Կարծո՞ւմ եք՝ մաշկի գլխավոր թշնամին սառնամանիքն է… Սխալվում եք: Ձմռանը մեր մաշկը և մազերը տուժում են ցրտից, քամուց, եղանակի տատանումներից և ջեռուցման արդյունքում փակ տարածքներում օդի չորությունից: Դե ի՞նչ, բավարար պատճառներ են, այնպես չէ՞, որ սկսենք հատուկ խնամք եւ ժամանակ տրամադրել մեր վարսերին ու հատկապես դեմքի մաշկին:
Ընտրելով շամպուն և դեմքի խնամքի միջոցներ, դուք պետք է հաշվի առնեք, որ ձմռանը ձեր դեմքի մաշկը կարող է փոխվել՝ չորանալ, թեփոտել, այս իսկ պատճառով խնամքի պարագաները ևս պետք է տարբեր լինեն: Ձմռանն ամենից շատը տուժում է դեմքի մաշկը՝ կորցնելով խոնավությունը, ինչի արդյունքում դրա պաշտպանիչ գործառույթների արդյունավետությունն ընկնում է: Տաք վայրից ցուրտ տարածության մեջ հայտնվելով՝ մաշկը ջերմային շոկ է ապրում՝ անոթները սեղմվում են, խախտվում է սնուցումը, մաշկը դառնում է չոր, կարմրում է և նոր կնճիռներ են ի հայտ գալիս: Մաշկի սնուցումը ձմռան խնամքի գլխավոր պրոցեդուրաներից պետք է լինի: Չոր մաշկի համար իդեալական են խոնավեցնող քսուկները, որոնք պետք է օգտագործել տանից դուրս գալուց ամենաքիչը 2 ժամ առաջ: Հիշեք, որ շատ տաք ջրից մաշկը թոշնում է, իսկ սառը ջուրը մրսածության աղբյուր է: Ամենաարդյունավետը դեմքը գոլ ջրով լվանալն է: Մաշկի թեփոտման դեմ շատ լավ միջոց է տնային պիլինգը, որը կարող եք իրականացնել սքրաբների միջոցով: Ձմռանը տուժում են նաև շրթունքները: Շուրթերի ճաքերից խուսափելու համար սովորական բալզամ օգտագործեք: Ձմռանը պակաս չեն տուժում նաև մազերը: Ցածր ջերմաստիճանի արդյունքում արյունատար անոթների աշխատանքը խաթարվում է, և գլխում արյան շրջանառությունը դանդաղում է: Իսկ գլխարկները չեն թողոնւմ, որ գլխի մաշկը շնչի, արդյունքում՝ մազերի արմատները դառնում են յուղոտ, իսկ ծայրերը՝ չոր, և հետագայում սկսում են թափվել: Այդ իսկ պատճառով կարևոր է ձմռանն օգտագործել հատուկ վերականգնող շամպուններ, դիմակներ, բալզամներ, որոնք պարունակում են բնական պրոտեիններ:
Աղբյուրը՝ Doctors.am