Էնդոկրին հիվանդությունները մեծ տարածում ունեն թե աշխարհում, և թե Հայաստանում։ Այս հիվանդությունների շարքին են պատկանում ներզատական  գեղձերի և հորմոնների հետ կապված հիվանդությունները, ինչպիսիք են դիաբետը, վահանաձև ու էնդոկրին գեղձերի խանգարումները և այլն։ Էնդոկրին հիվանդությունների առաջացման ռիսկի գործոններից է նաև սիգարետ ծխելը։ Այս թեմայով զրուցել ենք Երևանի գլխավոր էնդոկրինոլոգ, առաջատար մասնագետ Էլիզա Հայրապետյանի հետ։

Որո՞նք են Հայաստանում ամենատարածված էնդոկրին հիվանդությունները։

Հայաստանում ամենատարածված էնդոկրին հիվանդություններն են շաքարային դիաբետը և վահանաձև գեղձի հիվանդությունները։ Էնդոկրին համակարգի բոլոր հիվանդությունները զարգանում են էնդոկրին օրգանների հիպերֆունկցիայի, հիպոֆունկցիայի կամ դիսֆունկցիայի արդյունքում։ Այս հիվանդությունների պատճառները տարբեր են՝ հորմոնային խանգարումներ, գենետիկ նախատրամադրվածություն, առօրյա կյանքում հանդիպող և ապրելակերպի հետ կապված ռիսկի գործոններ։

Ինչպե՞ս է ծխելը անդրադառնում այս հիվանդությունների զարգացման վրա։

Ծխելը վատ սովորություն է, որը վնասում է առողջությունը։ Բազմաթիվ բժշկական հետազոտություններ ապացուցել են, որ 1-ին և 2-րդ տիպի շաքարախտի դեպքում ծխելը լուրջ վնաս է հասցնում բոլոր օրգաններին և համակարգերին: Խեժը, վնասակար և կանցերոգեն նյութերը, որոնք ծխախոտի ծխում 500-ից ավելի են, թուլացնում են օրգանիզմը, ազդում սրտի աշխատանքի, անոթների, նյութափոխանակության վրա։

Ծխելը ինսուլտի ռիսկի գործոն է, վատացնում է արյան հոսքը ստորին վերջույթներում, ինչը բարդությունների դեպքում կարող է հանգեցնել վերջույթների անդամահատման։

Եթե մարդ ունի վահանաձև գեղձի խնդիր, ապա ծխելը ավելի խորացնում և վատացնում է վիճակը։

Սիգարետի ծխի մեջ պարունակվող բազմաթիվ տոքսիններից վահանաձև գեղձի համար առավել վտանգավոր են թիոցիանատը և 2,3-հիդրոցիպիրիդինը: Առաջինը խանգարում է օրգանիզմում յոդի յուրացմանը, ինչի պատճառով վահանաձև գեղձը մեծանում է, երկրորդը՝ կանխում է դեյոդացումը և հանգեցնում արյան մեջ թիրոքսինի մակարդակի բարձրացման։

Ինչպե՞ս կարելի է նվազեցնել էնդոկրին հիվանդությունների առաջացման ռիսկը։

Էնդոկրին հիվանդությունների առաջացման ռիսկը նվազեցնելու համար, պետք նախ և առաջ առողջ ապրելակերպ վարել։ Այն է ուտել չափավոր և օգտակար սնունդ, հետևել քաշին, ֆիզիկական աշխատանք կատարել, և հրաժարվել վնասակար սովորություններից։

Օրինակ՝ ծխելը թողնելը առնվազն 2 անգամ նվազեցնում է այս հիվանդությունների առաջացման ռիսկը։ Բայց քանի որ շատ դեպքերում չի ստացվում միանգամից թողնել ծխելը, կարելի է անցում կատարել այլընտրանքների, որոնք ավելի քիչ ռիսկ են ներկայացնում, օրինակ նիկոտինային մաստակները, սպեղանիները, ծխախոտի տաքացման համակարգերը, էլեկտրոնային սիգարետները։ Այս արտադրատեսակների տարբերությունը սիգարետից նրանում է, որ դրանք չեն արտազատում ծուխ, այլ նիկոտինը հասցնում են օրգանիզմ այլընտրանքային եղանակով։ Օրինակի համար մաստակները նիկոտինը օրգանիզմ են հասցնում մարսողական համակարգի միջոցով, իսկ տաքացման համակարգերը աերոզոլի միջոցով, որի մեջ ավելի քիչ են վնասակար նյութերը։

Պետք է հիշեք, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է, և առաջինը հենց դուք պետք է օգնեք ձեր օրգանիզմին առողջ լինելու համար։