Ծննդաբերության ժամանակ բոլոր տեսակի վախերից և ցավերից հետո երեխայի հետ հանդիպումը ամենագեղեցիկ պահն է: Երբ ծննդաբերությունը հաջող է ընթանում, բուժանձնակազմը առաջարկում է, որ մայրը փոքրիկի հետ հանգիստ շփվի և բժշկական անհրաժեշտ գործողությունները՝ երեխային կշռելը, չափելը և այլն, մղվում են ետին պլան: Եթե ծննդաբերության ժամանակ ցավազրկող ուժեղ դեղամիջոցների կարիք չի զգացվել, նորածինը հաճախ արթուն է լինում և կարող է ընկալել ծնողների հետ առաջին շփումը: Մոր փափուկ փորի վրա երեխան իրեն լավ է զգում, ծանոթ են նրա սրտի հանգստացուցիչ զարկերը, ձայնը, որին նա վստահում է: Առաջին նուրբ գգվանքները նրան հաղորդում են սիրո և պաշտպանվածության զգացում, խթանում շնչառությունը և արյան շրջանառությունը:
Մայրական սեր առաջին հայացքից
Ծննդաբերությունից անմիջապես հետո մոր զգացմունքների մեջ մեծ փոփոխություններ են կատարվում, հղիության շրջանում մայրը երեխային ընկալում է որպես իր մարմնի մաս, իսկ ծննդաբերության ժամանակ այդ կապը խզվում է: Երեխան արդեն ինքնուրույն էակ է: Շատ մայրեր այդ պահին ունենում են խառը զգացումներ: Երբ նորածնին առաջին իսկ րոպեից թողնում են մոր մոտ, զգացմունքային շփումը և նոր իրավիճակի ընկալումը հեշտանում են: Այդ բարդ գործընթացի ժամանակ գոյանում են որոշակի հորմոններ՝ պրոլակտին և օքսիտոցին: Կենսաբանորեն այս հորմոններով, ինչպես նաև փոքրիկ, անպաշտպան էակի ներկայությամբ են բացատրվում մոր ապրումները: Գիտնականներն այդ պահը համարում են ամենահարմարը սիրո զգացմունքի զարգացման և ձևավորման համար:
Ծննդաբերությունից հետո ծագող մայրական երջանկության զգացումն ինքնիրեն , ինչ-որ հրահանգով չի ծագում: Կյանքի նախկին հունից բաժանվելու պատրաստակամությունը, անշուշտ բնածին է, բայց զգացմունքային ընկալման հմտությունը պետք է զարգացնել: Դրա համար մայրն ու զավակը անհրաժեշտ ժամանակի և հանգստի կարիք ունեն: Մայրը իրազեկ պիտի լինի, որպեսզի չվախենա և անվստահ չլինի: Երեխայի նկատմամբ սերը սկզբում այնքան էլ ուժեղ չէ. այն աճում է ինքնավստահությանը զուգընթաց. համատեղ կյանքի ընթացքում մայրը սովորում է հասկանալ, զգալ փոքրիկի կարիքները, դրանք հոգալու միջոցները: Նա արագ կռահում է՝ փոքրիկը սովա՞ծ է, շորերը փոխելու ժամանա՞կն է , թե՞ նա պարզապես մենակ մնալ չի ուզում: Այդ առումով շատ կարևոր է մոր ինքնազգացողությունը. եթե մայրը լավ չի զգում, ինքնաբերաբար իր ուշադրության կենտրոնում իր հանգստի հարցն է: Կանանցից շատերը պատմում են ծննդաբերությունից հետո «դատարկության անորոշ զգացման» մասին, որը բնական է ֆիզիկական և հոգեկան ծանրաբեռնվածությունից հետո: Դա է պատճառը, որ ծննդաբերությունից հետո՝ առաջին պահերին, մայրական սիրո զգացումն այնքան էլ վառ չի դրսևորվում: Հաճախ մայրերը հիասթափվում են իրենց զգացումներից. գոհունակության փոխարեն ծագում է վախի, անվստահության զգացում նոր պարտականությունների նկատմամբ: Այդ մտքերը չեն վնասում երեխային, չեն խթանում մոր հետ նոր հարաբերությունները: Կարևորն այն է, որ մայրն իր զգացմունքին աճելու, զարգնալու հնարավորություն տա: Հայրական սիրո զգացման ձևավորումն էլ է անցնում նույն ընթացքով: Հայրերը ոչ միայն հոգեբանորեն լավ են նախապատրաստվում իրենց երեխայի աշխարհ գալուն, այլև հենց սկզբից շատ շուտ են սիրում նրան: Սակայն նորաթուխ հայրիկի զգացումները միանգամից չեն ձևավորվում: Տղամարդկանցից շատերը կնոջ ծննդաբերությունը կրում են որպես զգացմունքային ծայրահեղ լարվածության պահ և հանգստի կարիք են զգում: Տղամարդիկ հաճախ առաջին հերթին մինչև փոքրիկին գրկելը մտահոգվում են կնոջ վիճակով:
Նյութը ՝ «Մինչև մեկ տարեկան երեխայի խնամքը»