Չի կարելի արտարգանդային հղիության դեպքում ցուցաբերել վիրահատական միջամտություն:
Արտարգանդային հղիություն զարգանալու բոլոր պատճառները դեռևս պարզված չեն, սակայն մեծ մասամբ այն առաջանում է բորբոքային կամ հորմոնալ խնդիրների հետևանքով: Մեր երկրում արտարգանդային հղիություն հանդիպում է 0,5% դեպքերում, սակայն, ցավոք, ունի աճի միտում:

Այսօր ամբողջ աշխարհում արտարգանդային հղիության դեպքերը, որոնց մեծ մասը զարգանում է արգանդի փողերում, բժիշկները վարում են դեղորայքային կամ սպասողական եղանակով: Վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ շատ դեպքերում նույնիսկ դեղորայք կիրառելու անհրաժեշտություն չի լինում: Այս ամենն ամրագրված է նաև ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ուղեցույցներում:
Հայաստանյան տարբեր բուժհաստատություններում, դժբախտաբար, արտարգանդային հղիությունների դեպքում բժիշկները դիմում են վիրահատության, որը միմիայն ավելորդ տրավմա և սթրես է կնոջ օրգանիզմի համար,թեկուզ եթե վիրահատությունը կատարվում է փողի պահպանմամբ։ Սա հակասում է բժշկության N1 սկզբունքին՝ «Մի՛ վնասիր»:

Ցավոք, բժիշկների թեկուզև չգիտակցված սխալի պատճառով Հայաստանում ամեն տարի վիրահատվում է 400-500 կին: Սա համարվում է բուժման հնացած մեթոդ:
Մեր կենտրոնում վերջին տարիներին արտարգանդային հղիության տասնյակ դեպքեր վարել ենք դեղորայքային բուժման եղանակով, և գերազանցապես հաջողվել է խուսափել վիրահատական միջամտությունից: Սա պետք է նորմ դառնա երկրի բոլոր առաջատար գինեկոլոգիական կլինիկաներում: Ընդամենը մեկ ներարկման փոխարեն հեռացնել կնոջ արգանդափողերը, կարծում եմ, որևէ կերպ չարդարացվող բժշկական սխալ է, որը հանգեցնում է անպտղության:
 


Doctors.am
Հոդվածի սկզբնաղբյուրը՝ ՀՀ ԱԱԻ «Առողջապահություն» ամսագիր, N2,2016