Նոյեմբերի 13-ը Կույրերի միջազգային օրն է: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս օրը նշում է 1984 թվականից՝ հասարակության ուշադրությունը կույր մարդկանց խնդիրների վերաբերյալ մեծացնելու նպատակով:

Օրվա առիթով Doctors.am-ը ներկայացնում է հայտնի մարդկանց, որոնց կուրությունը չխանգարեց հաջողության հասնել կարիերայում: 

Սթիվի Ուանդեր

Հայտնի ամերիկացի երգիչ եւ երգահան Սթիվի Ուանդերը ի ծնե կույր է, սակայն կուրությունը երբեք խոչընդոտ չի եղել նրա համար: Արդեն ութ տարեկանում Սթիվին կարողանում էր դաշնամուր եւ այլ հարվածային գործիքներ նվագել, իսկ առաջին երգը նա ձայնագրել է 12 տարեկանում: 

Սթիվի Ուանդերը թողարկել է ավելի քան 30 ձայնասկավառակ՝ 25 անգամ արժանանալով «Գրեմմի» հեղինակավոր մրցանակի:

Ռեյ Չարլզ

Ամերիկացի երաժիշտ Ռեյ Չարլզն իր գործունեությամբ ոչ միայն դրական օրինակ է ծառայել կույր մարդկանց համար, այլեւ ճանապարհ բացել աֆրոամերիկացի այլ երաժիշտներին՝ դեպի երաժշտական ինդուստրիա:

Չարլզն ամբողջությամբ կուրացել է յոթ տարեկանում: Նա սովորել է կույրերի համար նախատեսված դպրոցում, սակայն 15 տարեկանում լքել է այն, որպեսզի շարունակի դաշնամուր նվագել ինքնուրույն: Նա առաջին ամֆրոամերիկացիներից է եղել, որի երգերը հնչեցվել են ռադիոյով:

 «Գրեմմի»-ի տասներեքակի դափնեկիրը մահացել է 2004 թվականին:

Անդրեա Բոչելի

Հայտնի իտալացի երգիչ Անդրեա Բոչելին մինչեւ 12 տարեկանը շուրջ 12 վիրահատություն է տարել, բայց նրա տեսողությունն այդպես էլ չի վերականգնվել: Թեեւ Բոչելին երգել սիրում էր դեռ մանկուց, սակայն պատանեկության տարիներին ստիպված էր մի որոշ ժամանակով թողնել երգելը, որպեսզի ընդունվեր Պիզայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ: Բոչելին իրավաբան այդպես էլ չդարձավ, փոխարենը՝ դարձավ Իտալիայի ամենասիրված  եւ ճանաչված ձայներից:

Յոհան Սեբաստիան Բախ

Բախը թեեւ ի ծնե կույր չի եղել, սակայն տարիների ընթացքում աստիճանաբար նրա տեսողութոյւնը վատացել է: Ընկերները կոմպոզիտորին համոզում են վիրահատության դիմել, որը, սակայն, բարեհաջող չի անցնում, եւ արդյունքում Բախն ամբողջովին կուրանում է: Բախի ստեղծագործություններն անմահ են եւ առ այսօր հնչում են աշխարհի տարբեր անկյուններում:

Էրիկ Վայխենմայեր

Էվերեստի գագաթն առաջինը հաղթահարել է կույր ժայռագնաց Էրիկ Վայխենմայերը: Բացի այդ, նա հաղթահարել է աշխարհի մյուս յոթ ամենաբարձր գագաթները, ներառյալ Կիլիմանջարոն եւ Էլբրուսը:

Մարլա Ռանյան

Մարլան առաջին կույր մարզիկն է Օլիմպիական խաղերում: 9 տարեկանում հիվանդության պատճառտով աղջիկը սկսում է կուրանալ: Կուրությունը, սակայն, չի խոչընդոտում նրան 1987 թվականին ընդունվել Սան Դիեգոյի պետական համալսարան, որտեղ ուսանելու տարիներին էլ սկսում է մասնակցել տարբեր սպորտային միջոցառումների: 1992-ի ամառային Պարօլիմպիկ խաղերում նա չորս ոսկե մեդալ է նվաճում, իսկ 1996-ին՝ մեկ ոսկի եւ մեկ արծաթ: 
 


Աղբյուրը՝ Doctors.am