Գիտնականները վաղուց են խոսում այն մասին, որ գինու չափավոր օգտագործումը պաշտպանում է սիրտ-անոթային հիվանդություններից: Այն բարձրացնում է «լավ» խոլեստերինի մակարդակը (բարձր խտության լիպոպրոտեին), գրում է Science World Report-ը: Սրտաբանների եվրոպական ընկերության գիտնականների կողմից կատարված նոր հետազոտությանը մասնակցել են սիրտ-անոթային հիվանդության զարգացման թեթև և միջին աստիճանի զարգացման ռիսկային խմբում գտնվող 146 մարդ:
Կամավորներին ըստ ցանկության բաժանել են խմբերի: Խմբերից մեկի մասնակիցները պետք է մեկ տարվա ընթացքում չափավոր օգտագործեին սպիտակ, իսկ մյուսը՝ կարմիր գինի: Հետազոտվել է գինու օգտագործման ազդեցությունն ատերոսկլերոզի (լիպիդային փոխանակման խախտման արդյունքում առաջացող անոթների խրոնիկ հիվանդություն) մարկերի վրա:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով՝ գինու չափավոր օգտագործումը ենթադրում է 0,2 լ գինի կանանց համար և 0,3 լ գինի տղամարդկանց համար՝ շաբաթական հինգ անգամից ոչ ավելի: Մասնակիցները հետևում էին իրենց սովորական սննդակարգին: Նրանք պետք է ամրագրերին գինու և այլ ալկոհոլային խմիչքների օգտագործումը, դեղամիջոցների ընդունումը, ինչպես նաև ֆիզիկական ծանրաբեռնվածության տեսակները: Որպեսզի հաստատեն, որ նրանք գինի են խմել, կամավորները պետք է հետազոտության վերջում վերադարձնեին գինու շշերի խցանները:
Մեկ տարի հետո «լավ» խոլեստերինի մակարդակը խմբերից ոչ մեկում որևէ փոփոխության չի ենթարկվել: «Վատ» խոլեստերինի (ցածր խտության լիպոպրոտեիններ) մակարդակը երկու խմբում էլ նվազել է: Խոլեստերինը ընդհանուր մակարդակը նվազել էր միայն այն խմբում, որի մասնակիցները խմել էին կարմիր գինի: Սիրտ-անոթային հիվանդություններից պաշտպանության հիմնական ցուցանիշը համարվում է «լավ» խոլեստերինի մակարդակի բարձրացումը: Գինու օգտագործմամբ պայմանավորված՝ այս ազդեցությունը հայտնաբերվել է միայն այն մարդկանց մոտ, ովքեր ժամանակ էին հատկացրել ֆիզիկական վարժություններին:
Բացի այդ, անկախ այն բանից, թե ինչ գինի էին խմել, այս մարդկանց մոտ նվազել էր «վատ» խոլեստերինի և ընդհանուր խոլեստերինի մակարդակը: Այսպիսով՝ էթիլային սպիրտի փոքր չափաբաժնի համակցումը ֆիզիկական վարժությունների հետ կարող է պաշտպանել սիրտ-անոթային հիվանդություններից: Ապագայում հետազոտողները նախատեսում են ուսումնասիրել կարմիր գինու օգտագործման ազդեցությունը սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկային խմբում գտնվող և ֆիզիկական ցածր ակտիվություն ունեցող հիվանդների աթերոսկլերոզի մարկերների վրա:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Scienceworldreport.com