Գրիպը եւ սուր շնչառական վարակները շարունակում են ակտիվորեն տարածվել, ուստի հարկ ենք համարում եւս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ է գրիպն ու ինչպես պաշտպանվել դրանից:
Գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է: Դրա հարուցիչները Ա, Բ եւ Ց տեսակի վիրուսներն են։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, որը շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչ լրիվ ապաքինումը։
Գրիպի հարուցիչն ախտահարում է շնչուղիների լորձաթաղանթը, որտեղից լորձի փոքրիկ մասնիկները վիրուսի հետ միասին հազալու, փռշտալու եւ խոսելու ժամանակ արտազատվում են արտաքին միջավայր եւ վարակում շրջապատի մարդկանց։
Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի անձինք, քանի որ վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է, իսկ հիվանդությունից հետո ձեռք բերված իմունիտետը թուլանում է՝ վիրուսի նոր հատկություններ ձեռք բերելու հետեւանքով:
Գրիպի հիմնական ախտանշաններն են՝
• ջերմություն (39-40°)
• հազ
• կոկորդի ցավ
• մարմնի ջարդվածության զգացողություն
• հոգնածություն
• գլխացավ
Գրիպով չհիվանդանալու եւ առողջ մարդկանց չվարակելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հետեւել վարվեցողության կանոններին՝
- եթե հիվանդ եք, մնացե´ք տանը,
- եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապեւտին կամ ընտանեկան բժշկին
- մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ եւ մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
- հնարավորության սահմաններում զերծ մնացեք շփումներից. անգամ մեկ համբույրը կարող է պատճառ դառնալ գրիպով վարակվելուն,
- հնարավորինս քիչ մասնակցեք զանգվածային միջոցառումների,
- բացառեք հոսպիտալացված հիվանդներին, հարազատներին տեսակցությունները, քանի որ գրիպը եւ սուր շնչառական վարակները տարածվում են օդակաթիլային ճանապարհով եւ անգամ մեկ հիվանդը բավական է շրջապատի առողջ մարդկանց վարակելու համար,
-հագնվեք եղանակին համապատասխան,
- հաճախակի օդափոխեք փակ տարածքները,
- հնարավորինս շատ հեղուկ օգտագործեք,
- պահպանեք հազի եւ փռշտալու վարվելակարգը,
- եթե պատկանում եք ռիսկի խմբին, ապա անհրաժեշտ է պատվաստվել գրիպի դեմ,
- հետեւեք անձնական հիգիենային: