1978 թվականին ստեղծվեց հանրապետության առաջին ակնաբուժական կենտրոնը: Տրախոմատոզ-գլաուկոմատոզ անունը կրող դիսպանսերը մի քանի տասնամյակի ընթացքում դարձավ հանրապետության ամենախոշոր ակնաբուժական կենտրոնը՝ իր մեջ ներառելով աչքի հիվանդությունների համալիր բուժման այն բոլոր ուղղությունները, որոնք այսօր կիրառում է ժամանակակից բժշկական աշխարհը: Այս ամենի հիմնաքարը դրեց Սերգեյ Մալայանը, եւ 2003-ից մինչ օրս անկանաբուժական կենտրոնը կրում է իր հիմնադրի անունը: Այս ժամանակից հայկական ակնաբուժության ոլորտը քայլ առ քայլ սկսեց իր զարգացման ճանապարհը:
1983թ.-ին Ակնաբուժական կենտրոնում իր գործունեությունը սկսեց աչքի հանրապետական միկրովիրաբուժական կենտրոնը: Ներդրվեցին աչքի միկրովիրաբուժության առանցքային այնպիսի միջամտություններ, ինչպիսիք են արհեստական ոսպնյակի իմպլանտացիան, կատարակտայի ուլտրաձայնային հեռացման մեթոդը, եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատությունները և ապակենման մարմնի փոխանակումը:
1986թ. Հայաստանում առաջին անգամ Ալեքսանդր Սերգեյի Մալայանը կատարեց հիմնային վիրաբուժական միջամտություններ՝ արհեստական ոսպնյակի իմպլանտացիա, ապակենման մարմնի փոխանակում, արհեստական եղջերաթաղանթի տեղադրում, արցունքապարկի պլաստիկ վիրահատություններ և եղջերաթաղանթի փոխպատվաստում: Այսօր էլ կենտրոնը շարունակում է մնալ միակը Հայաստանում, որտեղ կատարվում է կեռատոպլաստիկան՝ ապահովելով գրեթե 100% արդյունք:
Տարեցտարի ընդլայնելով իր բուժծառայությունների շրջանակը՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը դարձավ նաեւ մեր երկրի կարեւոր բոլոր իրադարձությունների ակտիվ մասնակիցն ու օգնականը: Այդ առումով առավել հիշարժան են Սպիտակի երկրաշարժն ու արցախյան պատերազմը: Երկու դեպքում էլ կենտրոնը հենակետային դեր ուներ ոչ միայն տեսողական օրգանի վնասվածքների, այլեւ ընդհանուր մարմնական վնասվածքների բուժման համար: Այդ նպատակով կենտրոն էին այցելում բազմաթիվ և բազմանդամ խմբեր Ռուսաստանից, ԱՄՆ-ից և այլ երկրներից: Իսկ կենտրոնի բժիշկները մեկնում էին Արցախ ոչ միայն տեղում բուժօգնություն ցուցաբերելու, այլեւ վիրավորներին Երեւան տեղափոխելու նպատակով: Այդ շրջանում հիվանդանոցում բուժվում էին շուրջ 150 ակնային վիրավորումներով զինվորներ:
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնն այսօր հանրապետության ամենամեծ բազմապրոֆիլ ակնաբուժական բուժհաստատությունն է՝ հագեցված ժամանակակից սարքավորումներով, որոնց միջոցով կատարվում է միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն:
2001 թվականին Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը մեկ քայլ առաջ գնաց: Հայաստանում առաջին անգամ Ելենա Մալայանը կատարեց լազերային վիրահատություններ՝ դառնալով այս ճյուղի հիմնադիրը: Լազերային տարբերակով առաջին անգամ կատարվեցին կարճատեսության, հեռատեսության և աստիգմատիզմի լազերային շտկման վիրահատությունները /FRK, LASIK/: 2014 թվականից կենտրոնում հնարավոր դարձավ տեսողության լազերային շտկման նոր եղանակ՝ Ֆեմտո-LASIK:
Չնայած այն հանգամանքին, որ հանրապետությունում հիմնադրվեցին ակնաբուժական նոր կենտրոններ՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը դեռեւս միակն է ոչ միայն երկրում, այլեւ տարածաշրջանում, որտեղ կատարվում են մի շարք միջամտություններ:
Դրանք են.
1. Տարբեր պատճառներից առաջացած լագօֆթալմի /բաց աչք/ պլաստիկա ոսկե լարերի օգնությամբ
2. Պտոզի ուղղում սիլիկոնային լարերով
3. Արցունքատար ուղիների բնածին խցանման ժամանակ կիրառվում է ժամանակակից պլաստիկ վիրահատություն, որի օգնությամբ վերականգնվում է արցունքաուղիների անցանելիությունը
4. Կոպերի բազմաթիվ ախտահարումների ժամանակ, ինչպես բնածին, ուռուցքային, այնպես էլ կոսմետիկ վիճակների պլաստիկ վիրահատական միջամտություններ՝ ժամանակակից նյութերով և տեխնոլոգիաներով
5. Ակնագնդի հեռացում միաժամանկյա պլաստիկ միջամտությամբ, որն ամբողջովին վերացնում է հետվիրահատական կոսմետիկ խանգարումները
6. Արցունքատար ուղիների ռեկոնստրուկցիա սիլիկոնային մոնոկանալիկուլյար իմպլանտացիայով
7. Կեռատոպլաստիկա - եղջերաթաղանթի փոխպատվաստում կեռատոկոնուսի ժամանակ