Հղիությանը նախապատրաստվելու և առողջ մանկիկ ունենալու համար ապագա ծնողներին առաջարկում է հինգ խորհուրդ գինեկոլոգ Նարինե Ոսկանյանը:

 

Խորհուրդ առաջին.

Պլանավորեք հղիությունը: Միասին քննարկեք, թե երբ և քանի երեխա եք մտադիր ունենալ: Դա կօգնի ձեզ որոշել հղիությունների միջև ընդմիջումները կամ կանխել հղիությունները, եթե զույգը դեռևս պատրաստ չէ երեխա ունենալ:

Առաջին հղիությունը պլանավորեք 18 տարեկանը լրանալուց հետո: Դեռահաս մայրերի մոտ ավելի հաճախ են հանդիպում հղիության ընթացքի և պտղի զարգացման հետ կապված բարդությունները:

Հղիությունները պլանավորեք երկուսից հինգ տարի ընդմիջումներով: Սա այն օպտիմալ ժամանակահատվածն է, որի ընթացքում կինը կարող է վերականգնել իր ուժերը և՛ հոգեբանորեն, և՛ ֆիզիկապես ու նախապատրաստվել հաջորդ հղիությանը:

Խորհուրդ երկրորդ․

Մինչև հղիանալը միասին այցելեք բժշկի։

Հղիություն պլանավորելուց առնվազն երեք ամիս առաջ այցելեք ձեր ընտանեկան բժշկին և/կամ մանկաբարձ-գինեկոլոգին։ Խորհրդավության ընթացքում բժիշկը կհետաքրքրվի ձեր տարած կամ ներկա հիվանդություններով, կծանոթանա ընտանեկան առողջության պատմությանը, կտեղեկանա ձեր կողմից ընդունվող դեղորայքի մասին և կբացատրի դրանց անվտանգությունը հղիության ժամանակ, անհրաժեշտության դեպքում կկատարի լաբորատոր-գործիքային հետազոտություններ, և այս բոլորի հանրագումարում կգնահատի ձեր առողջական վիճակն ու հղիության ընթացքում սպասվող ռիսկերը։

 Խորհուրդ երրորդ

Ստացեք անհրաժեշտ պատվաստումները։

Մինչև հղիանալն անհրաժեշտ է պարզել, արդյոք ստացե՞լ եք կարմրախտի դեմ պատվաստում (դա կատարվում է 1 և 6 տարեկան հասակում) կամ ձեր կյանքի ընթացքում հիվանդացե՞լ եք այդ հիվանդությամբ ։ Եթե ոչ, ապա պլանավորվող հղիությունից առնվազն 1 ամիս առաջ պետք է ստանալ ԿԿԽ կամ ԿԿ պատվաստանյութ։

Հղիության ժամանակ կարմրախտով հիվանդանալը կարող է պտղի ներարգանադային մահվան, վիժումների, կարմրախտի բնածին համախտանիշի զարգացման պատճառ դառնալ։ Վերջնս արտահայտվում է սրտի բնածին արատով, խլությամբ և կուրությամբ։

 Խորհուրդ չորրորդ․

Վարեք առողջ ապրելակերպ։

Առողջ ապրելակերպի առաջին նախապայմաններից մեկը առողջ սնունդն է։ Դա նշանակում է, որ սնունդը պետք է պարունակի բավարար քանակությամբ սպիտակուցներ, վիտամիններ և միկրոէլեմենտներ (կալցիում, յոդ, երկաթ և այլն)։ Դա կօգնի վերահսկել ձեր քաշը։ Նորմայից բարձր կամ ցածր քաշով կանայք հղիության ընթացքում կարող են ունենալ տարբեր խնդիրներ, օրինակ զարկերակային գերճնշում, այսպես կոչված հղիների դիաբետ, որոնք կբարդացնեն հղիության ընթացքը։

Պետք է սնվել օրական 4-6 անգամ փոքր չափաբաժիններով՝ մինչև 200գ, խմել 2 լ ջուր, սնունդը պետք է լինի հնարավորինս բազմազան, ներառելով ինչպես բուսական, այնպես էլ կենդանական ծագման մթերքներ։

Հղիությունից առնվազն մեկ ամիս առաջ կինը պետք է սկսի ընդունել 400մկգ ֆոլաթթու (վիտ.B9) և շարունակի հղիության առաջին 3 ամիսներին։

Երկրորդ պայմանը ֆիզիկական ակտիվությունն է։ Չափավոր ֆիզիկական վարժությունները ուժեղացնում են մկանները, նպաստում են արյան շրջանառության ակտիվացմանը, թոքերի թթվածնով հագեցմանը, որը շատ կարևոր է ապագա մայրիկին սպասվող լրացուցիչ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը նախապատրաստվելու համար։

Խնամեք ատամները, այցելեք ատամնաբույժին ինչպես հղիանալուց առաջ, այնպես էլ հղիության ընթացքում անհրաժեշտության ծագման դեպքում։ Բերանի խոռոչի բորբոքումները կարող են պատճառ լինել պտղի ներարգանդային վարակների։

Բացառեք վնասակար սովորությունները։ Հրաժարվեք ծխախոտից, ալկոհոլից, մի՜ չարաշահեք սուրճը (օրական 2-3 բաժակից ոչ ավելի)։ Սահմանափակեք շաքար պարունակող մթերքները։

Խորհուրդ հինգերորդ

Խուսափե՛ք շրջակա միջավայրի վտանգավոր գործոններից

Խուսափե՛ք թունավոր, ռադիոակտիվ նյութերի, քիմիկատների, հետ շփումից (միջատների, կրծողների դեմ պայքարի նյութեր, ներկեր, լուծիչներ, որոնք պարունակում են ծանր մետաղներ)՝ հատկապես, եթե դրանց հետ շփումն ունի շարունակական բնույթ՝ ձեր մասնագիտության և աշխատանքի բնույթից ելնելով։ Ցանկալի չէ նաև գիշերային աշխատանքը։ Դուք կարող եք դիմել ձեր գործատուին հղիության փաստի արձանագրումից հետո, որպեսզի ձեզ տեղափոխեն այլ՝ ավելի անվտանգ աշխատանքի՝ պահպանելով ձեր աշխատավարձը։ Սա ամրագրված է աշխատանքային օրենսգրքով։

Եթե պատրաստվում եք կատարել ռենտգեն հետազոտություն, ապա համոզված պետք է լինեք հղիության բացակայության մեջ։ Համակարգչի էկրանի, միկրոալիքների, գերձայնային և ռադիոալիքների ազդեցությունը համեմատաբար անվտանգ է։

Նարինե Ոսկանյանի հետ կապվելու համար՝ +374 93 514 614

Ավելի մանրամասն այստեղ՝ 

https://www.doctors.am/doctor/narine-haykazi-voskanyan