Եվրոպայի էսթետիկ վիրաբուժության ասոցացիայի նախագահ, Միլանի համալսարանի պրոֆեսոր Ռուբեն Օդդենինոն Հայաստանում է և «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնի հետ համատեղ մեկ շաբաթ իրականացնելու է անվճար խորհրդատվություն:
- Ժամանակակից տեխնոլոգիաները Հայաստան ներմուծելուց բացի, մեր կենտրոնը խիստ կարևորում է նաև արտասահմանյան հմուտ և փորձառու մասնագետների այցելությունները` փորձի փոխանակման տեսանկյունից: Կարծում եմ, որ նմանապիտ առաջատար մասնագետները միայն կարող են տեղում կազմակերպել վերապատրաստումներ երիտասարդ պլաստիկ վիրաբույժների համար, ովքեր չունեն հնարավորություն դուրս գնալու, ծանոթանալու պլաստիկ վիրաբուժության արդի միտումներին,- ասում է «Ավանգարդ Մեդ» բժշկական կենտրոնի տնօրեն Գագիկ Ստամբոլցյանը:
Սա պրոֆեսորի երրորդ այցն է Հայաստան:
- Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այստեղ: Սիրում եմ Հայաստանը և կարծում եմ, որ այստեղ մոտեցումը պլաստիկ վիրաբուժությանը մի փոքր այլ է: Այստեղ դրան վերաբերվում են որպես արվեստի: Քանզի, տեխնիկան և տեսությունը սովորել հնարավոր է, սակայն գեղեցկության այդ զգացողությունը` ոչ: Այստեղ եմ ոչ թե որևէ բան սովորեցնելու, այլ սեփական փորձով ձեզ հետ կիսվելու նպատակով:
Ես իսկապես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը: Եթե մարդիկ գեղեցիկ երևալու համար գնում են բրենդային թանկարժեք հագուստ, ապա պլաստիկ վիրաբուժությունը գեղեցկացնում է մարդուն ամբողջ կյանքի համար, սա «հագուստ» է ամբողջ կյանքի համար:
Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև ոլորտում առկա խնդիրները և դրանց լուծման ճանապարհները: Գ. Ստամբոլցյանի խոսքով` հայաստանյան պլաստիկ վիրաբուժությունն իհարկե ունի որոշակի խնդիրներ, ինչպիսիք ունի առողջապահական ցանկացած ոլորտ, սակայն Հայաստանում գործող պլաստիկ վիրաբույժների ասոցացիան բավական լավ է գործում` վերահսկողության առումով և կարծում է, որ հենց ասոցացիաների նեղ վերահսկողության միջոցով միայն նախարարությունը կարող է արդյունավետ աշխատել:
- Գիտեք, պլաստիկ վիրաբուժության մեջ կարևոր է այն գիտակցումը, որ մենք չենք ուզում փոխել մարմինը, տեսակը, մենք պարզապես օգնում են շտկել որոշակի թերություններ: Այստեղ ինձ արդեն շատ հարցերով են դիմել` կոպերի ձևի փոփոխություն, որովայնի առաջնային պատի վիրահատություն, քթի, կրծքագեղձի վիրահատություններ և այլն, - ասում է պրոֆեսոր Օդդենինոն:
Նշենք նաև, որ Ռ. Օդդենինոյի ծառայությունները հայ պացիենտներին կմատուցվեն տեղական գներով:
Աղբյուրը՝ Doctors.am
Նյութը` Ամալյա Գրիգորյանի