Հոկտեմբերի 17-ին Նկարիչների միության շենքում, «ԳՈՅ» հոգեբանական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ֆոտոթերապիա» կորպորատիվ ցուցահանդես-վաճառքը: Ցուցահանդեսի հիմնական նպատակը զարգացման խնդիրներ ունեցող երեխաների խնդիրների բարձրաձայնումը և ֆոտոթերապիա ուղղության ներմուծումն է: 

- Լուսանկարների համար ընտրվել են միջինացված գներ՝ 5000 և 3000 դրամ: Ցուցահանդեսն ունի նաև բարեգործական բնույթ: Հասույթի մի մասը կտրամադրվի «Արմենակ և Աննա Թադեոսեանների» բժշկական կենտրոնի մանկական վերականգնողական կենտրոնին կամ գումարի, կամ գեղեցիկ միջոցառման տեսքով, ինչը երեխաների համար զարգացնող բնույթ ունի: Ցուցահանդեսի համար ընտրվել են հայ լուսանկարիչների աշխատանքներ: Այս քայլով նպատակ ենք ունեցել հանրությանը ծանոթացնել նաև հայ լուսանկարչական արվեստին: Լուսանկարներում արծարծվում են սոցիալական տարբեր խնդիրներ,- ասում է «ԳՈՅ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-տնօրեն Հասմիկ Հակոբյանը:

Ֆոտոթերապիան համարվում է արտ-թերապիայի տեսակներից մեկը: 
Այս կերպ նկարն օգտագործվում է  որպես հոգեբանական խորհրդատվության գործիք:
Ֆոտոթերապիան կիրառվում է նևրոզների, դեպրեսիաների, վախերի, ֆոբիաների, ինչպես նաև հոգեսոմատիկ հիվանդությունների բուժման նպատակով, ինչպես նաև օգնում է մարդկանց ձեռք բերել ինքնավստահություն և ազատվել հոգեկան լարվածությունից: Այս մեթոդը կիրառվում է թե՛ երեխաների, թե՛ մեծահասակների հետ աշխատելիս:
 
- Ֆոտոթերապիան մեր երկրում դեռ զարգացած ուղղություն չէ, և այս ցուցահանդեսով կարելի է ասել, որ սկիզբ ենք դնում այս ուղղության կիրառմանը հոգեբանության տարբեր ոլորտներում,- ասում է «ԳՈՅ» հոգեբանական կենտրոնի գլխավոր մասնագետ Սուսաննա Ավետիսյանը:
 
Ֆոտոթերապիայի առավելություններից մեկն այն է, որ շատ դեպքերում այն ավելի դյուրին է դարձնում հոգեբանական քննարկումները, օգնում է այցելուին անկաշկանդ արտահայտել սեփական մտքերը, ապրումներն ու մտատանջությունները: 
 
- Մեր կենտրոնում տիրում է հոգատարության և բարության մի այնպիսի միջավայր, որտեղ մոռանում ես առօրյա բոլոր խնդիրները: Կենտրոնի աշխատանքի մեջ կարևորում եմ հատկապես այն սկզբունքը, որ մասնագետներն աշխատում են ոչ միայն երեխայի, այլ նաև ընտանիքի անդամների, ծնողների հետ, սա բացառիկ վերականգնողական կենտրոն է այս առումով: Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը, որն իսկապես բարձրաձայնում է խնդիրը,- ասում է «Արմենակ և Աննա Թադեոսեանների» բժշկական կենտրոնի կամավոր հոգեբան Անդրանիկ Բաբայանը:
 
 
Ֆոտոթերապիայի ընթացքում հոգեթերապևտը նկարների միջոցով կարող է պարզել, թե ինչպե՞ս և կյանքի ո՞ր փուլում են սկսվել անձի հոգեբանական խնդիրները, ինչպես նաև հասկանալ, թե ինչպիսի՞ փոխհարաբերությունների մեջ է գտնվում այցելուն իր ընտանիքի անդամների, ընկերների և առհասարակ շրջապատի հետ:
 
 
 
 
 
 
 
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Աղբյուրը՝ Doctors.am