոն և Քլաուդիա Նազարեանների անվան ռադիոլոգիայի կենտրոն»-ի մագիստրալ անոթների դուպլեքս հետազոտության բժիշկ-մասնագետ Ադրինա Թորգոմյանը, անոթների ոչ ինվազիվ հետազոտման մեթոդ է դուպլեքս հետազոտությունը, որը հնարավորություն է տալիս գնահատել արյան շրջանառության ցուցանիշները, անոթների անցանելիությունը, նեղացումների աստիճանը, պատի վիճակը, թրոմբի առկայությունը և այլն: Անոթների դուպլեքս հետազոտությունը կատարվում է գունավոր ուլտրաձայնային սկաներների միջոցով:

Գլխի ու պարանոցի անոթների դուպլեքս հետազոտության համար հիմնական ցուցումներն են` գլխացավը, գլխապտույտը, աղմուկն ականջներում, գիտակցության խանգարումները, կոորդինացիայի խանգարումներն ու հեմիպարեզը:

Ստորին վերջույթների զարկերակների և երակների դուպլեքս հետազոտության կատարվում է, երբ հիվանդն ունենում է մկանային ցավեր սրունքներում, սառը ոտնաթաթեր, ոտքերի այտուց, տրոֆիկական խոցեր, մաշկի գույնի փոփոխություններ, ոտնաթաթերի թմրածություն:

Դուպլեքս հետազոտության համար ոչ մի տարիքային սահմանափակում չկա, քանի որ անոթների ախտահարում կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, իսկ դուպլեքս հետազոտությունը համարվում է առավել անվտանգ և արդունավետ մեթոդ՝ անոթները հետազոտելու համար:

Դուպլեքսն անվտանգ, անցավ հետազոտություն է, որը չունի հակացուցումներ, իսկ ճշգրիտ ախտորոշման հավանականությունը բարձր է:

 


Հեղինակ՝ Մարգարիտա Մխիթարյան
Աղբյուր՝ Doctors.am
28Նոյեմբերի, 2017