Կորոնավիրուսի հետ կապված մեկուսացումը կարող է խիստ ձանձրացնել երեխաներին և նրանց դարձնել ագրեսիվ, իսկ դուք հավանաբար ստիպված եք աշխատել տանից, իրականացնել առցանց կոնֆերանսներ, կարիք ունեք կենտրոնանալու և այլն: Այս իրավիճակը հաղթահարելու միակ տարբերակը երեխաներին հետաքրքրող զբաղմունքներ գտնելն է: Ահա մի քանի գաղափար, որոնք կարող են զբաղեցնել երեխային՝ առանց սմարթֆոնների և համակարգիչների օգտագործման:
- Երեխային տանից դուրս հանեք: Նշանակություն չունի, թե դրսում երեխային ինչպես կզբաղեցնեք. կարող է հեծանիվ քշել, վազել կամ պարզապես քայլել: Կարևորն այն է, որ երեխան մաքուր օդ շնչի և կուտակված էներգիան ինչ-որ կերպ ծախսի: Դա կթուլացնի լարվածությունը և երեխան տանը փակված մնալուց չի ձանձրանա:
- Խթանեք երեխային օգնել ձեզ տնային գործերում: Գուցե այս խորհուրդը ոչ արժանահավատ է հնչում, բայց հավատացեք՝ ամեն բան կախված է նրանից, թե ինչպես այն կներկայացնեք երեխային: Ցույց տվեք երեխային, որ ստեղծված իրավիճակի պայմաններում նրան թույլ եք տալիս օգնել ձեզ, օրինակ, մաքրել հատակը, վերցնել փոշին: Դեռահաս երեխաների դեպքում այս առաջադրանքները կարող են ավելի լուրջ լինել: Այս դեպքում ձեր խնդիրն է այնպես անել, որ երեխան զգա իր արածի կարևորությունը ընտանիքի համար: Սա լավ հնարավորություն է երեխային օրինակով ցույց տալու, թե ինչպես են աշխատում կազմակերպությունները, առհասարակ՝ ինչպես պետք է իրեն դրսևորի հասարակության յուրաքանչյուր անդամ համաճարակի պայմաններում:
- Ձեռագործ աշխատանք: Ինչ-որ նոր բան ստեղծելը միշտ էլ հաճույք է պատճառում: Երեխայի համար հարմարություններ ստեղծեք, որպեսզի նա կարողանա գունավոր թղթերով ինչ-որ բան պատրաստել: Հետաքրքկիր կլինի նաև կոլաժների պատրաստումը: Կարող եք նաև խնդրել երեխային, որ իր սիրելի լուսանկարներով զարդարի տան պատը կամ տրամադրել միջոցներ, որ ձեռագործ զարդեր պատրաստի: Հնարավորության դեպքում դուք էլ միացեք աշխատանքին, որպեսզի երեխային ավելի ոգևորեք:
- Փազլներ և սեղանի խաղեր: Փազլները հրաշալի զբաղմունք են բոլոր տարիքի մարդկանց համար` իհարկե հաշվի առնելով փազլի կտորների չափերն ու քանակը։ Փազլ հավաքելը ընտանիքի անդամներով զվարճալի ժամանց ունենալու կատարյալ տարբերակ է։ Սեղանի խաղերի հետաքրքիր տարբերակներ են մոնոպոլիան, քվեստը, լոտոն և այլն։
- Լուսանկարների ալբոմներ։ Ալբոմները հիշողությունների գիրկը կգցեն նույնիսկ մեծահասակներին: Հիշեցրեք ձեր երեխաներին (ովքեր հիմնականում Facebook-ում և Instagram-ում են նկարներ նայում), թե ինչպիսին են եղել նրանք փոքր տարիքում, ցույց տվեք նաեւ ձեր մանկական նկարները։
- Կարդալ և գրել: Սա չի վերաբերում դպրոցական առաջադրանքներին: Պարտադրանքը սկզբում կարող է ավելորդ լարվածություն առաջացնել: Խնդրեք երեխային նամակներ գրել իրենց սիրելի մարդկանց՝ տատիկին, պապիկին, մորաքրոջը, ընկերներին և այլն: Երեխային գիրք առաջարկեք՝ բովանդակության վերաբերյալ նախապես հետաքրքրություն առաջացնելով:
- Երեխաներին թույլ տվեք ուտել բոլոր արգելված ուտեստները` թխվածքաբլիթներ, տորթ և այլն։ Փոքրիկները սիրում են օգնել մայրիկներին խոհանոցում, իսկ ավելի մեծերը կարող են կազմել օգտակար խոհանոցային գրքեր` ներառելով իրենց սիրելի բաղադրատոմսերը` բանանով հաց, քաղցր թխվածքաբլիթներ։
Աղբյուրը՝ Cleveland clinic