Եթե կրծքագեղձում գոյացություն եք շոշափել, շուտափույթ եզրակացություններ մի՛ արեք, պարզապես դիմեք բժշկի, իսկ մեր հոդվածում կփորձենք հերքել տարածված սխալ ենթադրությունները քաղցկեղի մասին:
Սխալ 1. Կրծքագեղձում շոշափվող գոյացությունը գրեթե միշտ քաղցկեղ է
80% դեպքերում շոշափվող գոյացությունը կիստա կամ ֆիբրոադենոմա է: Դրանք կարող են առաջանալ ու անհետանալ դաշտանային ցիկլի ընթացքում: Սակայն յուրաքանչյուր կին պետք է ամեն ամիս կատարի կրծքագեղձի ինքնազզնում և անհրաժեշտության դեպքում անմիջապես դիմի բժշկի:
Սխալ 2. Եթե մամոգրամման նորմայի սահմաններում է ապա ամեն ինչ կարգին է
Եթե շոշափվող գոյացություն ունեք,սակայն մամոգրամման ոչինչ չի հայտնաբերել, անհրաժեշտ են հետազոտման լրացուցիչ մեթոդներ, կամ կրկնակի մամոգրամմա: Անհրաժեշտության դեպքում կկատարվի բիոպսիա՝ գոյացության բնույթը պարզելու համար:
Սխալ 3. Քաղցկեղը միշտ ցավոտ է
Որպես կանոն, կրծքագեղձի քաղցկեղն արտահայտվում է ցավով, սակայն հնարավոր են բացառություններ: Ցավն առաջանում է կրծքագեղձի բորբոքային քաղցկեղի դեպքում, որի վաղ նշաններն են կրծքագեղձի մաշկի կարմրությունը, այտուցը, ջերմության բարձրացումը:
Սխալ 4 Քաղցկեղը չի կարող արտահայտվել կրծքով կերակրելիս
Չնայած կրծքով կերակրելը նվազեցնում է քաղցկեղի առաջացման հավանականությունը, սակայն այն 100 %-ով չի բացառում հիվանդության արտահայտումը : Կրծքով կերակրելիս գոյացության հայտնաբերման դեպքում անպայման դիմեք բժշկի:
Սխալ 5. Քաղցկեղը չի հանդիպում երիտասարդ տարիքում
Քաղցկեղը կարող է արտահայտվել ցանկացած տարիքում, չնայած այն ավելի հաճախ հանդիպում է մենոպաուզայից հետո կամ 50 տարեկանից բարձր հասակում:
Սխալ 6. Քաղցկեղը մեծ չափեր ունի
Քաղցկեղը կարող է տարբեր չափեր ունենալ: Գոյացության չափերից հնարավոր չէ որոշել այն չարորակ է թե բարորակ:
Սխալ 7. եթե գոյացությունը հայտնվել է մամոգրաֆիայից անմիջապես հետո՝ կարելի է սպասել մինչև հաջորդ տարի
Իրականում, մամոգրաֆիան ոչ բոլոր ուռուցքներն է հայտնաբերում՝ հատկապես գեղձային հյուսվածքի բարձր խտության կամ գոյացության ոչ սովորական տեղակայման դեպքում: Հետևաբար, սպասելը սխալ է, անմիջապես դիմեք բժշկի:
Սխալ 8 . եթե ընտանիքում ոչ ոք քաղցկեղով չի տառապել՝ գոյացությունը քաղցկեղ չէ
Կանայք միամտորեն համարում են, որ եթե իրենց մոտ ազգականներից ոչ ոք քաղցկեղ չի ունեցել, ապա բացառվում է իրենց մոտ հիվանդության հայտնաբերումը: Սակայն քաղցկեղի հետազոտման ամերիկյան միության համաձայն, ընտանեկան անամնեզ ունի այս հիվանդությամբ տառապող կանանց 15%-ից էլ փոքր մասը:
Նյութի սկզբնաղբյուրը՝ Zdorovieinfo.ru
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am