Ոչ միայն տեսական գիտելիքներ, այլեւ պրակտիկ հմտություններ. մայիսի 3-ին Երեւանում կայացավ «Ֆորմեդ» ընկերության սեմինարը՝ նվիրված մաշկի երիտասարդացման ինովացիոն լուծումներին:
Ընկերության հրավերով Հայաստան էր ժամանել մաշկաբանական վիրաբուժության եւ էսթետիկ բժշկության ոլորտի որակավորված մասնագետ, ազգային եւ միջազգային կոնգրեսների խոսնակ, բժշկական գիտությունների դոկտոր Ելենա Ռումյանցեւան (Ֆրանսիա), որը դասախոսություն կարդաց «Ֆիզիոլոգիական մինիմալ ինվազիվ միջամտությամբ վերահսկվող մաշկի երիտասարդացման կոնցեպցիա» թեմայով, ինչպես նաեւ վարպետության դաս անցկացրեց սեմինարի մասնակիցների համար:
Doctors.am-ի հետ զրույցում Ե. Ռումյանցեւան նշեց, որ վերջին անգամ Երեւանում եղել է 11 տարի առաջ, եւ հիմա մեծ ուրախությամբ է հյուընկալվել մեր մայրաքաղաքում.
«Ինձ համար մեծ ուրախություն է տեսնել այս քանակի մասնագետների մասնակցությունն իմ սեմինարին: Այսօր ներկայացրեցի ամինաթթվային փոխարինող թերապիայի ժամանակ ամինաթթվային պրեպարատների հետ աշխատանքի ինովացիոն տեխնիկան՝ համադրելով այն թրոմբոցիտներով հարուստ պլազմայի, թելային լիֆթինգի հետ, բոտուլինային նեյրոպրոտեինով կամ բոտուլինային տոքսինով, նաեւ խոսեցի այն մասին, թե ինչպես պահպանել դեմքի երիտասարդությունը՝ յուրաքանչյուր տարիքի պացիենտի դեպքում: Համոզված եմ, որ այստեղ ներկա մասնագետները հաջողությամբ կկիրառեն ստացած գիտելիքները՝ թույլ տալով իրենց պացիենտներին մնալ երիտասարդ եւ գեղեցիկ»:
Մեզ հետ զրույցում «Ֆորմեդ» ընկերության հիմնադիր Լեւոն Սիմոնյանը նշեց, որ սա սեմինարների անցկացման իրենց առաջին փորձն է, որը սկզիբ է դնում «Ֆորմեդ»-ի ակադեմիայի աշխատանքներին.
«Ելենա Ռումյանցեւան համաշխարհային պլատֆորմում հայտնի խոսնակ եւ բժիշկ է, այդ իսկ պատճառով որոշեցինք, որ հենց նա պետք է լինի մեր առաջին հյուրը: Ի դեպ, նա նաեւ ներկայացնում է Professional Derma® SA ընկերությունը (Jalupro® & Jalupro® HMW), որի էքսկլյուզիվ դիստրիբյուտորը Հայաստանում հանդիսանում է «Ֆորմեդ» ընկերությունը:
Առաջիկայում եւս պատրաստվում ենք նմանատիպ սեմինարներ եւ վեբինարներ կազմակերպել՝ հրավիրելով թե՛ հայ, թե՛ ԱՊՀ, թե՛ աշխարհի առաջատար մասնագետներին: Պատրաստվում ենք հիմք դնել մի յուրահատուկ ակադեմիայի, որի միջոցով համաշխարհային փորձը կբերենք Հայաստան: Մեր ընկերության առաքելությունն է բարելավել հայաստանյան կոսմետոլոգիայի շուկան, բարձրացնել այն նոր՝ միջազգային մակարդակի»,- ասաց Սիմոնյանը եւ ընդգծեց՝շուտով «Ֆորմեդ» ընկերությունն այլ համաշխարհային ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը կդառնա:
«Մեդէսթ» կլինիկայի գլխավոր բժիշկ Մարինա Շիշմանյանը կոորդինացնում է «Ֆորմեդ»-ի սեմինարների կազմակերպման գործընթացը: Մեզ հետ զրույցում նա ասաց.
««Ֆորմեդ»-ը երիտասարդ, ամբիցիոզ ընկերություն է, որը նոր է եկել Հայաստանի շուկա, եւ ներկայացնում է սերտիֆիկացված պրեպարատներ: Որպես էսթետիկ ոլորտում տարիների փորձ ունեցող անձ, ես նույնպես նախապատվությունը տալիս եմ նման պրեպարատներին»:
Խոսելով հրավիրված մասնագետի մասին, Մ. Շիշմանյանը նշեց, որ Ելենա Ռումյանցեւան միջազգային խոսնակ է եւ սեմինարներ է վարում ամբողջ աշխարհի հարթակներում.
«Կարծում եմ՝ մեծ հաջողություն է, որ Ելենան համաձայնել է գալ Երեւան եւ անցկացնել այս ուսուցողական սեմինարը հայ բժիշկների համար»,- եզրափակեց նա:
Մենք զրուցեցինք նաեւ սեմինարի մասնակիցների հետ, որոնք տպավորված էին թե՛ կազմակերպչական բարձր մակարդակով, թե՛ հրավիրված մասնագետի պրոֆեսիոնալիզմով:
«Շատ եմ մասնակցում նմանատիպ սեմինարների, բայց միշտ չէ, որ դրանք իրական գիտելիք են տալիս, իսկ այս դեպքում հակառակն է: Հիացած եմ, թե որքան գրագետ է խոսնակը ներկայացնում նյութը: Նախկինում դրական կարծիքներ էի լսել «Ֆորմեդ» ընկերության մասին, բայց չէի պատկերացնի, որ ամեն բան այսքան բարձր մակարդակով կանցկացվի»,- մեզ հետ զրույցում նշեց բժիշկ-կոսմետոլոգ Լառա Կոտինյանը:
Բժիշկ-դերմատոլոգ Ռեգինա Վարդանյանն էլ հավելեց, որ սեմինարը եղած գիտելիքների թարմացման եւ նոր գիտելիքների ձեռքբերման հիանալի առիթ էր.
«Միշտ էլ հետաքրքիր է իմանալ, թե դրսում մասնագետներն ինչպես են աշխատում, ինչ պրեպարատներ են օգտագործում: Նման սեմինարները թույլ են տալիս ծանոթանալ շուկայի նորույթներին եւ աշխատանքի կատարման նոր եղանակներին»,- ասաց նա:
Աղբյուրը՝ Doctors.am
Տեքստը՝ Շուշան Շատիկյանի
Լուսանկարները՝ Արման Պապիկյանի