Գաստրոէնտերիտը աղիքային վարակի հետևանքով առաջացած հիվանդություն է, որն ուղեկցվում է հաճախացած ջրիկ կղանքով (լուծ) և փսխումներով։

Գաստրոէնտերիտը հաճախ է հանդիպում մանկական հասակում, և պատճառը հիմնականում վիրուսներն են (ռոտավիրուս, ադենովիրուս, նորովիրուս․․․)։ Ավելի հազվադեպ կարող են պատճառ հանդիսանալ բակտերիաները,  ինչպիսիք են սալմոնելան, շիգելան, կամպիլիբակտերը և ուրիշներ։ Վերջինների ժամանակ լուծը կարող է լինել արյունային և ուղեկցվել արտահայտված որովայնացավերով և «կեղծ կղազատումներով»՝ տենեզմներով։

Երեխան կարող է վարակվել սննդամթերքից, ջրից, ինչպես նաև հիվանդ մարդու հետ սերտ շփման ժամանակ։ Կրծքի հասակի երեխանը ավելի ծանր են տանում գաստրոէնտերիտը, քանի որ շատ արագ ջրազրկվում են։


Տնային խնամք

Ամենակարևոր բուժումը՝  երեխային բավարար չափով հեղուկներ տալն է, ինչը լրացնում է լուծի և փսխումների միջոցով կորցրած հեղուկը: Կրծքի հասակի երեխաներն այդ առումով ավելի վտանգված են:

Երեխաների մեծ մասը նույնիսկ փորլուծության ընթացքում ի վիճակի են շարունակել ուտել, ինչպես նաև կաթ կամ ադապտացված կաթնախառնուրդ օգտագործել։ Սակայն, եթե երեխան կաթ խմելուց հետո վքնածություն է ունենում, կամ փորլուծությունը ավելի արտահայտված է դառնում, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ սննդակարգի կարճատև փոփոխության համար։

Ի՞նչ անել

Կարևոր է հետևել ջրազրկման նշաններին, որոնք առաջանում են, եթե երեխան շատ հեղուկ է կորցնում։

Միջին կամ ծանր աստիճանի ջրազրկման պարագայում բուժումը սկսվում է բերանացի եղանակով՝ հատուկ դեղատնային լուծույթով՝ ինչպիսիք են Ռեհիդրոնը կամ Ռեհիդ Սուլյուշնը (Rehyd solution), քանի որ պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ բոլոր աղերը և շաքարները:

Եթե երեխան բացառապես կրծքով է կերակրվում, ապա շարունակեք կրծքով կերակրումը, հաճախակի, քանի որ սովորաբար այս ճանապարհով հնարավոր է լինում կանխել ջրազրկումը։

Եթե փսխումները դադարել են, շարունակեք կերակրել երեխային՝ տալով ավելի փոքր ծավալի ուտելիք, սակայն ավելի հաճախակի։

Եթե Ձեր երեխան արդեն 12-24 ժամ էլեկտրոլիտային լուծույթ է խմել և փորլուծությունը նահանջում է, կարող եք աստիճանաբար ընդլայնել սննդակարգը՝ վերադառնալով նախկին սննդակարգին։

Սովորաբար սննդային երկարատև սահմանափակումների կարիք չի լինում, 12-24 ժամ անց սնունդը վերսկսելու նպատակն է վերականգնել երեխայի կորցրած ուժերը։

Գաստրոէնտերիտով երեխան վարակիչ է, ուստի հաճախ լվացեք ձեր ձեռքերը օճառով, առանձնացրեք երեխայի սպասքը, խուսափեք երեխային մանկապարտեզ կամ այլ մարդաշատ վայրեր տանելուց, վարակի տարածումը կանխելու նպատակով։ Հիվանդության հարուցչի հայտնաբերման նպատակով բժիշկը կարող է նշանակել կղանքի քննություն՝ հետագա հակաբիոտիկով բուժման անհրաժեշտությունը պարզելու համար։

Ծանր դեպքերում ցուցված է հիվանդանոցային բուժում՝ ջրազրկումը ներերակային կամ զոնդի միջոցով լրացնելու նպատակով։

Ճանաչե՛ք ջրազրկման նշանները

Միջին աստիճանի ջրազրկման նշաններն են՝

  • Սովորականից պասիվ է, քիչ է խաղում
  • Բերանի, լեզվի չորություն
  • Լացի ժամանակ քիչ արցունք
  • Գաղթունի ներանկում
  • Մեզի քանակը քչացել է (կրծքահասակ երեխայի համար  6 տակդիրից քիչ)


Ծանր ջրազրկում  (վերը նշված գանգատները և )

  • արտահայտված քնկոտություն
  • թուլություն
  • ներընկած աչքեր
  • սառը, գունատ վերջույթներ
  • կնճռոտված մաշկ
  • միզել է 1 կամ 2 անգամ


Եթե ջրազրկումը պայմանավորված է փորլուծությամբ, ապա երեխայի կղանքը ջրիկ կլինի, իսկ եթե այլ պատճառով՝ օրինակ փսխում, հեղուկների քիչ ընդունում, տենդ, ապա աղիները կարող են ուշ գործել կամ փորկապություն դիտվել։

Որո՞նք են վտանգի նշանները

Անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալ վտանգի ախտանշաններին, որոնց դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի․

Վերը նշված ջրազրկման նշանները

  • 24-48 ժամից ավելի պահպանվող տենդը
  • 12-24 ժամից ավել պահպանվող փսխումները
  • Փսխման զնգվածում կանաչ պարունակությւոնը, արյան թելիկներ կամ սրճանման զանգվածի  առկայությունը
  • Որովայնի փքվածությունը
  • Արտահայտված որովայնացավը  
  • Ցանը կան դեղնուկը  (մաշկի/ աչքերի դեղնությունը)
  • Կղանքում արյան առկայությունը


Եթե երեխան այլ ուղեկցող խնդիր ունի կամ որևէ դեղամիջոց  է ընդունում և առաջացել է փորլուծություն, անպայման խորհրդակցեք մանկաբույժի հետ։

Չի՛ կարելի

  • Տնային պայմաններում պատրաստել անհայտ բաղադրությամբ ջրա-աղային լուծույթներ
  • Երեխային քաղցած պահել՝ սահմանափակող սննդակարգ սահմանել
  • Հակալուծային դեղամիջոցներ կիրառել
  • Առանց բժշկի նշանակման հակաբիոտիկներ օգտագործել
  • Հոգնաներ կատարել
  • Աղային լուծույթները նախատեսվածց ավելի խիտ կամ նոսր պատրաստել։