Ամռանը սննդային թունավորումները եւ աղիքային վարակիչ հիվանդությունները գլուխ են բարձրացնում՝ հաճախ սննդամթերքի պահպանման եւ օգտագործման տարրական  կանոնները խախտելու արդյունքում:

Ահա մի քանի խորհուրդ՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից, թե ինչպես պահպանել սննդամթերքը, որպեսզի խուսափեք վերը նծված խնդիրներից.

1. Մրգերը, բանջարեղենը, հատապտուղները օգտագործելուց առաջ լավ լվանալ հոսող մաքուր ջրով:

2. Չօգտագործել տնային պայմաններում պատրաստվող եւ շուտ փչացող սննդամթերք, հում մթերքներից պատրաստվող սոուսներ, աղցաններ:

3. Սննդամթերքը պահել փակ տարաներում՝ ճանճերի կողմից աղտոտումը կանխարգելելու նպատակով, ինչպես նաեւ՝ պատշաճ ջերմային պայմաններում:

4. Ընտրել թարմ, ոչ ժամկետանց սննդամթերք:

5. Չգնել արտաքին միջավայրի գործոնների՝ արեւի ճառագայթների եւ մթնոլորտային տեղումների, ինչպես նաեւ փոշու, ավտոտրանսպորտի արտանետումների անմիջական ազդեցության ներքո գտնվող մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում բացօթյա պայմաններում պատրաստվող եւ վաճառվող, պատրաստման եւ պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերք` միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, կրեմային հրուշակեղեն, ձու, ձկնեղեն, թարմ ձկնկիթ, պահածոյացված սննդատեսակներ, կարկանդակներ, փքաբլիթներ, խորոված, քաբաբ եւ այլն:

6. Ընդհանրապես բացառել կրեմային հրուշակեղենի օգտագործումը, չգնել տեղում պատրաստվող լցնովի պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր:

7. Առանձնացնել հում սննդամթերքը եփածից, ինչպես նաեւ սննդի պատրաստման ժամանակ հում եւ պատրաստի մթերքի համար օգտագործել առանձին խոհարարական պարագաներ՝ դանակներ, ափսեներ, տախտակներ: Շատ կարեւոր է հետեւել, որպեսզի մսամթերքից եւ այլ հում մթերքից հոսող հեղուկը չաղտոտի պատրաստի սննդատեսակները (աղցաններ, միրգ եւ բանջարեղեն եւ այլն):

8. Սնունդը լավ եփել կամ տապակել` առնվազն 700C պայմաններում:

9. Պատահական վայերից սունկ չգնել: Գնված սունկը լվանալիս պետք է լինել ուշադիր եւ չօգտագործել արտաքին տեսքը լրիվ կամ մասնակի փոխած մթերք:

10. Հետեւել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի, յուրաքանչյուր անգամ սնունդ պատրաստելուց եւ ուտելուց առաջ, զուգարանից օգտվելուց հետո։