Փոքրիկն արդեն բավական լավ վերահսկում է գիխի շարժումները, մեծերի ձեռքին նստած` մի քանի վայրկյան պահում է գլուխը: Վզի մկաններն ամրացել են, նա թեքում է գլուխը, հետևում շարժվող առարկային, որը 20 սանտիմետրից հեռու չպետք է գտնվի:

Երեխայի զարգացումը

Փոքրիկն արդեն կարող է`

- Մորը տեսնոլուն պես ժպտալ:

- Պահել գլուխը:

- Հաճույքով դիտել մահճակալին կախված վառ խաղալիքները:

- Խաղալ իր թաթիկներով:

- Ոչ մեծ խաղալիքները մի քանի վայրկյան բռնել ձեռքով:

Պատվաստումը

Այս հասակում են արվում առաջին պատվաստումները դիֆթերիայի, կապույտ հազի, փայտացման և պոլիոմիելիտի դեմ: Պատվաստումից հետո փոքրիկը կարող է քմահաճություններ անել, կունենա անառողջ տեսք, հնարավոր է, որ նրա ջերմությունը բարձրանա: Մեկ, երկու օր անց այդ երևույթները կանհետանան: Ներարկման տեղում մաշկը կարող է կարմրել, թեթև բորբոքվել ու այտուցվել: Դա պատվաստման բնական պատասխանն է: Եթե անհանգստացնող ինչ-ինչ հարցեր ծագեն, պետք է բժշկի դիմել:

3-4 Ամսական փոքրիկների համար հանձնարարվող վարժությունների համախումբ

1. Ձեռքերի մերսում

Ելման դրությունը-երեխային պառկեցրեք մեջքի վրա` ոտքերով դեպի սեղանի մոտակա եզրը:
Կատարումը-ափով շոյելով փոքրիկի ձեռքերը` շարժվեք նախաբազուկի և բազուկի ներքին մակերեսով` դաստակից դեպի ուսը:
Կրկնեք 6-8 անգամ:

2. Ձեռքերի խաչաձևում կրծքի վրա և բացում դեպի կողքերը

Ելման դրությունը-երեխային պառկեցրեք կողքի վրա և թող նա բռնի Ձեր բթամատերը:
Կատարումը-ծալելով փոքրիկի ձեռքերը, խաչաձևեք նրա կրծքի վրա, ապա ուղղելով, կողմ տարեք:
Կրկնեք 4-6 անգամ:
Նպատակը` ամրացնել ձեռքերի և ուսագոտու մկանները, օժանդակել խորը ներշնչում կատարելուն:

3. Ոտքերի մերսում

ա) Շոյում (կրկնեք 8-10 անգամ):
բ) Շփում և ափով մանր, թեթւակի շարժումներ կատարեք` շարժվելով սրունքի և ազդրի դրսի կողմով` ոտնաթաթից դեպի կոնքազդրային հոդը:
Կրկնեք 6-8 անգամ:
գ) Տրորում և երկու ձեռքի ցուցամատերով և բթամատերով միաժամանակ պարուրաձև շարժումներ կատարեք սրունքի ներքին և արտաքին կողմերով` ոտնաթաթից դեպի կոնքազդրային հոդը:
Ծանոթություն. աջ (ձախ) ոտքը մերսելիս շփումը կատարվում է ձախ (աջ) ձեռքով:
դ) Ազդրի շրջանաձև շփումներ և ամուր բռնելով երեխայի սրունքը` երկու ձեռքի ցուցամատերով և բթամատերով` համեմատաբար եռանդուն շրջանաձև շփումներ կատարեք` ոտնաթաթից դեպի ծունկը:
Կրկնեք 4-6 անգամ:
Ոտքերի մերսումն ավարտվում է շոյող մերսումով:

4. Թիկունքից փորի վրա շրջվելը
(ռեֆլեքսային վարժություն)

Ելման դրությունը-երեխային պառկեցրեք թիկունքի վրա, աջ ձեռքով բռնեք ոտքերից, իսկ ձախով` արմունկում ծալած աջ ձեռքից:
Կատարումը-մի քիչ ձախ թեքելով փոքրիկին` հորդորեք նրան ինքնուրույն շրջվել փորի վրա:
Նույն բանը 1-2 անգամ կրկնեք աջ և ձախ կողմերի վրա` փոխելով ձեռքերի ելման դրությունը:
Նպատակը` ամրացնել իրանի մկանները, սովորեցնել թիկունքից շրջվել փորի վրա: Հետագայում, երբ երեխան սովորի ինքնուրույն շրջվել, բռնեք միայն նրա ոտքերից:

5. Թիկունքի մերսում

Ելման դրությունը-երեխային պառկեցրեք փորի վրա:
Կատարումը- ա) Շոյում (4-6 անգամ):
բ) Շփում (4-6 անգամ):
գ) Տրորում և երկու ձեռքերի ցուցամատերով և բթամատերով պարուրաձև շարժումներ կատարեք նստատեղից մինչև պարանոցը:
Կրկնեք 4-6 անգամ:
Թիկունքի մերսումն ավարտվում է շոյող մերսումով:

6. Ոտնաթաթի մերսում

ա) Շոյում (4-6 անգամ):
բ) Մատների շփում (6-8 անգամ):
գ) << Թփթփոցներ >> և ձեռքի թեթևակիորեն ծալած մատներով թփթփացնել երեխայի ներբանին (4-6 անգամ):

7. Ոտնաթաթերի ծռում վեր ու վար
(ռեֆլեքսային վարժություն)

Ելման դրությունը-երեխային պառկեցրեք մեջքի վրա:
Կատարումը-աջ ձեռքի մատը դրեք փոքրիկի ոտքի բթամատի մոտ, թեթևակի սեղմելով, մատը տեղափոխեք ոտնաթաթի ներքին եզրով ամբողջ ոտնաթաթի շուրջը (ծռում դեպի վեր), փոխեք ուղղությունը, շարժումը սկսեք ճկույթից, մատը տեղափոխեք ոտնաթաթի արտաքին եզրով` նորից ամբողջ ոտնաթաթի շուրջը (ծռում դեպի վար):
Կրկնեք 2-4 անգամ:
Նպատակը` ամրացնել ոտնաթաթի կապանները, հոդերն ու մկանները:
Վարժությունն ավարտվում է շոյող մերսումով:

7. << Պար գալը >>
(ռեֆլեքսային վարժություն)

Ելման դրությունը-բռնելով երեխայի թևատակերից` պահեք սեղանի վրա` դեմքով դեպի Ձեզ:
Կատարումը-սեղանի մակերեսին դիպչելիս երեխայի ոտքերը ծնկային և կոնքազդրային հոդերում ինքնաբերաբար (ռեֆլեքսով) ուղղվում են:
Կրկնեք 6-8 անգամ:
Նպատակը` ամրացնել ոտքերի մկանները և կանգնելու ունակություն մշակել:
Պարապմունքի ընդհանուր տևողությունը` 6-8 րոպե:

Ուսուցում

Երեխան արդեն սկսում է զգալ իր մարմինը, հասկանալ, որ իր շարժումները կախված են իր կամքից, ու ժամերով բացահայտ հաճույքով ուսումնասիրում է մատների շարժումները: Նա կարող է ծալել, բացել ձեռքերը և անսահման ուրախանալ դրանով: Նա կարող է նաև խլել խաղալիքը, մի քանի վայրկյան բռնել ձեռքի մեջ: Նկատելի է, որ փորիկի վրա պառկած դիրքում նա վստահորեն շարժում է թաթիկները, տոտիկները: Մեջքի վրա պառկած դիրքում նա փորձում է տոտիկներից մեկը կամ մյուսը բռնել թաթիկով, երբեմն պատահականորեն երկուսն էլ բռնում է:
Փոքրիկի առաջին ժպիտը ռեֆլեքսային է, ակամա, բայց նա շուտով կսկսի գիտակցաբար ժպտալ` ողջույնին կամ մոր ձայնին պատասխանելով: Առայժմ նրա ժպիտը կազմված է շրթունքների 4-5 կարճատև շարժումներից, որից հետո կեսրոպեանոց դադար է լինում, իսկ հետո փոքրիկը նորից սկսում է ժպտալ: Երբ նրա հետ խոսում են, նա սկսում է << աղու >> անել: Փորձեք զրուցել նրա հետ ու կտեսնեք, թե նա գրեթե ամեն անգամինչպես է լսածին պատասխանում իր ձայնով, շարժում շրթունքները, լեզուն, նույնիսկ փորձում է նմանակել լսած ձայները:
Լավ տրամադրության ժամանակ փոքրիկն իր զգացմունքներն արտահայտելու համար հուզված շարժում է թաթիկներն ու տոտիկները` իր հիացմունքը արտահայտելով խաղաղ մռնչյունով կամ հիացական ճղճղոցով: Բայց եթե նա ջղայնացած է կամ դժգոհում է մենակությունից, իր մասին կհիշեցնի բարձր և նույնիսկ զայրացած գոռգոռոցով:
Երեխային հանգստացնելու համար հարկավոր է պատասխանել նրա վարքագծին` միօրինակ ձայնով, ընդգծված ձևով գովաբանելով նրան:
Երեխայի ռեակցիան արտաքին աշխարհին դառնում է ավելի նկատելի, ու նա շատ է հուզվում` ճանաչելով իր սիրած առարկաները: Նա մեծագույն հաճույք է զգում, երբ գրկում են իրեն, մանավանդ, երբ գրկելուն զուգընթաց խաղում են հետը կամ բարյացակամ ձայնով զրուցում հետը, իսկ լողանալը դառնում է ժամանց, քանի որ նա այդ պահին մոր ուշադրության կենտրոնում է:
Հարկավոր է այնպես անել, որ երեկոյան անհրաժեշտ արարողությունները` լողացնելը, զրույցները և գուրգուրանքն ընկալի որպես քնի նախապատրաստություն: Այս հասակում երեխաներն արդեն գիշերն արդեն երկար են քնում, ցերեկը` համեմատաբար քիչ: Ցերեկային քունն այնքան խորը չէ, որքան առաջ, և փոքրիկն արթնանում է սովորական կենցաղային աղմուկից:

 

Նյութի Էլեկտրոնային սկզբնաղբյուրը` Doctors.am